«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԱԼԻԵՎԻ «ՆԱԽՆՅԱՑ ԵՐԿԻՐՆ Է», ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈ՞ՒՄ ԵՆ

«Նախիջեւանը հնագույն ադրբեջանական տարածք է, որ ունի հին պատմություն ու մշակույթ: Նախիջեւանի պատմական հուշարձաններն ադրբեջանական ժողովրդի մեծ տաղանդի վկայությունն են»: Սրանք, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերն են, որ ասվել են հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում: «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների ղեկավարների 9-րդ գագաթաժողովը:

Այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, թե Իլհամ Ալիեւը նման խոսքեր ասելիս իսկապես հավատացել է Նախիջեւանի «ադրբեջանական անցյալին», ավելին, ինչ-որ «տաղանդի» միջոցով ծնված հուշարձանների առկայությանն այն դեպքում, երբ նույն Նախիջեւանում իսկապես տաղանդավոր ստեղծագործությունների հազարավոր օրինակներ մի քանի օրում ջարդուփշուր արվեցին` հայ մշակույթի վկայություն խաչքարերի ու շիրմաքարերի փշուրների վրա զինվորական պոլիգոն կառուցելով:

Դա այնքան էլ հնագույն ու վաղ անցյալ չէր, այլ 2005 թվականի դեկտեմբերը, որի առնչությամբ սակայն, խուլ ու համր մնացին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ տարբեր հարցերում պաշտպանական գործունեություն ծավալող կազմակերպությունները: Ավելին, հազարավոր դիմումներն ու խնդրանքներըՙ հետաքննելու Հին Ջուղայի խաչքարերի ավերումը, որեւէ արձագանք չգտան, եվրոպական խոստացված փաստահավաք առաքելությունն էլ չկազմվեց` գաղափարը թողնելով ճանապարհներին:

Ինչեւէ, որ Ադրբեջանի նախագահի համար «Նախիջեւանը պատմական ադրբեջանական հող» է, զարմանալի չէ, այլՙ աշխարհին նման տեսակետը մատուցելու հանգամանքը, այնպիսի բարձրագոչությամբ, կարծես պետական մակարդակով վանդալիզմի հեղինակն ինքը չէր: Զարմանալի չէ նաեւ ամեն առիթով սեփական երկրի եղած-չեղած կարողություններից Ալիեւ կրտսերի խոսելու մեծագույն ցանկությունը, որ արտահայտվում է ամեն մի ելույթում ու խոսքում, թերեւս ինքնահաստատման յուրօրինակ ձեւ ծառայելով հարեւան երկրի իշխանական որդու համար:

Ադրբեջանի նախագահը թյուրքալեզու մի քանի երկրների նախագահներին, ինչպես միշտ որեւէ ելույթում, ներկայացրել է Ադրբեջանի «հզորությունը», նավթն ու գազը այս ու այն կերպ տեղափոխելու դրական պահերը, գործարկված Բաքու-Ջեյհանն ու դեռեւս կառուցելիք Բաքու-Էրզրումը, ադրբեջանա-ղազախական վառելիքային համաձայնագրերը, կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարսն էլ վրադիր, որոնց հիմքով «կվերստեղծվի Մետաքսի ճանապարհը»:

Այն, որ հայերը «օկուպացրել են ադրբեջանական հողերը, խախտել երկրի տարածքային ամբողջականությունը», այնքան է կրկնվել, որ որեւէ պարագայում կարելի է Ադրբեջանի նախագահի փոխարեն բառացիորեն ասել նույնն առանց Ալիեւ կրտսերին լսելու: Ավելին, Ալիեւի մտորումները նրան մինչեւ Թուրքիայի հետ միասնությունը ապահովելու հիմքը` «ադրբեջանական Զանգեզուրը» չունենալու ափսոսանքին է հասցրել:

Առավել հետաքրքրական է այն, ինչ թյուրքալեզու մի քանի երկրների նախագահներին, այդ թվում` Թուրքիայի, Ալիեւը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: «Երկար տարիներ տարվում են բանակցությունները: Բայց մենք դեռեւս, ցավոք, որեւէ արդյունքի չենք հասել: Ճիշտ է, բանակցությունների գորընթացում դրական դինամիկա է նկատվում: Կարող եմ ասել, որ բանակցությունների գործընթացը գտնվում է ավարտական փուլում: Քննարկվող հարցերը կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը», նշել է Ադրբեջանի նախագահը, հավելմամբ, իհարկե, թե այս ամենը միայն տարածքային ամբողջականության հիմքով ու ֆոնին:

Բավականին հետաքրքրական կլիներ Ադրբեջանի նախագահից պարզաբանել, թե հատկապես ինչով եւ ինչն է նա համարում ավարտական փուլ բանակցային գործընթացում: Ու թեեւ Ալիեւն, ինչն ակնհայտ է, որեւէ համագործակցություն Հայաստանի հետ չի պատկերացնում ներկա վիճակում, դրա փոխարեն մշակութային հուշարձանների ավերումով հայտնի երկրում հնարավոր է համարում «ազգային ինքնորոշումը»:

Գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ հայտարարել է, թե ժամանակն է եկել վերջնականապես լուծելու Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում` հայ-ադրբեջանականըՙ «տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ըստ Գյուլի, Թուրքիան հավատում է, որ եկել է «օկուպացված տարածքներն» ազատելու ժամանակը, եւ որ ղարաբաղյան հարցը պիտի կարգավորվի երկխոսության, բանակցությունների ու դիվանագիտության ճանապարհով:

Այս գնահատականները առավել հետաքրքրական են, քանի որ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին Հայաստանի նախագահը տվյալ ժամանակահատվածում ավարտին կհասցնի «ֆուտբոլային դիվանագիտության» երկրորդ խաղը:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4