Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրում առաջատար քառյակից միայն երկրի չեմպիոն «Փյունիկը» հաղթանակ տարավ, որի շնորհիվ կարճատեւ ընդմիջումից հետո կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» «Հրազդանում» հյուրընկալվել էր հետնապահներից մեկին` «Կիլիկիային»: Դաշտի տերերը միայն առաջին խաղակեսում կարողացան լրջորեն դիմադրել չեմպիոնին` դարպասը պահելով անառիկ: Ընդմիջումից քիչ անց Էդգար Մալաքյանը վերջապես բացեց հաշիվը, իսկ մինչեւ խաղավերջ Մարկոսը 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը: «Փյունիկն» առաջնությունում խոշոր հաշվով 7-րդ հաղթանակը տոնեց եւ կրկին ստանձնեց առաջատարի դերը:
Ոսկե մեդալների համար պայքարում «Փյունիկի» գլխավոր հակառակորդ «Միկան» Աբովյանում հյուրընկալվել էր «Արարատին», որին հաղթել էր ընթացիկ առաջնության նախորդ 3 հանդիպումներում էլ: Արդեն առաջին խաղակեսում «Միկան» երկու անգամ հասավ հաջողության: Աչքի ընկան թիմի լեգեոնականներ Ուլիսես Մոնտենեգրոն եւ Բոտի Դեմելը: Ի դեպ, Մոնտենեգրոն վերջին երեք հանդիպումներում արդյունավետ է գործում` խփելով 4 գոլ: Թվում էր, թե «Միկան» այդ խաղում խոշոր հաշվով կհաղթի: Սակայն ընդմիջումից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: Շուտով արարատցի Կարեն Ավոյանը կրճատեց հաշիվը: 75-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Միկայի» վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլին: Մնալով 10 հոգով, «Միկայի» ֆուտբոլիստները դժվարությամբ էին դիմագրավում արարատցիների գրոհներին, որոնք ձգտում էին փրկել խաղը: Եվ դա նրանց հաջողվեց: Խաղավարտից 4 րոպե առաջ «Արարատը» 11մ հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց թիմի ավագ Արթուր Մինասյանը: Գրանցվեց մարտական ոչ-ոքի (2-2): «Միկան» թանկարժեք 2 միավոր կորցրեց, ինչը թիմի համար կարող է ճակատագրական լինել չեմպիոնի կոչման համար մղվող պայքարում: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 4 տուր եւ «Փյունիկից» 2 միավորի տարբերությունը վերացնելը շատ դժվար կլինի, եթե հաշվի առնենք «Միկայի» ծանր խաղացանկը: «Միկան» դեռ պետք է մրցի «Բանանցի» եւ «Ուլիսի» հետ, իսկ ավարտական տուրում ուժերը չափի «Փյունիկի» հետ:
Բավական սրվել է պայքարը բրոնզե մեդալների համար: Դեռեւս մի քանի տուր առաջ թվում էր, թե «Ուլիսը» կարող է իրեն հանգիստ զգալ: Սակայն ուլիսցիներն անհաջող խաղացին, փոխարենը 3 անընդմեջ հաղթանակ տարավ «Բանանցը»: Վերջինս այս տուրում հիանալի հնարավորություն է ստացել շրջանցելու «Ուլիսին», սակայն սեփական հարկի տակ ոչ-ոքի (0-0) խաղաց «Շիրակի» հետ: «Ուլիսն» իր հերթին անհաջողության մատնվեց սեփական հարկի տակ «Գանձասարի» հետ մրցավեճում: Ճիշտ է, հանդիպումը հաջող դասավորվեց ուլիսցիների համար: 39-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Լեւան Բուբուտեիշվիլին սեփական տուգանային հրապարակում անհարկի վայր գցեց Արթուր Քոչարյանին: Վերջինս էլ, որ ՀՀ առաջնություններում հոբելյանական` 300-րդ խաղն էր անցկացնում, 11 մ հարվածով բացեց հաշիվը:
Թվում էր, թե 2-րդ խաղակեսում «Ուլիսը» կզարգացնի հաջողությունը: Սակայն հյուրերը հենց 2-րդ խաղակեսի 1-ին րոպեին վերականգնեցին հավասարակշռությունը: Աչքի ընկավ թիմի վետերան, 36-ամյա Արսեն Ավետիսյանը, որը հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Ավետիսյանը խփեց բարձրագույն խմբի առաջնություններում իր 181-րդ գոլը, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆուտբոլում: Խաղավերջում «Գանձասարը» կորզեց հաղթանակը: Փոխարինման մտած Վիրգին Մարշավելան խփեց հաղթական գնդակը` ծանր կացության մեջ դնելով «Ուլիսին»:
Այժմ առաջնությունում դադար է հայտարարված, որի ընթացքում Հայաստանի ազգային, մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականներն ընտրական մրցախաղեր կանցկացնեն: Իսկ առաջնությունում ինտրիգը պահպանվում է` խոստանալով բավական հետաքրքրական վերջաբան:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 24 | 16 | 5 | 3 | 44-12 | 53 |
2. Միկա | 24 | 16 | 3 | 5 | 52-26 | 51 |
3. Ուլիս | 24 | 13 | 4 | 7 | 38-19 | 43 |
4. Բանանց | 24 | 13 | 3 | 8 | 35-21 | 42 |
5. Գանձասար | 24 | 10 | 2 | 12 | 22-35 | 32 |
6. Շիրակ | 24 | 5 | 8 | 11 | 22-45 | 23 |
7. Կիլիկիա | 24 | 4 | 4 | 16 | 17-44 | 16 |
8. Արարատ | 24 | 1 | 7 | 16 | 14-42 | 10 |
Ռմբարկուները
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 13 |
Բոտի Դեմել | «Միկա» | 12 |
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 11 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 10 |
ՍամվելՄելքոնյան | «Բանանց» | 10 |
Արտյոմ Ադամյան | «Ուլիս» | 9 |
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 8 |
Արսեն Ավետիսյան | «Գանձասար» | 7 |
Ուլիսես Մոնտենեգրո | «Միկա» | 7 |
Արա Հակոբյան | «Միկա» | 7 |