«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


ԷԳՈՅԱՆԸ ԽԻԶԱԽՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ատոմ Էգոյանի «Քլոե» նոր ֆիլմը, որի պրեմիերան կայացավ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի օրերին (սեպտեմբերի 10-19), ըստ կինոքննադատների, նոր խոսք է կանադահայ ռեժիսորի կենսագրության մեջ: Նա ավելի քան 20 տարի կինոհանդիսատեսին է ներկայացել իր բավականին բարդ սցենարներով ու ֆիլմերով, որոնց կերպարները, ըստ «Ինտերնեշնլ Հերալդ Տրիբուն» թերթի, հաճախ միմյանց չեն հասկանում, տառապում են սեքսուալ հոգեվիճակից, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների բերած դժվարություններից: Նրա «Քինի հաջորդը», «Ճշգրտողը», «Էկզոտիկա», «Քացր ապագա» եւ մյուս ֆիլմերը, իրենց հետապնդած ազնիվ նպատակներով հանդերձ դժվարըմբռնելի են հանդիսատեսի մեծ մասի համար: Ժամանակները փոխվել են, եւ եթե կինոքննադատները սկզբնական շրջանում նրան գովերգում էին որպես նորարարի եւ անկախ մտածողության տեր սցենարիստ- ռեժիսորի, ապա այժմ նրանք առավել մեծ ուշադրություն են դարձնում ֆիլմի ժողովրդականության վրա եւ իրենց հոդվածները «ձեւակերպում» են դրանից ելնելով: Ահա թե ինչու Էգոյանի վերջին` «Որտե՞ղ է գտնվում ճշմարտությունը» եւ «Երկրպագություն» ֆիլմերը չբերեցին ակնկալված եկամուտները:

  Էգոյանը խոստովանել է, որ այդ հարցերը մտահոգիչ են նաեւ իր համար, թեպետ «Քլոե» («Chloe») ֆիլմում դարձյալ մեծ տեղ են գրավում անորոշությունն ու շփոթմունքը, ֆիլմն ընդհանուր առմամբ ավելի աշխույժ է, գործողություններով հարուստ եւ առավել դյուրըմբռնելի հասարակության լայն շերտերի համար:

Էգոյանի իսկ բնորոշմամբ, այս «էրոտիկ առեղծվածային» ֆիլմում` «Քլոեում», ընդգրկված են դերասաններ Ջուլիանա Մուրը, Ամանդա Սեյֆրիդը եւ Լայըմ Նիսոնը: Ջուլիանան ֆիլմում գինեկոլոգ է, որը պոռնկուհու դերով հանդես եկող Ամանդային վարձում է ստուգելու ամուսնու` Լայըմի հավատարմությունը:

Ֆիլմի պրոդյուսերը Իվան Ռեյթմանն է, սցենարը գրել է Էրին Կրեսիդա Ուիլսոնը, որն էգոյանական հաստատակամությամբ է աչքի ընկել իր նախորդ` «Քարտուղարուհին» եւ «Մորթի» ստեղծագործություններում: Ռեյթմանը եւ Էգոյանը ֆիզիկական կազմվածքով շատ տարբեր են, հսկա Ռեյթմանի կողքին Էգոյանը առավել նվազ է երեւում: Բացի կանադական քաղաքացիությունից, նրանք եւս մի ընդհանուր բան ունեն` երկուսն էլ պատրաստ են նոր հորիզոններ որոնել ու բացել: Ռեյթմանը փորձում է թողնել քրքիջներն ու հռհռոցները եւ զբաղվել ավելի լուրջ ու բարդ խնդիրներով, իսկ Էգոյանը` ստուգել, թե մինչեւ ուր կարող է «ձգվել իր դյուրազգացությունը»:

«Որոշակի սահման գոյություն ունի ֆիլմերի այն տեսակի համար, որ ես եմ նկարահանում: Այժմ ուզում եմ բացահայտել նոր հորիզոններ», ասել է նա` հանգստի պահերից մեկի ժամանակ: Ֆիլմի բյուջեն նախատեսված է եղել մոտ 20 միլիոն դոլար:

«Քլոեից» առաջ Ռեյթմանը ուսումնասիրել է Էգոյանի ֆիլմերը: «Դրանք լավ ֆիլմեր են, բայց ողբերգական են եւ հոգեբանորեն չափազանց անկախ: «Քլոեն» ավելի արագառիթմ է, չնայած պահպանում է մարդու հոգեբանության մեջ թափանցելու Էգոյանի անձնական մոտեցումները», ասել է նա:

Նկարահանման ժամանակ ամենամեծ բարդությունը Նիսոնի կյանքում տեղի ունեցած ողբերգությունն է եղել: Նրա կինը` դերասանուհի Նատաշա Ռիչարդսոնը, Քվեբեկում դահուկներով սահելիս վիրավորվել է ու որոշ ժամանակ անց մահացել է Նյու Յորքի Լենոքս Հիլ հիվանդանոցում: Լայըմը հարգելի պատճառներով բացակայել է նկարահանումներից: Ֆիլմի ֆինանսական պարտավորությունները, սակայն, ստիպել են վերանայել սցենարը եւ որոշ փոփոխություններ մտցնել:

Լայըմը հետագայում նշել է. «Շատ եմ ոգեւորված Ատոմով: Նա անհավատալիորեն փայլուն անձնավորություն է: Չափազանց ուշիմ, երբեմն չարակամ, բայց համով հումորի զգացումով: Նա վերածննդի մարդ է: Նրա նմանը չկա Հոլիվուդում»:

Ի դեպ, Լոս Անջելեսում անցկացրած մի քանի ամիսները կանադահայ ռեժիսորը բնութագրել է որպես «կորած ժամանակաշրջան»: Իսկ Ջեյմս Քամերոնը, որի «Տիտանիկ» ֆիլմի հետ 1997-ին «դժբախտաբար» լավագույն ռեժիսորական աշխատանքի (եւ սցենարի) համար «Օսկարի» էր ներկայացված նաեւ Էգոյանի «Քաղցր ապագա» ֆիլմը, մրցանակաբաշխությունից հետո Էգոյանին ասել է. «Գիտես, երկուսս էլ որոշ առումով նույն կինոն ենք նկարահանել: Երկու ֆիլմերն էլ հսկա մետաղյա առարկաների մասին են, որոնք բախվում են «սառույցին» ու փորձում են անցնել դրա միջով»: «Քաղցր ապագա» ֆիլմում Այան Հոլմի մարմնավորած իրավաբանը փորձում է պարզել փոքրիկ քաղաքում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի պատճառները:

«Քլոեի» մասին արտահայտվելիս Էգոյանը ասել է. «Հետաքրքրական մեկնաբանությունների տեղիք է տալու, որովհետեւ շոշափում է ամուսնության, ընտանիքի եւ հավատարմության թանկ արժեքները: Լայըմը հրաշալի է խաղում: Սպասենք հանդիսատեսի արձագանքներին»:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4