«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


ՓՄՁ ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԹՌԻՉՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Համոզմունք հայտնեց ՓՄՁ ԶԱԿ կենտրոնի տնօրենը

Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին վերաբերող երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի հերթական հյուրը Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցության կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրեն Իշխան Կարապետյանն էր, իսկ թեման` այս ոլորտում կառավարության իրականացրած միջոցառումները այս տարվա 9 ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ այս ոլորտի կարեւորության մասին բազմիցս նշել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փաստելով, որ փոքր եւ միջին բիզնեսն ամենամեծ դիմադրողականությունն ունի ճգնաժամի պայմաններում, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր եւ զգալի բաժին ունի համախառն ներքին արդյունքի մեջ (մոտ 42 տոկոս):

Խոսելով ՓՄՁ աջակցության միջոցառումների մասին` Իշխան Կարապետյանը նշեց, որ դրանք տարբեր ենՙ աջակցություն սկսնակ գործարարներին, տեղեկատվություն տրամադրում, խորհրդատվություն, վարկերի տրամադրում, փոքր ընկերությունների համար կայքերի պատրաստում, հաշվապահական հաշվետվությունների կազմում, մասնակցություն ցուցահանդեսներին եւ այլն: Այս տարվա 9 ամիսներին ՓՄՁ ԶԱԿ-ն այս ծառայություններն է մատուցել 4283 ընկերությունների, իսկ ընդհանուր առմամբ ավելի քան 8 հազար հայտերի պատասխաններ են տրվել:

Կենտրոնի գործունեության ուղղվածությունը հիմնականում դեպի մարզեր են, որտեղ աջակցություն ստացածները կազմում են ընդհանուրի 80 տոկոսը, իսկ 20 տոկոս աջակցություն ստացածները մայրաքաղաքից են: Համեմատելով ՓՄՁ ԶԱԿ դիմողների այս տարվա 9 ամիսների եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածին դիմածների ցուցանիշները` Իշխան Կարապետյանը հայտնեց, որ այս տարի այդ թիվն ավելացել է 21,4 տոկոսով:

Ըստ առանձին ուղղությունների իրականացվող ծրագրերից ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենն անդրադարձավ վարկավորման երաշխավորման ծրագրին, որը պետք է լուծի գրավ ունեցողների եւ բանկերի միջեւ առաջացած խնդիրը: Այստեղ տրամադրված երաշխիքներից կան այնպիսիք, որոնք հասնում են մինչեւ 10 մլն դրամի 5 տարվա ժամկետով: Ընդհանուր առմամբ տրվել են 435 մլն դրամի վարկավորման երաշխիքներ:

Սկսնակ գործարարներին աջակցության ծրագրին մասնակցել են 80-ից ավելի մարդ մարզերում, որոնցից 53-ը սկսել է իր սեփական գործը:

Մեկ այլ կարեւոր քայլ էր հաշվապահական կենտրոնի հիմնադրումը, որտեղ գործող 14 ընկերությունները փոքր բիզնեսին հաշվապահական ծառայություններ են մատուցում շուկայականից զգալիորեն ցածր գներով:

Վարկավորման տրամադրման գործընթացը սկսվեց օգոստոսին, երբ ստեղծվեց «ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությունը 1 մլրդ 180 մլն դրամի հիմնադիր կապիտալով, որին հետագայում կառավարությունը տրամադրեց եւս 6,4 մլրդ դրամ: ՓՄՁ ԶԱԿ կենտրոնի տնօրենի հավաստմամբ, 25 նախագծեր 4,2 մլրդ դրամի աջակցություն են ստացել:

Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ հիմնականում աջակցություն են ստանում արտադրական, ներմուծման փոխարինման, արտահանման ուղղվածություն ունեցող, սոցիալական խնդիրներ լուծող փոքր ձեռնարկությունները: Վարկավորման տոկոսները նույնպես բարձր չեն եւ գտնվում են 10-14 տոկոսի սահմաններում, կախված նրանից, թե ինչ սխեմաներ են օգտագործվում: Օրինակՙ արտադրական 11 կազմակերպություններ վարկեր ստանալով եւ գործունեություն սկսելով 400 աշխատատեղեր են բացել, իսկ միայն սննդարդյունաբերական ընկերությունները եւս 300-ի մոտ հավելյալ աշխատատեղեր են ավելացրել:

  «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի տնօրենը կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետությունը եւ ե՞րբ նկատելի կլինեն արդյունքները, Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ որեւէ միջոցառում 1-2 ամսում արդյունավետություն չի բերում: Կառավարությունն ընտրել է զարգացման ներուժ ունեցող բիզնեսները: Դրանք այն բիզնեսներն են, որոնք կարող են կապիտալ կուտակել եւ ներդրումներ կատարել: Ինչպես նշեց ՓՄՁ կենտրոնի տնօրենը, այդ ընկերություններից հաջորդ տարվա ընթացքում ակնկալվում է լուրջ, իսկ որոշներից` թռիչքային զարգացում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4