«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


ՀԱՊԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28ին ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Սեպտեմբերի 29-ին պատվիրակությունը Բրեստում մասնակցել է «Արեւմուտք-2009» օպերատիվ ռազմավարական զորավարժություններին:

Զորավարժությունների բացումը կատարել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Սեպտեմբերի 30-ին Բրեստում կայացել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նեղ կազմով նիստը, որին հետեւել է ընդլայնված կազմով նիստը:

Քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերի համատեղմանը վերաբերող հարցեր:

Հայկական պատվիրակությունը երեք առաջարկություն է ներկայացրել, որոնք ընդունվել են միաձայն եւ ամրագրվել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի որոշումներում: Մասնավորապես` Արթուր Բաղդասարյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին հանձնարարվել է հերթական նիստի ժամանակ քննարկել ռազմատնտեսական համագործակցության հարցերը, պատրաստել փաստաթղթերի փաթեթ, որոնցով կնախանշվեն համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մեխանիզմները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում կան մեծ թվով ձեռնարկություններ, որոնք շահագրգիռ են իրականացնել երկկողմ տնտեսական համագործակցություն, խթանել համատեղ արտադրությունը` զարգացնելու ռազմաարդյունաբերական համալիրը:

Հայկական կողմն առաջարկել է նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներում համակարգված տեղեկատվական քաղաքականության ձեւավորման ուղղությամբ գործնական քայլեր կատարել: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն մշակվել եւ հավանության է արժանացել տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Տեղեկատվական անվտանգության համակարգը զարգացնելու համար անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել միասնական ծրագիր, որը ենթադրում է տեխնիկական պաշտպանվածության լրացուցիչ երաշխիքներ:

Երրորդ առաջարկը վերաբերել է ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ուղղությամբ ջանքերը համատեղելուն: Որոշվել է մշակել միջպետական նպատակային ծրագիր, որը հնարավորություն կտա պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության համակարգի կադրերին` վերապատրաստում անցնել ՀԱՊԿ շրջանակում:

Հայկական կողմի առաջարկով նիստում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությանը հանձնարարվել է մշակել միջպետական նպատակային ծրագիր:

Հոկտեմբերի 1-ին պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4