Թուրքիայում վերջնագիծը հատեց մինչեւ 16 տարեկանների շախմատի պատանեկան օլիմպիադան: Հայաստանի հավաքականն ավարտական երկու տուրերում հաղթանակներ տոնելով, 10 մրցախաղերում վաստակած 27 միավորով դարձավ օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, ինչի առիթով շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին:
9-րդ տուրում Հայաստանի հավաքականն անչափ կարեւոր հաղթանակ տոնեց առաջատարներից մեկի` Հնդկաստանի ընտրանու նկատմամբ (2,5-1,5): Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Պրիադհարշանին, Ռոբերտ Աղասարյանը պարտության մատնեց Ուդեշիին: Առաջին պարտությունը կրեց գերազանց հանդես եկող Հայկ Վարդանյանը` զիջելով Դաս Դեբաշիսին: Տիգրան Պետրոսյանը հաշտություն կնքեց Գիրիշի հետ: Այդ հաղթանակից հետո ՀՀ հավաքականը վաստակեց 23 միավոր եւ ընդամենը մեկ միավորով էր զիջում 2-րդ տեղում ընթացող հնդիկներին: Այնպես որ ավարտական տուրում արծաթե մեդալակիր դառնալու համար մեր թիմը պետք է ձգտեր հաղթել խոշոր հաշվով:
Մեր շախմատիստները գերազանց կատարեցին առաջադրանքը` 4-0 հաշվով հաղթելով Թուրքիայի «Կարմիրներ» թիմին: Հաղթանակներ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Վարդանյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Տիգրան Պետրոսյանը: Մեր թիմը վաստակեց 27 միավոր: Սակայն հնդիկներն էլ իրենց հերթին 4-0 հաշվով պարտության մատնեցին Թուրքիայի «Կարմիր աղջիկներ» թիմին եւ մեր շախմատիստներին գերազանցելով մեկ միավորով, գրավեցին 2-րդ տեղը: Իսկ չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի հավաքականը, որը հաղթելով (4-0) Հարավային Աֆրիկայի առաջին թիմին, 30 միավորով գրավեց առաջին տեղը:
Ուրախալի է, որ մեր պատանի շախմատիստներն էլ հետ չեն մնում իրենց ավագ ընկերներից: Բոլորովին վերջերս Սամվել Տեր-Սահակյանը մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Եվ ահա նոր հաջողություն պատանեկան շախմատում, այս անգամ արդեն թիմային պայքարում: Եթե մրցաշարի մի քանի տուրերում մեր պատանիներն ավելի հաջող խաղային, ապա ավելի բարձր տեղ կզբաղեցնեին: Սակայն բրոնզե մեդալներն էլ պետք է նվաճում համարել:
Հայաստանի հավաքականում հանդես եկած բոլոր 5 շախմատիստներն էլ իրենց ուժերի ներածի չափով նպաստեցին ընդհանուր հաջողությանը: Պարզապես հիանալի խաղացին Հայկ Վարդանյանն ու Տիգրան Պետրոսյանը: Հայկը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր, իսկ Տիգրանը 9 պարտիաներում թիմին 7,5 միավոր պարգեւեց: Ռոբերտ Աղասարյանը
9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Առաջին խաղատախտակի վրա Սամվել Տեր-Սահակյանը
8 հնարավորից վաստակել է 5 միավոր: Առավել անհաջող խաղաց Վահե Բաղդասարյանը, որը 4 մրցախաղերում մեկ միավոր վաստակեց:
Ավելորդ չէ նշել, որ մեր պատանիները հաղթեցին վրացիներին, ադրբեջանցիներին եւ Թուրքիայի մի քանի թիմերին: Վրաստանի հավաքականը 25,5 միավորով գրավեց
4-րդ տեղը: Թուրքիայի թիմերից լավագույն արդյունքի հասան «Փիրուզագույնները», որոնք 24 միավորով 5-րդ տեղում են: Ադրբեջանցի շախմատիստները 22,5 միավորով գրավեցին 9-րդ տեղը: