«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ԿԱՆԱՅՔ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ

Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մեկնարկել է շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունը: Մրցաշարին ներկայացել են տղամարդկանց 54 եւ կանանց 11 թիմեր, որոնք շվեյցարական մրցակարգով 7 տուրից բաղկացած մրցավեճում կվիճարկեն մրցանակային տեղերը: Տղամարդկանց թիմում մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստներ, կանանց թիմումՙ 4 շախմատիստուհիներ:

Անսպասելիորեն շատ անհաջող մեկնարկեց Հայաստանը ներկայացնող «Միկա» կանանց թիմը, որը խոշորՙ 0-4 հաշվով պարտություն կրեց Վիդնոեի «Սպարտակից»: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը պարտվեց Տատյանա Կոսինցեւային: Հարիկա Դրոնավալին զիջեց Անտոանետա Ստեֆանովային, Նինո Խուրցիձեն պարտվեց Նադեժդա Կոսինցեւային, Լիլիթ Գալոյանն էլ անհաջողության մատնվեց Կատերինա Լահնոյի հետ մրցավեճում:

Ի տարբերություն կանանց, մեր տղամարդկանց «Միկա» թիմը հաղթանակով մեկնարկեց: Հայ շախմատիստները 4-2 հաշվով հաղթեցին բելգիական «Բորգերհուտին»: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը հաղթեց Ստեֆան Դոքսին: Իրենց մրցավեճը հաղթանակով ավարտեցին նաեւ 5-րդ եւ 6-րդ խաղատախտակների վրա հանդես եկած Զավեն Անդրեասյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Ռիխարդ Վեդերին եւ Էմանուել Նիետոյին: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց Հակոբյան-Վեմերս, Սարգսյան-Հենկ Վեդեր պարտիաներում: Մեր թիմից միակ պարտությունը կրեց 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Արման Փաշիկյանը, որը զիջեց Էրիկ դե Հանին:

Հարկ է նշել, որ Լեւոն Արոնյանն իր վարկանիշով (2773) մրցաշարի մասնակիցների մեջ լավագույն արդյունքն ունի: Ընդհանրապես տարբեր թիմերում ընդհանուր առմամբ հանդես են գալիս 2700-ից բարձր վարկանիշ ունեցող 18 գրոսմայստերներ: Արոնյանից հետո իրենց վարկանիշով հաջորդ տեղերում են Բորիս Գելֆանդը (2756), Վասիլի Իվանչուկը (2756), Պյոտր Սվիդլերը (2741), Վուգար Հաշիմովը (2740) եւ Հիկարու Նակամուրան (2735):

Նշենք, որ միավորների հաշվարկը կատարվում է առաջին հերթին մրցախաղերի արդյունքներով: Թիմային հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքինՙ 1: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է բոլոր պարտիաներում առավելագույն միավորներ վաստակած թիմին: Այնպես որ, կարեւորվում է ոչ միայն մրցախաղը շահելը, այլեւ հնարավորինս խոշոր հաշվով հաղթանակ տոնելը:

Տղամարդկանց մրցաշարի մեկնարկային տուրի 27 մրցախաղերից միայն մեկում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Դա բացատրվում է նրանով, որ առաջին տուրում վարկանիշով բարձր թիմերը մրցում էին ավելի ցածր վարկանիշ ունեցող ակումբների հետ: Երեք թիմեր մրցակիցներին հաղթեցին 6-0 հաշվով ու գլխավորեցին աղյուսակը: Նման հաշվով Գերմանիայի «Բադեն Բադենը» պարտության մատնեց իր հայրենակիցներինՙ «Սոլինգենի» շախմատիստներին: Ուկրաինական «Կիեւչեսը» հաղթեց հունգարական «Հալադասին», իսկ Մակեդոնիայի «Ալկալոիդը» առավելության հասավ իր երկրի մյուս թիմիՙ «Կոշանիի» նկատմամբ:

2-րդ տուրում տղամարդկանց «Միկա» թիմի մրցակիցը կլինի Մոսկվայի ShSm-64 ակումբը: Մեր շախմատիստուհիները կմրցեն ռումինական «Պոլիտեխնիկայի» հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4