«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը Ստեփանակերտում ԼՂ նախագահ Բակո Սահակյանին եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին հանդիպելուց հետո պատասխանել են լրագրողների հարցերին: Յուրի Մերզլյակովն ասել է, որ կարգավորման հիմնական հարցերն արդեն հստակեցվել ու համաձայնեցվել են` առանց պարզաբանելու, թե ինչի՞ մասին է խոսքը:

Երեք համանախագահներն էլ վերստին պնդել են, որ հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն ղարաբաղյան կարգավորման հետ:

Բեռնար Ֆասիեն պարզաբանել է ԼՂ-ի` բանակցային գործընթաց վերադառնալու դիտարկումը` համարելով դա դժվարին հարց, որը միայն համանախագահներից չի կախված. «Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են նախկինում, դուք հրաշալի գիտեք, որ դա դադարեց հայկական կողմի որոշման հետեւանքով», ասել է նա` ավելացնելով, որ դա այժմ այլեւս միայն հայկական կողմից չէ կախված, այլ նաեւ ադրբեջանականից: Իսկ Յուրի Մերզլյակովն էլ ավելացրել է, թե այդ պահը, եթե ավելի շուտ չլինի, ապա կլինի համաձայնագրի մշակման ժամանակ, դա լինելու է հիմնախնդրի խաղաղ կարգավորման համաձայնագիր, որը վերաբերելու է Ղարաբաղի կարգավիճակին ու ԼՂ ժողովրդի կյանքին, եւ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության այդպիսի համաձայնագիր մշակել հնարավոր չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4