Հոկտեմբերի 4-ին Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մեկնարկում է շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունը: Տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ կներգրավվեն 56 թիմեր, կանանց մրցաշարում գլխավոր մրցանակի համար կպայքարեն 14 ակումբներ: Կանցկացվի 7 տուր: Հաղթողները հայտնի կդառնան հոկտեմբերի 10-ին: Տղամարդկանց մրցաշարի հաղթող թիմը կպարգեւատրվի 11 հազար եվրոյով, կանանց մրցաշարի լավագույն ակումբը կստանա 3750 եվրո: Տղամարդկանց մրցաշարում դրամական պարգեւների կարժանանան 1-6-րդ տեղերը զբաղեցրած թիմերը, կանանց մրցաշարումՙ չորս լավագույնները:
Այս տարի Հայաստանը եվրոգավաթներում ներկայացնելու են կանանց եւ տղամարդկանց «Միկա» թիմերը, որոնք բավական ուժեղ կազմ ունեն եւ կարող են պայքարել չեմպիոնի տիտղոսի համար: Կանանց թիմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (2489), հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալին (2474), վրացի միջազգային վարպետ Նինո Խուրցիձեն (2420) եւ Հայաստանի կրկնակի չեմպիոն Լիլիթ Գալոյանը (2326): Թիմում չէ Լիլիթ Մկրտչյանը, որն այս օրերին Չինաստանում մասնակցում է Գրան պրիի խաղարկությանը:
Տղամարդկանց թիմում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն շախմատի օլիմպիական չեմպիոններ Լեւոն Արոնյանը (2773), Վլադիմիր Հակոբյանը (2698), Գաբրիել Սարգսյանը (2678), Տիգրան Պետրոսյանը (2602), ինչպես նաեւ ՀՀ չեմպիոն Արման Փաշիկյանը (2663) եւ Զավեն Անդրեասյանը (2612): «Միկան» իր միջին վարկանիշով (2671) 56 թիմերի մեջ 7-րդն է: Ավելի բարձր վարկանիշ ունեն Սարատովի «Էկոնոմիստը» (2702), Սվերդլովսկի «Ուրալը» (2696), «Բադեն Բադենը» (2691), Մոսկվայի ShSm-64-ը (2689), իսրայելական «Աշդոդը» (2682) եւ «Տոմսկ-400»-ը (2678):
Կանանց մրցաշարում «Միկան» իր միջին վարկանիշով (2427) եւս 7-րդն է: Ամենաբարձր վարկանիշը (2531) ունի վերջին 2 տարիների չեմպիոն Մոնտե Կառլոյի թիմը: Այնուհետեւ գալիս են Վիդնոեի «Սպարտակը» (2510), Թբիլիսիի «Սամաիան» (2465), Սարատովի «Էկոնոմիստը» (2457), «Պոդգորիցան» (2455) եւ «Պոլիտեխնիկան» (2428):
Կանանց «Միկա» թիմը բավական հաջող է հանդես եկել եվրոգավաթներում: 2006-ին թիմի անդրանիկ ելույթը նշանավորվեց փայլուն հաջողությամբ: «Միկան» Ֆյուգենում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Այդ տարի թիմի կազմում հանդես էին գալիս Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Նինո Խուրցիձեն եւ Նելլի Աղինյանը: Հետաքրքրական է, որ վրացի շախմատիստուհիներն իրենց խաղատախտակների վրա (1-ին եւ 3-րդ) լավագույն արդյունքն էին ցույց տվել եւ արժանացան ոսկե մեդալների: Չիբուրդանիձեն 7 հնարավորից վաստակել էր 5, Խուրցիձենՙ 6 միավոր:
2007-ին «Միկան» դարձավ բրոնզե մեդալակիր: Հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Նինո Խուրցիձեն, Լիլիթ Մկրտչյանն ու Լիանա Աղաբեկյանը: Անցած տարի Հունաստանում կայացած մրցաշարում «Միկան» զբաղեցրեց 5-րդ տեղը: Թիմի կազմում էին Չիբուրդանիձեն, Դանիելյանը, Կատերինա Լահնոն, Մկրտչյանն ու Խուրցիձեն:
2006-2008-ին տղամարդկանց մրցաշարում հանդես է եկել «Բանկերի արքան»: «Միկան» իր նորամուտը նշեց անցյալ տարիՙ գրավելով 12-րդ տեղը: Թիմում խաղում էին Մագնուս Կառլսենը , Լեւոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը, Գաբրիել Սարգսյանը, Բայադուր Ջոբավան, Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը: Լավագույն արդյունքը ցույց է տվել «Երեւանը»ՙ 1995-ին դառնալով չեմպիոն: