Այս վերնագիրն է կրում շվեյցարական «Դեր Բունդ» թերթի սեպտեմբեր 30-ի հրապարակումը: Սոնյա Ցեկրին, վերլուծելով Բրյուսելում ներկայացված զեկույցը, գրում էՙ արդյունքն անակնկալ չէր Վրաստանի համար, կամ եթե էրՙ միգուցե նվազագույն չափով: Հարավային Օսիայի 5-օրյա պատերազմում Վրաստանի նախագահ Սաակաշվիլին օգոստոսի 7-8-ի գիշերը իր զորքերին արտոնեց գրոհել: Ռուսական տանկային շարասյուն չկար, որ դեպի Ցխինվալ կամ Թբիլիսի էր շարժվում: Նույնիսկ Վրաստանի վրա հարձակվելու ռուսական հստակ ծրագիր չկար: Սաակաշվիլուՙ գիշերով Ցխինվալի վրա հարձակումն իբրեւ ինքնապաշտպանական ժեստ, սուտ դուրս եկավ: Մոսկվան սրա մասին միշտ իրազեկում էր, բայց հենց սկզբիցՙ ով ուզեցել է իմանալ, տեղյակ է եղելՙ փաստը գաղտնի չի մնացել: Իսկ հիմա անկախ զեկույցն էլ գրում է դրա մասին, պնդում է վերլուծականը:
Այնուհետեւ «Դեր Բունդ»-ի հեղինակը ներկայացնում է Ռուսաստանի կողմից «օբյեկտիվ» գնահատականին արժանացած զեկույցի նաեւ մյուս կողմըՙ պատերազմին նաեւ ռուսների մասնակցությունըՙ նրանց կողմից Հարավային Օսիան նպատակային ապակայունացնելը, զանգվածաբար ռուսական անձնագրեր բաժանելով վրացական պետականությանը հարվածելը, Վրաստանի տարածքում խորանալը, այնտեղ երկար մնալը, վրացական գյուղերում էթնիկ զտում հանդուրժելը: Վերջում վրաց քաղաքացիական բնակչության զոհերի թիվն ավելի մեծ էր, քան հարավօսականը, եզրակացնում է հեղինակը ու շարունակումՙ Մոսկվան իրավունք ուներ պաշտպանելու իր խաղաղապահներին, բայց նրա պատասխանը «մարդասիրական ակցիա» չի կարելի բնութագրել, այլՙ էսկալացիա, ընդհուպՙ միջազգային իրավունքի խախտում: Օգոստոսից պարզ դարձավ, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամակցության հույսը երկար ժամանակ թաղեց, ոչ էլ մեծ հնարավորություն ունեցավ անջատված Աբխազիան ու Հարավային Օսիան նորից իր պետական միավորները դարձնելու: Միլիարդների հասնող օգնությունների շնորհիվ Վրաստանն այսօր տնտեսապես առավել բարվոք վիճակում է, քան Ռուսաստանը, եւ վստահ կարելի է ասել, թե ավելի լավ է, քան ցայսօր ավերված ու կոռուպցիայից հաշմված Հարավային Օսիան: Բայց քաղաքականապես Վրաստանն ամեն ինչ կորցրել էՙ նաեւ տարածաշրջանային համեմատության մեջ: Հայաստանի եւ Թուրքիայի, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը վերջին տարիների համեմատ ակնհայտ թուլացել է, հաղորդում է շվեյցարական թերթը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա