«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


ԿԱԹՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ. ՀՀ-ՈՒՄ ԿԱՐՁԱՆԱԳՐՎԻ 3009 ԹՎԱԿԱՆԻՆ

Վերնագրում նշված տարեթվի հարցում վրիպակ չկա. Եվրոպայում արձանագրված այսօրինակ ճգնաժամը ՀՀ-ին առաջիկա 100-ամյակներում չի սպառնում:

Ինչո՞ւ. պարզ մի պատճառով: Եվրոպայում ճգնաժամ է, որովհետեւ այստեղ պահվող հիմնական կաթնատու խոշոր եղջերավորները շարունակում են տարեկան 10-12 հազարական լիտր կաթ տալ, որն էլ ֆերմերների ու մթերողների հարաբերություններում խնդիրների է հանգեցրել: Կաթի արդյունաբերությունը չի ցանկանում մշակել արտադրվող ողջ կաթը, քանզի գնորդները կաթնամթերքներ սպառելու սահմանագծին են: Ըստ մասնագիտական ուսումնասիրությունների, որն, օրինակ, ժամանակին կատարել է ԽՍՀՄ ԳԱ սննդի գիտահետազոտական ինստիտուտը (տես ՀՀ հանրագիտարան, հատոր 5, էջ 158), մարդն օրական պետք է սպառի մինչեւ 500 գ կաթ, երեխան` 500-700 գ: Ինչպիսի՞ն են ՀՀ-ում վերջին տարիներին եւ առաջիկայի համար կանխատեսվող ցուցանիշները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երկրի անասնապահական ոլորտի կաթնային ճյուղի վերաբերյալ տարեկան 600 հզ. տոննա կաթի արտադրության ցուցանիշ է հրապարակում: Պարզագույն մի թվաբանական խնդիր է դրվում ու լուծվում. երկրում պահվող մոտ 600 հզ. խոշոր եղջերավորից, այդ թվում` կովեր, 300 հզ. գլխաքանակ է առանձնացվում, որն էլ բազմապատկելով 1 կովի միջին տարեկան մոտ 2000 լ կաթնատվությամբ, ստացվում է 600 հզ. լ կաթ:

Ցավալիորեն խնդիրն այսքան պարզ չէ, այլ լի է բազմաթիվ անհայտներով, որն էլ 3009 թվականը հիշատակելու առիթ է տալիս: Նախՙ որ տարիներ շարունակ չի լուծվում երկրում իրապես պահվող անասնատեսակների գլխաքանակների հաշվառման խնդիրը: Երկրորդ` ողջ գլխաքանակից 300 հզ. կովերի առանձնացումը բացարձակապես հիմք չի տալիս դրանք ամբողջովին դասելու կաթ տվող կենդանիների շարքին, քանի որ կովերի կաթնատվության շրջանը սկսվում է 3-րդ տարուց: ՀՀ գյուղնախարարությունը երբեւէ որեւէ թիվ չի հրապարակել երկրում առկա 1 եւ 2 տարեկան կովերի գլխաքանակների վերաբերյալ, թեեւ հարցը բազմիցս կարեւորել է ՀՀ կառավարությունը: Այնպես որ, ՀՀ ԱՎԾ-ի հաղորդագրություններում հիշատակվող երկրում պահվող 300 հզ. կովերի թվի ճշգրտումը լրջագույն գործ պետք է համարել: Այլապես կարելի է պնդել, որ կաթնատու է գլխաքանակի 200 հզ.-ը, որն էլ միջին կաթնատվությամբ բազմապատկելու պարագայում կաթի համախառն արտադրության շատ ավելի աննպաստ ցուցանիշ է ստացվում: Եվ խնդրեմ. հաշվառման գործում հստակության բացակայությունը որոշակի անորոշություն է ստեղծում երկրի պարենային ապահովության խնդրում, պատճառ դառնում կաթի փոշու որոշակի ծավալների ներկրման: Կաթի փոշին, որն ընդունված է չոր կաթ համարել, դասվում է կաթի փոխարինիչների շարքում, որն իր սննդարարությամբ, մարսելիությամբ ու կենսաբանական հատկանիշներով մոտ է բնական կաթին: Օրերս այս մասին հիշատակեց ՀՀ գյուղնախարարը, նշելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի չոր կաթի ներկրումը կրկնապատկվել է: Վերջերս էլ Բելառուսից վերադարձած հզոր գործարարներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում է չոր կաթ ներկրել այս երկրից: Թե իրականում ինչ ծավալներ են կազմում ներկրումները, դժվար է ասել. անշուշտ որոշակի հիմք կա պաշտոնական հաղորդագրություններից տարբերվող այլ թվերի մասին խոսելու, նկատի ունենալով գրեթե յուրաքանչյուր ամիսը մեկ ավելացող կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների լիարժեք աշխատելու փաստը: Որտեղ են նրանք կաթի մթերումներ իրականացնում, երբ մեր համաքաղաքացիները վկայում են, որ գնալով ավելանում է բակեր կաթնամթերքներ հասցնող գյուղացիների թիվը, քանզի նրանց ձեռ չի տալիս լիտրը 100 դրամի սահմաններում մթերողներին հանձնելը, որը առեւտրի օբյեկտներում վաճառվում է 360 դրամով:

Ի վերջո, ինչն է հիմք տալիս ՀՀ-ում կաթնային ճգնաժամը հետ մղել ամբողջ 1000 տարով, որի ընթացքում լավատեսության նշաններ փնտրելը տխուր զբաղմունք է: Պարզ է, որ այս վիճակը նշանակում է ՀՀ բնակչության կողմից հայրենական արտադրության կաթի եւ կաթնամթերքների սպառման քանակների անբավարարություն. իսկ որ կաթի մեջ պարունակող ածխաջուրը` լակտոզը մարդ արարածի օրգանիզմին անհրաժեշտ կարեւոր էներգիայի աղբյուրներից է, անժխտելի է: Հարցն այն է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է երկրում պահվող 1 կովի միջին կաթնատվությունը 2015 թվականին հասցնել 2500 լիտրի, եթե խոչընդոտներ չլինեն: Այս մասին արժե նշել այն պատճառով, որ դեռեւս 1970-ականներին այս ցուցանիշը եղել է մոտ 1700 լիտր, այսինքնՙ նշված 40 տարում կովերի միջին կաթնատվությունը կավելանա կիսով չափ: Դե, բարի եղեք հաշվել, թե նման աճի պարագայում մեզանում երբ կարձանագրվի 10-12 հազար լիտր միջին կաթնատվություն, որը եւ խուճապային տրամադրությունների կհանգեցնի: Սակայն նման իրավիճակից խուսափելու ցանկությամբ չէ, որ հարկավոր է առաջնորդվել: Հարկավոր է քայլեր ձեռնարկել հայրենական կաթի արտադրությունը ավելացնելու ուղղությամբ, որի հիմնական միջոցներից մեկը լիարժեք անասնակերն է, մեզանում հիմնավորապես ձախողված ոլորտ: Արդեն այս աշնանը մտահոգությունը հառնել է անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների առջեւ, ովքեր այս տարվա անբարենպաստ եղանակի պատճառով չկարողացան անգամ չոր խոտի դեզերը թարմացնել. անասունների որոշակի քանակի հարկադիր սպանդի մասին գյուղացիների մտահոգություններն իրատեսական են դառնում, որն էլ իր հերթին նոր մտահոգությունների է հանգեցնում: Ճշմարտության դեմ չմեղանչելու առումով նշենք, որ Հայաստանում կան 1-2 անասնապահական ֆերմերային տնտեսություններ, ուր եգիպտացորենի հատիկը որպես անասնակերի հիմնական բաղադրիչ օգտագործելով միջինը 5000 լ կաթնատվություն են ստանում:

Անշուշտ դյուրին գործ է հայ մարդուն կողմնորոշել դեպի ժամանակակից համարվող տնտեսական գործունեություն եւ ոլորտներ, հանձինս տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային համակարգի, զբոսաշրջության: Բայց եկեք ընդունենք, որ հիշատակվածները հիմնականում հասու չեն 1,2 մլն մեր գյուղաբնակների բացարձակ մեծամասնությանը, ովքեր նախընտրում են իրենց հանապազօրյա հացը վաստակել թող որ ծանր, սակայն ավանդական աշխատանքով` անասուն պահելով, կաթ արտադրելով, կաթնամթերք ստանալով: Տխուր է արձանագրել, որ հայ հանրության 40 տոկոսը կազմող այս հատվածը իր հույսին է թողնվել, անօգնական ու անպաշտպան վիճակով: Գործնական զարգացումների ուղղությամբ նրա ակնկալիքները տարեցտարի մարում են, ինչքան էլ ՀՀ գյուղնախարարության պաշտոնյաները հիմնավորեն հայ գյուղի կայացումն ու մեր երկրի պարենային ապահովության ամրապնդումը: Երբ երկրի բնակչության 40 տոկոսը ստեղծում է ՀՀ ՀՆԱ-ի հազիվ 20 տոկոսը, այստեղ դրական որեւէ գործընթաց տեսնելն անիմաստ է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4