«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ, ԹՈՒՐՔԻԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՄՆ

Հոկտեմբերի 4-ին «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հարցազրույց է տպագրել Շվեյցարիայի արտգործնախարար Քալմի-Ռեյի հետ: Արծարծված բազմաթիվ հարցերի թվում արտգործնախարարը կարեւորել է արտասահմանում, մասնավորապես ասիական երկրներում Շվեյցարիայի ներկայությունը դիվանագիտական առաքելությունների տեսքով ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը: Անդրադառնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստանձնած դերակատարմանը` արտգործնախարարն ասել է. «Երկրի ներսում պիտի նորից բացատրենքՙ ինչու ենք որոշակի դերակատարների հետ երկխոսություն վարում: Այդպիսի զրույցներն անհրաժեշտ են, երբ այդ դերակատարներն, օրինակ, խաղաղության գործընթացի մեջ կարեւորագույն դեր են ստանձնում: Դա չի նշանակում, թե նրանց կեցվածքին համաձայն ենք լինելու»:

«Այդպիսի ակտիվության օգուտները Շվեյցարիայի համար երբեմն հազիվ թե տեսանելի են», «Նոյե ցյուրխեր ցայթունգի» հեղինակների թերահավատությանը արտգործնախարար Քալմի-Ռեյն առարկել է. «Ոչ, ոչ, միգուցե միայն առաջին հայացքից: Ասենք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջնորդությունը: Կհարցնեքՙ ի՞նչ կտա դա մեզ: Ասում եմՙ այն աշխատանքը, որ մենք ենք իրականացնում, մեզ համար մուտք կապահովի դեպի այդ պետություններ, բայց նաեւ այն պետություններ, որ հետաքրքրված են խնդրի լուծմամբ: Այս պարագայում դրանք Ռուսաստանն ու ԱՄՆ են: Մեզ ճանաչում են, վստահում: Կշոշափենք, կանդրադառնանք հարցին նաեւ այն ժամանակ, երբ շատ ուրիշ խնդիրներ կլինեն լուծելու», մեկնաբանել է արտգործնախարար Քալմի-Ռեյը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4