«Ես գիտեմ, թե ինչպես են Հայաստանում սիրում, ինչպես են հասկանում ռուսական մեծ մշակույթը: Գիտեմ եւ դրա համար իմ հավաքածուն նվիրում եմ Երեւանին», ասել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանը:
Արվեստի սերը նման է հայրենասիրության, այն ունենում ես կամ չես ունենում: Թերեւս դրանով է բացատրվում իր հավաքածուն Հայաստանին նվիրելու փաստը:
19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի փայլուն դեմքերի` Կ. Կարովինի, Վ. Սերովի, Ա. Արխիպովի, Մ. Նեստերովի, Մ. Վրուբելի, Ա. Բենուայի եւ այլոց աշխատանքները ռուսական արվեստի թանգարանի սրահներում ստեղծել են այն կենարար միջավայրը, ուր արվեստը շարունակում է ապրել ու արարել:
Ա. Գոլովինի անտառային պատկերի միջոցով հաղորդակից ես դառնում բնության անկրկնելի գեղեցկությանը եւ, չխաթարելով ընկալումդ, հայացքդ ուղղում ես փիլիսոփայությամբ համակված Ն. Ռերիխի բնանկարներին: Տեղին է անդրադարձը ռուս մեծ նկարիչ, փիլիսոփա, հումանիստ Ն. Ռերիխին, ում ծննդյան 135-ամյակը նշվեց այս տարի «Թանգարանային գիշեր» խորագրի ներքո:
Նրա կտավներում պատկերված անծայրածիր տարածությունը սահմանագծող բարձրունքներն ու խիտ ամպերը խորհրդավոր իմաստ են արտահայտում:
Հայ մեծ գեղանկարիչներ Մ. Ավետիսյանիՙ «Այստեղ ապրել ենք» եւ Մ. Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավներին հաջորդում են Պ. Կուզնեցովի, Ն. Սապունովի, Ի. Գրաբարի, Ա. Լենտուլովի, Ռ. Ֆալկի եւ այդ դարաշրջանի այլ ռուս մեծ նկարիչների աշխատանքները:
1907-1913թթ Փարիզում իրար հաջորդող ռուսական բալետի եւ օպերայի բեմականացումները ստացան «Ռուսական սեզոններ Ֆրանսիայում» անվանումը: Բեմական եւ թատերական զգեստների ձեւավորումները պատկանում էին ռուսական արվեստի թանգարանում ներկայացված նկարիչներին:
Յուրօրինակ լուծումներով վերանորոգված թանգարանը նպաստավոր միջավայր է ստեղծում թե՛ կերպարվեստի նմուշների ցուցադրության, թե՛ այցելուների համար:
Հիրավի թանգարանը այն վայրն է, ուր փորձելով հասկանալ արվեստը, ձեռք ես բերում հասկանալու արվեստ:
Հ. ԻՍԱՂՈՒԼՅԱՆ