Ավստրական der Standard-ից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 1-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Ավստրիայի մասնաճյուղը հաղորդել է, թե Մամուլի ազատության 12 000 եվրո մրցանակը (Press Freedom Award) 9-րդ անգամ հանձնվելու է ադրբեջանցի ազատազրկված երկու լրագրողներիՙ Գանիմաթ Զահիդովին եւ Եվնուլլա Ֆաթուլլաեւին։Ադրբեջանցի լրագրողներին պարգեւը տրվել է քաջության համար, որ արտահայտել են իրենց հրապարակած հետաքննություններում ու քննադատական հոդվածներում։ Նրանց թեկնածությունն առաջադրել է ԵԱՀԿ-ից Միկլոշ Հարաշդին, ով բանտում տեսակցել է լրագրողներին։
Գնահատանքի է արժանացել նաեւ Հայաստանը ներկայցնող Մարիաննա Գրիգորյանը եւ վրացական «Բաթումելիբի» թերթը։Գրիգորյանին ժյուրին մրցանակով է պատվել իր հայրենիքի մասին գրած մի համարձակ վերլուծականի համար, իսկ վրացական թերթինՙ կանանց դեմ կատարված հանցագործությունները դատական ռեպորտաժների միջոցով լուսաբանելու, ինչպես նաեւ զինվորների կտտանքների մասին պատմող հրապարակումների համար։
Առաջին անգամ է, որ Մամուլի ազատության մրցանակը ազատազրկված լրագրողներ են ստանում, հաղորդել է ժյուրինՙ հիշեցնելովՙ ազատության եւ ժողովրդավարության հիմքը համարձակ եւ անկախ լրագրությունն է։
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա