«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԵՎՐՈ-ԴՈԼԱՐ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Սեպտեմբեր ամսվա ընթացքում, հիմնականում ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակման արդյունքում, բավականին մեծ է եղել եվրո-դոլար փոխարժեքի տատանման միջակայքը: Սեպտեմբերի 1-ին եվրո-դոլար փոխարժեքը, կազմելով 1.4224 ԱՄՆ դոլար, աճել է 3.4% եւ սեպտեմբերի 18-ի դրությամբ հասել մինչեւ 1.4712 դոլար մակարդակը: ԱՄՆ դոլարի 0.2% ամրապնդումը անմիջապես անդրադարձավ հումքի շուկայի վրա: Ոսկու գինը նվազեց մինչեւ 1000 ԱՄՆ դոլար մակարդակը, իսկ նավթի գինը մեկ շաբաթվա ընթացքում անընդմեջ աճից հետո նվազեց մինչեւ 70 դոլար մակարդակը: Նվազեցին նաեւ ֆոնդային ինդեքսները: Ամերիկյան ինդեքսները բացասական արդյունք ցույց տվեցին: Նվազման մակարդակն առավելագույնն էր վերջին 3 շաբաթների ընթացքում: Հաջորդ օրը իրավիճակը լիովին փոխվեց, եւ եվրո-դոլար փոխարժեքը աճեց մինչեւ տարեկան առավելագույն մակարդակը` 1.4790 դոլար: Վերջինս երկար չպահպանվեց, ԱՄՆ դոլարը դարձյալ սկսեց ամրապնդվել, սակայն դիրքերի ամրապնդման միտումը դանդաղեց:

Այսպիսով, առանձնացնենք մի շարք գործոններ, որոնք վերոգրյալ տատանումների պատճառ են եղել:

Եվրո-դոլար փոխարժեքի վրա բացասաբար ազդեց Պիտսբուրգում կայացած Մեծ 20-յակի (G20) հանդիպման ընթացքում ընդունված որոշումը, որ հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ վերականգնման կայուն ազդակներ գրանցվեն: Նշանակում է, որ ԱՄՆ տնտեսության վերականգնման ժամանակահատվածը երկարացվել է: Ենթադրվում է, որ տոկոսադրույքները կպահպանվեն ցածր մակարդակի վրա` նվազեցնելով ցածր եկամտաբերություն ունեցող ԱՄՆ դոլարի պահանջարկը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին FOMC հանձնաժողովը կտրուկ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ գործող 0-0,25%: Բացի այդ, բազմիցս նշվել է (վերջին անգամՙ օգոստոսի 11-12 հանդիպման ժամանակ), որ տոկոսադրույքի ցածր մակարդակը պահպանվելու է երկարաժամկետ կտրվածքում:

Ամսվա ընթացքում հրապարակվեցին ԱՄՆ տնտեսությունը բնութագրող ոչ միանշանակ ազդակ տվող մակրոտնտեսական ցուցանիշներ: Մի կողմից, կանխատեսվածից ավելի բարձր գրանցվեց սպառողների վստահության ինդեքսը (գրանցվեց 73,5ՙ կանխատեսվող 70.1-ի փոխարեն), որը առավելագույն ցուցանիշն էր վերջին 18 ամիսների ընթացքում. դրական ազդակ: Մյուս կողմից, բավականին ցածր էին բնակարանների վաճառքի առաջնային շուկայի (429ՙ կանխատեսվող 443-ի փոխարեն) եւ երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ցուցանիշները (գրանցվեց 2,4% նվազումՙ 0,3 % աճի փոխարեն). բացասական ազդակ:

Ավելացնենք նաեւ, որ, շուկայի մասնակիցների ընդունած որոշումների վրա մեծ է այն փաստի ազդեցությունը, որ հակաճգնաժամային ծրագրերի կրճատումը երկարաձգելու է ճգնաժամից դուրս գալու ժամկետը: Մասնավորապես, կարելի է առանձնացնել երկու ծրագիր, որոնց ավարտը մեծ ազդեցություն կթողնի վիճակագրական տվյալների արդյունքների վրա: Օրինակ, օգոստոս ամսվա ընթացքում ավարտվել է այսպես կոչված «փող` օգտագործված մեքենայի դիմաց» ծրագիրը, ինչը կնվազեցնի հետագայում հրապարակվող վաճառքների ծավալների ցուցանիշը: Բացի այդ, տարվա վերջին լրանում է ընտանիքների կողմից առաջին բնակարանների ձեռքբերման ծախսերի մասամբ ֆինանսավորման համար նախատեսված ծրագիրը, որի արդյունքում կտրուկ աճել էր նախորդ ամիսների ընթացքում վաճառված բնակարանների թիվը: ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ հակաճգնաժամային միջոցառումները շատ արդյունավետ են, եւ ժամանակն է անցնելու տնտեսության վերականգնմանն ուղղված ծրագրերին: Սակայն չի բացառվում, որ որոշ ծրագրերի ֆինանսավորման դադարեցումը անմիջականորեն ազդի մի շարք ցուցանիշների վրա` հանգեցնելով ֆոնդային ինդեքսների նվազմանը:

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ միջնաժամկետ կտրվածքով ԱՄՆ դոլարի վերականգնման համար ֆունդամենտալ ցուցանիշներ չկան, եւ երկարաժամկետ կտրվածքով եվրո-դոլար փոխարժեքը աճի միտում ունի: Սակայն, քանի որ ԱՄՆ տնտեսության վերականգնման մասին վկայող ցուցանիշներն ավելի համոզիչ են, քան թե Եվրոպայի տնտեսությունը բնութագրող ցուցանիշները, եւ բացի այդ, ԱՄՆ կառավարությունը` անտեսելով ինֆլյացիոն ճնշումները եւ վարելով ընդլայնողական քաղաքականություն, դեռեւս միջոց չի խնայուն հակաճգնաժամային ծրագրերի ֆինանսավորման համար, կարճաժամկետ կտրվածքով հնարավոր է եվրո-դոլար փոխարժեքի նվազում: Բացի այդ, համաշխարհային տնտեսության վերականգնման իրական ցուցանիշները լավատեսական չեն, ինչը հանգեցնում է ԱՄՆ դոլարի պահանջարկի աճին` արժեւորելով այն: Նման իրավիճակներում դարձյալ բարձրանում է ԱՄՆ դոլարը մեկ այլ ռեզերվային արժույթով փոխարինելու հարցը, ինչը շատ է քննարկվում ֆինանսական աշխարհում, բայց որի իրագործման համար դեռեւս շատ ժամանակ է պահանջվում:

ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ ԿԲ աշխատակից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4