«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅ ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐԵՐՆ ԵՆ

«Ազգը» երեկ գրեց սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մոսկվայի Ցարիցինո միկրոշրջանում պատահած զանգվածային ծեծկռտուքի եւ 5 վիրավորների մասին: «Կոմսոմոլսկայա պրավդան» հոկտեմբերի 1-ի համարում հաղորդում է հավելյալ մանրամասնություններ:

Պարզվում է, որ ծեծկռտուքին մասնակցել են Տովարիշչեսկայա փողոցում գտնվող երեք մրցակից սրճարանների հայ սեփականատերերը: Նրանք վիճել են հարսանիքի պատճառով, որ ուզում էր կազմակերպել մի կովկասցի: Սրճարանատերերից երկուսը պայմանավորվել էին գինը որոշակի մակարդակից չիջեցնել, իսկ երրորդն ավելի էր իջեցրել գինը ու ստացել էր հարսանիքի անցկացման պատվերը: Առաջին երկուսը մեղադրել էին երրորդին, վեճը վերաճել էր մոտ 50 մասնակիցների փողոցային բախումների: Գործի էին դրվել բեյսբոլի մահակներ, դանակներ, տրավմատիկ եւ մարտական ատրճանակներ:

ՌԻԱ գործակալությանը հայտնի են դարձել 5 վիրավորների անունները. 32-ամյա Մամեդով, 27-ամյա Մելքոնյան, 23-ամյա Մկրտչյան, 21-ամյա Խաչատրյան, 20-ամյա Սիմոնյան: Նրանցից մեկը Հյուսիսային Կովկասից է, մյուսները ՀՀ քաղաքացիներ են: Վիրավորներից երկուսի վիճակը շատ ծանր է, իսկ մյուսները հրաժարվում են համագործակցել ոստիկանության հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4