«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄԵՂԱՎՈՐԸ ԵՍ ԵՄ, ԱՅՍ ԱՄԲՈՂՋԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԵՄ ԿՐՈՒՄ»

Երկար լռությունից հետո «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ խոսեց կուսակցության շուրջը տեղի ունեցած վերջին իրադարձությունների, պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ օրեր անց հետ վերցնելու մասին: Հովհաննիսյանի խոսքը երկար երբեմն չափազանց երկար էր, սակայն որեւէ լուրջ հիմնավորում, անուններ ու պատճառներ չտվեց` բացատրելու թե ով է մեղավոր կուսակցության պառակտման ու ժողովրդի մեջ «Ժառանգության» նկատմամբ անվստահ վերաբերմունք սերմանելու համար: Հովհաննիսյանը մի քանի անգամ կրկնեց, որ այս ամենի միակ մեղավորը գլոբալ իմաստով ինքն է: «Ես չիրականացրի անհրաժեշտ վերահսկողություն եւ թույլ տվեցի, որ տեղի ունենա որոշակի շահերի բախում: Այս ամբողջի պատասխանատվությունը ես եմ կրում»:

Ըստ Հովհաննիսյանի, ապրում ենք հավաքական անպատասխանատվության մթնլորոտում, ինչը վարակիչ է: «Ժառանգությունն» էլ զերծ չի մնացել ու վարակվել է հայկական հիվանդությամբ, որ պետք է բուժել: Նա մեկ անգամ էլ կրկնեց, որ լսել է նաեւ բազմաթիվ քաղաքացիների հորդորներն ու որոշել հետ վերցնել պատգամավորական մանդատը, որովհետեւ Հայաստանի գլոբալ խնդիրներից բացի կար նաեւ «Ժառանգության» լինելիության խնդիրը: Բացի այդ, կուսակցության հիմնադիրը պահանջել է հաջորդ տարվա սկզբնամասում «ժառանգության» արտահերթ համագումար անցկացնել, որտեղ «օրակարգում կդրվեն ոչ միայն այս գլոբալ մարտահրավերները, այլեւ հիմնովին կլուծվեն «Ժառանգությանն» այցելած վերջին շրջանի ներքաղաքական եւ ներկուսակցական խնդիրները: Այլեւս հերիք է, որ ուրիշների անունից ես հրաժարական տամ, ներողություն խնդրեմ: Ամեն մեկն իր համար», ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` խոստանալով համագումարի ընթացքում անդրադառնալ կուսակցականների վարքին եւ մատնանշել 2008 եւ 2009 թվականներին «ժառանգության» սխալներն ու ձեռքբերումները: «Չեմ կարող կանխատեսել, թե այդ համագումարը ինչ կորոշի, բայց, կարծում եմ, դա կլինի առանցքային եւ ջրբաժան համագումար: Կլինի բաց համագումար, եւ բոլորն առիթ կունենան արտահայտելու տեսակետներն ու դիրքորոշումները: Իսկ դրանից հետո, եթե «Ժառանգությունը» դուրս գա ուժեղացած եւ ամրապնդված, ուրեմն հասարակությունը կշահի»:

Անդրադառնալով կուսակցությունից հեռացված անդամներին` Հովհաննիսյանը նկատեց, որ «ոմանք իրենց արտահայտություններով, իրենց պահվածքով ցույց են տվել, որ վաղուց են հեռացվել կուսակցությունից»: «Ժառանգության» հիմնադիրը նկատեց, որ այդուհանդերձ եղել են մարդիկ, որոնց հեռացնելը սխալ էր: Թե ովքեր են այդ մարդիկ, Հովհանիսյանը չմանրամասնեց: Շարունակելով որեւէ կոնկրետ անուն չտալ` Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պարզաբանում մտցրեց նախորդ համագումարի կեղծիքների վերաբերյալ, որտեղ կուսակցության պառակտված կողմերն իրար էին մեղադրում վարչության կազմի ընտրության արդյունքը կեղծելու մեջ: «Այն զուտ մարդկային, կասեի հայաստանյան դրդապատաճառ ունի: Որոշ մարդիկ մտահոգ էին, որ քվորումի խնդիր կլիներ, ու իրենք ուզեցին բարի նպատակներով ինչ-որ սխալ գործեր իրացնել, գնալ կեղծիքի ճանապարհով, թեկուզ իրենց դիտարկմամբ բարի նպատակներով, որն անընդունելի էր: «Ժառանգության» վարչությունը դրանից հետո քայլեր կատարեց այդ ուղղությամբ, գնաց նկատողությունների ու պատիժների ճամփով, բայց նաեւ մոռացավ, որ այդ պահին դեռ 3-4 րոպե կար, որ ես վայր դնեի նախագահի իմ պատասխանատվությունը: Դրա համար այդ սխալների պատասխանատվությունը կրում եմ ես, հասարակությունը տեղյակ է, կուսակցությունն իր ներքին կանոնակարգով անդրադարձել է այդ հարցին», ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի նամակի բովանդակության մասին «Ժառանգություն» կուսակցության պառակատված երկու թեւի անդամները տարբեր մեկնաբանություններ էին տալիս: Թե իրականում ինչ էր գրված նամակում, Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան էլ պարզ չներկայացրեց, սակայն մի բան հստակ էր. այն իր քաղաքական գործունեության վերջին հրաժարականն էր: «Ինչ վերաբերում է իմ անձնական նամակների մեկնաբանմանը, երեւի ամեն մեկը հուզված էր, ամեն մեկն այդ հույզի եւ դյուրագրգռության վիճակում յուրովի էր մեկնաբանել: Իսկ ես գրել եմ, որ դուք համարեք, որ այլեւս հրաժարական չի լինելու, սա, որ դուք տեսել եք, իմ վերջին հրաժարականն է: Այսինքն, դուք ինձանից հրաժարական չեք տեսնի: Սրանից հետո ամեն մեկն իր համար: Եվ այնտեղ, կուսակցությունից հեռանալու, չգիտեմ այլ բաների մասին բան չկար»: Նրա խոսքերով, նամակն ուղղված էր բոլորին` առանց բացառության: «Եվ իրենց պատասխանատվության մասին է խոսքը, ոչ միայն իմ գնահատանքը իրենց քաղաքացիական պահվածքի, իրենց ազգային պայքարի, իրենց մարտունակության, իրենց հասարակական իմաստի, եւ նրա մասին, որ նրանցից յուրաքանչյուրը խախտեց պատասխանատվության այդ հրամայականը: Իսկ դրանից հետո, ով ինչպես է ուզում մեկնաբանել, դա իրենց իրավունքն է», ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» հիմնադիրը քաղաքացիական մաղթանք ուղղեց Սերժ Սարգսյանին, որպեսզի նա չստորագրի արձանագրությունները: Իսկ ստորագրելու դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված կտա հրաժարական:

«Իրական կյանքում, առարկայորեն հասունանալու է այդ պահը, որովհետեւ այդ պահը համարժեք է սեփական հրաժարականի թե՛ պաշտոնից, թե՛ սահմանադրական պարտականությունից, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունից, թե՛ մեր հայրենիքից եւ հայրենի իրավունքից»: Նա նշում է, որ նախագահի հրաժարական պահանջելը միշտ էլ հնարավոր է, սակայն ինքը հարցադրումները դրել է հետեւողականորեն, սկզբունքային: «Հրաժարականը պետք է հասունանա առարկայորեն, եւ պահանջելը հերիք չէ, գործողություններ են պետք, հասարակական միասնություն»: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ կողմ է եղել ՀՅԴ-ի կազմակերպած ստորագրահավաքի դրույթներին եւ ստորագրել է: Եթե նույն դրույթներով ստորագրահավաք աներ ՀԱԿ-ը, դրան էլ կմիանար:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4