«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


ՍՄԻՌՆՈՎ. «ՄԵՐՁԴՆԵՍՏՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիռնովը Տիրասպոլում կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ մերձենալ Մոլդավայի հետ ու պատրաստ է մտնել Ռուսաստանի կազմի մեջ:

Սմիռնովի խոսքերով, Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունը նոր նախագահի ընտրությունից հետո կբանակցի Քիշնեւի հետ` հաշվի առնելով 2006 թ. հանրաքվեի արդյունքները: ՀըԽ գործակալությունը հիշեցնում է, որ այն ժամանակ Մերձդնեստրի բնակիչների 97,2 տոկոսը քվեարկեց անկախանալու եւ հետագայում Ռուսաստանին միանալու օգտին:

Ըստ Սմիռնովի, Մոլդավայում աջերի հաղթանակից հետո ծագել է ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման նոր ալիքի վտանգ: Մերձդնեստրի ղեկավարն ասել է, որ մինչեւ տարեվերջ հանրապետությունում անցկացվելու է հանրաքվե նոր սահմանադրության նախագածի վերաբերյալ, որը շատ բաներով նման է Ռուսաստանի հիմնական օրենքին:

«Կոմերսանտ» թերթի տվյալներով, նախագիծը ՌԴ սահմանադրությունից տարբերվում է նրանով, որ Մերձդնեստրի նախագահին թույլ է տալիս բազմիցս վերընտրվել: Այսպիսով, նոր սահմանադրության ընդունման դեպքում խորհրդարանը կարձակվի, եւ Սմիռնովը կարող է ցմահ մնալ Մերձդնեստրի ղեկավար:

Սմիռնովը նշել է, որ նոր սահմանադրության ընդունումը կդառնա ազդանշան, որ հանրապետությունը պատրաստ է Ռուսաստանի կազմի մեջ մտնել որպես տարածաշրջան:

Հիշեցնենք, որ 1990 թ. սեպտեմբերի 2-ին Մոլդավիայում Դնեստրի ձախափնյա 5 շրջաններ իրենց հռչակեցին Մերձդնեստրի Հանրապետություն ԽՍՀՄ-ի կազմում, ապա` անկախ Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետություն: Վարչական կենտրոնը Տիրասպոլն է: Անջատումը տեղի ունեցավ այն պատճառաբանությամբ, որ Քիշնեւում ազգայնականները հայտարարում էին Մոլդավիայի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ Ռումինիային միանալու մտադրության մասին:

Ներկայումս Մերձդնեստրում տեղաբաշխված են ռուսական, մոլդավական եւ մերձդնեստրյան խաղաղարար ուժեր, ինչպես նաեւ ուկրաինացի զինվորական դիտորդներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4