Երեկ երեկոյան խորհրդարանական կոալիցիայի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները լրագրողներին հրավիրեցին Ազգային ժողով` ներկայացնելու կոալիցիայի հայտարարությունը, որը ստորագրել էին Գալուստ Սահակյանը (ՀՀԿ), Արամ Սաֆարյանը (ԲՀԿ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ): Այն փաստը, որ ԲՀԿ-ից ոչ թե Գագիկ Ծառուկյանն էր ստորագրել հայտարարությունը, այլ խմբակցության քարտուղարը, լրագրողներին ենթադրություններ անելու տեղիք տվեց: Սակայն «Ազգին» հայտնի է, որ Գ. Ծառուկյանը երկրից բացակայում է, այնպես որ այստեղ արտառոց ոչինչ չկա, միայն վկայություն է, որ հայտարարությունը շտապ եւ անսպասելի է ընդունվել:
«Այս օրերին բոլորս միասին վկան ենք հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, որը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ելքը: Գործընթացն իր վրա է սեւեռել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային հանրության ուշադրությունըՙ նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետեւանքային կապերը:
Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Ամենեւին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը` Հայաստանի Հանրապետությունն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար:
Նախաստորագրված արձանագրությունները արտացոլում են Հայաստանի առաջ քաշածՙ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլեւ ընդհակառակըՙ ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ:
Մեր ժողովրդի իմաստնությունը թելադրում է վճռականություն դրսեւորել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Եվ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը` կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցություն
«Օրինաց երկիր» կուսակցության խմբակցություն»
Հ. Գ. - Ավելացնենք, որ հայտարարությունը ներկայացնելուց հետո Գալուստ Սահակյանը կատակեց, որ սա ստորագրված հայտարարություն է, ոչ թե` նախաստորագրված:
Երեւում է` սա ալտերնատիվն է նախորդ օրը հրապարակված ՀՅԴ-«Ժառանգություն» միասնական հայտարարության, որն ի մի էր բերել երկու կուսակցությունների մտահոգությունները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հետ կապված:
Մ. Խ.