«Այս տանն ապրել է...» ցուցանակը կտեղեկացնի Երեւանում Հովհաննես Թումանյանի բնակության մասին
Երեւանում նոյեմբերի 8-ին կավելանա «Այս տանն ապրել է...» ցուցանակների թիվըՙ Աբովյան 1/1 հասցեում գտնվող շենքի պատին կամրացվի ցուցանակ ու կտեղեկացնի անցորդներին. «Այս տանը 1921 թվականի գարնանը իջեւանել է մեծ գրող Հովհաննես Թումանյանը»:
Նախաձեռնությունը գրողի տուն-թանգարանի ղեկավարությանն է, հուշաքարի քանդակագործըՙ Սամվել Ղազարյանը:
Ամենայն հայոց բանաստեղծը Երեւանում եղել է 5 անգամ, այն էլ կարճ ժամանակով: 1985 թվականին Թումանյանը մի երկարատեւ ուղեւորություն է կատարելՙ նպատակ ունենալով մի շարք բնակավայրերում «Հանգանակող եւ գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր հիմնել: Դրանք Արեւմտյան Հայաստանից Կովկաս գաղթած հայությանն օգնող կազմակերպություններ էին: Այդ շրջագայության ընթացքում Թումանյանն իջեւանել է «Ֆրանսիա» հյուրանոցում: Նրա հաջորդ այցը եղել է 1904-ին, իջեւանել է Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանի շենքում, 1915-ինՙ կրկին առաջնորդարանում: Այդ այցը Էջմիածնում տեղավորված գաղթականության խնդիրների լուծմամբ էր զբաղված: 1921 թվականին բանաստեղծի այցը Երեւան եղբայրասպան պատերազմի ավարտը դնելու նպատակով էր: Ժամանելուն պես Թումանյանին տարել են ՀՅԴ «Հայաստանի փրկության կոմիտե», եւ Սիմոն Վրացյանի քաղաքում չլինելու պատճառով բանաստեղծին տնային կալանքի տակ պահելու հրահանգը չեն իրականացվում նրա ավագ դստերՙ Աշխենի թախանձանքներով: Բանաստեղծն այդ այցի ընթացքում բնակվում է Աշխենի տանըՙ Հայֆիլհարմոնիայի շենքի երկրորդ հարկի բնակարանում: Խնդրի լուծումը, որի առնչությամբ Թումանյանը Երեւան էր ժամանել, հապաղման ենթակա չէր, ու նա հանդիպել է Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի եւ այլ հասարակական-քաղաքական գործիչների հետ:
Նշյալ բնակարանում Հովհաննես Թումանյանը բնակվել է մեկ ամիսՙ մարտի 20-ից ապրիլի 19: Հաջորդ եւ վերջին այցը նույն թվականի սեպտեմբերին է կայացելՙ բանաստեղծը Հայաստանի կառավարության առաջարկով ստանձնել է Հայ օգնության կոմիտեի նախագահի պաշտոնը եւ կոմիտեի ողջ կազմի հետ բնակվել հայտնի գինեգործ ու գինեվաճառ Կարապետ աղա Աֆրիկյանիՙ Էջմիածնի ճանապարհին գտնվող առանձնատանը:
Ն. Պ.