«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Մոսկվայի եւ համայն Ռուսիո սրբազնագույն պատրիարք Կիրիլը հոկտեմբերի 1-ին իր աշխատանքային նստավայրում ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Հանդիպելու հնարավորության համար Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնելով` Արա Աբրահամյանը նշել է Ռուս ուղղափառ եկեղեցու հետ փոխհարաբերությունների հսկայական կարեւորությունը ՌԴ ստվար հայ համայնքի համար:

Հյուրին ողջունելով` պատրիարքը ընդգծել է, որ բարձր է գնահատում ռուս-հայկական հարաբերություններում Ա. Աբրահամյանի ավանդը եւ նրա` որպես ՌԴ հայ համայնքի առաջնորդի, գործունեությունը:

«Ռուս եւ հայ ժողովուրդները դարեր շարունակ միասին պայքարել եւ միմյանց աջակցել են, ապրել մեկ պետության մեջ, իսկ երբ Հայաստանը դարձավ ինքնիշխան պետություն, մեր հարաբերություններում ոչինչ չփոխվեց, նույնիսկ ընդհակառակը, դրանք միայն խորացան», նշել է պատրիարքը:

Սրբազնագույն Տերը նաեւ ընդգծել է Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների երկկողմ հարաբերությունների կարեւորությունը, քանի որ հանրորեն նշանակալի շատ հարցերի առթիվ եկեղեցիներն ունեն ընդհանուր դիրքորոշում:

Հանդիպման ընթացքում սրբազնագույն պատրիարք Կիրիլը եւ Ա. Աբրահամյանը քննարկել են Հայաստանի եւ Արցախի տարածքում ուղղափառ տաճարի շինարարության ընթացքը, որը կառուցման ավարտից հետո հանձնվելու է Ռուս ուղղափառ եկեղեցուն: Սրբազնագույն պատրիարքը հույս է հայտնել, որ դա կծառայի երկու եկեղեցիների, բարեկամ պետությունների ժողովուրդների հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Խոսվել է ՌԴ-ում եւ արտերկրում ծայրահեղականության, կրոնական խտրականության դեմ պայքարի, երկու եկեղեցիների համագործակցության, այդ առնչությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերմունքի մասին: Որոշվել է համագործակցել ՄԱԿ-ի Կրոնների երկխոսության ծրագրի շրջանակներում:

Երեւանում կառուցվող եկեղեցու բոլոր ծախսերը կհոգա Արա Աբրահամյանը: Մինչեւ 2010-ի մարտ-ապրիլ պետք է ավարտվեն նախագծային աշխատանքները եւ դրվի հիմնաքարը:

Արա Աբրահամյանը խոստացել է նաեւ հովանավոր գտնել Արցախում ռուսական եկեղեցու կառուցման համար:

Զրույցի վերջում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը եւ ՌՀՄ նախագահը փոխանակել են հուշանվերներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4