Զորյան ինստիտուտի տնօրենների ակադեմիական խորհրդի նախագահ Ռոջեր Սմիթը նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` արտահայտելով իր մտահոգությունները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններից: Սմիթին հատկապես անհանգստացնում է արձանագրություններում պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողով ստեղծելու կետը: «Պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ» ուսումնասիրության նպատակով ստեղծվող ամեն մի հանձնաժողով արդյունքում անտեսում է այն լայնածավալ հետազոտությունները, որոնք իրականացվել են մի քանի տասնամյակների ընթացքում, եւ ավելին, ենթադրում, որ դրանցից որեւէ մեկը անկողմնակալ եւ գիտական չէ: Սա վիրավորական է ցեղասպանությունն ուսումնասիրող բոլոր գիտնականների եւ հատկապես նրանց համար, ովքեր ազգությամբ հայ չեն եւ գտնում են, որ իրենց աշխատանքը աստիճանաբար քաղաքականացվում է», գրում է Սմիթը:
Գիտնականը նկատում է, որ ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականները լրջորեն անհանգստացած են, որ պատմական հանձնաժողովը կքաջալերի նրանց, որոնց մտքում ապագայում հնարավոր է, որ հղանա ցեղասպանություն իրագործելու գաղափարը, ցույց տալով, թե հատկապես ուժեղների կողմից ինչպես ցեղասպանությունը կարող է հեշտորեն հարաբերականացվել: Նա համոզված է, որ Թուրքիան բավականաչափ ներուժ չունի երկխոսություն սկսելու ցեղասպանության առանցքային հարցի քննարկման շուրջը: «Նույնիսկ եթե ցեղասպանությունը հաստատվելու լինի «պատմական արխիվների ու ուսումնասիրությունների» միջոցով, Թուրքիան ի վիճակի չի լինի ընդունել, քանի որ այն այժմ շղթայված է խիստ քրեական իրավունքով, որն արգելում է որեւէ մեկին Թուրքիայում նույնիսկ հիշատակել Հայոց ցեղասպանությունը»:
Սմիթը վստահ է, որ արձանագրությունների շուրջը շարունակվող բանակցությունների ընթացքը տոգորված է չարամտությամբ: «Հետեւաբար արձանագրությունները կենսունակ դարձնելու համար» առաջարկում է փոխել արձանագրություններում «պատմական հարթության» վերաբերյալ կետը կամ ձեւափոխել Թուրքիայի քրեական իրավունքը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ