«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԵՆ ԵՎ ԿՎԱՎԵՐԱՑՎԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությանը: Ստորեւ` թարգմանաբար հատվածներ նրա հոդվածից:

Հայաստանի նախագահը հոկտեմբերի 4-ին ընդամենը 24 ժամ անցկացրեց Լոս Անջելեսում` Փարիզ եւ Նյու Յորք կատարած կարճ այցելություններից հետո: Երեք քաղաքներում էլ նրան դիմավորեցին վրդովված բողոքարկողներ, որոնք մեղադրում էին նրան Թուրքիայի հետ համաձայնություններում անընդունելի զիջումներ կատարելու մեջ:

Լոս Անջելեսի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցի համաժողովների ընդարձակ դահլիճում մոտ 60 համայնքային ղեկավարներ հրավիրված էին կարծիքներ փոխանակելու նախագահի հետ: Այդ նույն ժամանակահատվածում հազարավոր ցուցարարներ հյուրանոցի շրջակայքում պաստառներ պարզած պահանջում էին նախագահ Սարգսյանի հրաժարականը: Նրանց ձայնը լսելի էր 8-րդ հարկում գտնվող համաժողովների դահլիճում: Պատուհաններից նույնիսկ տեսանելի էր մի փոքրիկ ինքնաթիռ, որի պոչին ամրացված էր «Ո՛չ արձանագրություններին» պաստառը: Նախագահի բացման խոսքից հետո ինձ հրավիրեցին անդրադառնալու հրատապ հարցերին: Ողջունելուց հետո նախագահին Լոս Անջելեսում` հարցրեցի, թե ինչու էր նա որոշել հանդիպել սփյուռքահայերին Թուրքիայի հետ բանակցելուց եւ արձանագրությունները նախաձեռնելուց հետո միայն: Ի՞նչ էր նպատակը այս «խորհրդակցական շրջագայության», երբ Հայաստանն ու Թուրքիան ընդամենը մի քանի օր անց ստորագրելու էին արձանագրությունները Շվեյցարիայում: Եթե շրջագայության նպատակն էր հաճոյանալ սփյուռքին, ապա ինչու ավելի վաղ չէր կատարվել, նախքան հայերից շատերի խելագարության հասնելը եւ քաոսային տեսարանների առաջացումը Փարիզում, որտեղ ոստիկանությունը հազիվ էր զսպում ցուցարարներին, երբ նախագահը պատրաստվում էր ծաղկեպսակ դնել Կոմիտասի հուշարձանին: Լարված իրավիճակներում հնարավոր չէ հանգիստ ու իմաստալից երկխոսություն անցկացնել:

Միաժամանակ հարցականի տակ դրեցի այն, թե ինչքանով էր խելամիտ հաշտության եզրեր որոնել Հայաստանի երկարամյա թշնամիների հետ այն ժամանակ, երբ մենք` հայերս, մեծ դժվարություններով ենք հաշտվում մեկս մյուսի հետ: Հայ-թուրքական հանձնաժողով կազմելու փոխարեն անհրաժեշտ է ներհայկական աշխատանքային մի խմբակ ստեղծել` հասնելու համար մեկ ընդհանուր քաղաքական դիրքորոշման եւ հստակեցնելու աշխատանքի բաժանումը հայկական կառավարության եւ սփյուռքահայ համայնքների միջեւ:

Ես այն կարծիքն արտահայտեցի, որ արձանագրությունները ոչ միայն թույլ բանակցությունների արդյունք էին, այլեւ կնքված էին արտասահմանյան ճնշումների ներքո:

... Եթե արձանագրությունները ստորագրվեն եւ վավերացվեն եւ, եթե սահմանը բացվի, միեւնույն է, Հայաստանը դարձյալ կարող է հայտնվել «կոտրած տաշտակի» առաջ, եթե Թուրքիան ապագայում ինչ-որ պատրվակով որոշի փակել սահմանը նորից: Հարցրեցի նախագահ Սարգսյանին, թե պատրա՞ստ է արդյոք արձանագրություններին ավելացնել մի վերապահում, որ Թուրքիայի նմանատիպ քայլի դեպքում Հայաստանը պարտավորվում է ամբողջովին չեղյալ համարել համաձայնագիրը:

... Ավարտեցի իմ ելույթը` նախագահին խնդրելով չշտապել ստորագրել այդ թերի եւ վնասաբեր արձանագրությունները: Ինչո՞ւ փորձել մեկ փաստաթղթով լուծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առաջացած տասնամյակների խնդիրները: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմաններ բացելու վերաբերյալ ընդամենը մեկ տողով արտահայտված փաստաթուղթը լիովին բավարար էր լինելու:

Ի պատասխան իմ մտահոգությունների` նախագահ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց ընդունելու արձանագրություններում վերապահում ավելացնելու իմ առաջարկն այն մասին, որ եթե Թուրքիան որոշի սահմանը մի անգամ եւս փակել, ապա Հայաստանը չեղյալ կհայտարարի ամբողջ համաձայնագիրը:

Երեք ժամ տեւած հանդիպմանը, որի ընթացքում 29 ելույթ ունեցողներից շատ քչերը պաշտպանեցին արձանագրությունները, նախագահ Սարգսյանը շեշտեց, որ երբեք չի ընդունելու Հայոց ցեղասպանության փաստի վերաքննումը արձանագրություններում նշված պատմական ենթահանձնախմբի կողմից: Նա նշեց, որ այդ ենթահանձնախմբի հիմնական խնդիրն է լինելու ցեղասպանության հետեւանքները վերացնելու անհրաժեշտ ուղիներ որոնելը: Նախագահը նաեւ արտահայտեց իր ակնկալություններն այն առումով, որ տվյալ համաձայնագիրը նոր հորիզոններ էր բացելու թուրք հասարակությանը իրազեկելու Հայոց ցեղասպանության մասին: Նա կտրականապես ժխտեց Արցախի հարցում ճնշումների հետեւանքով զիջումների գնալու հնարավորությունը:

Հաշվի առնելով նախագահ Սարգսյանի կտրական հրաժարումըՙ ընդունելու թուրքական կողմի երկու կարեւոր պահանջները (ցեղասպանության փաստի վերաքննում եւ Արցախի հարցում զիջումներ), մարդ ակամա մտածում է, թե արդյոք Թուրքիայի խորհրդարանի անդամները երբեւէ կհամաձայնե՞ն վավերացնել այս արձանագրությունները եւ բացել Հայաստանի հետ սահմանը:

Եզրափակելով այս երկար հանդիպումը` նախագահ Սարգսյանը ընդունեց, որ ինքն էլ մտահոգություններ ունի արձանագրությունների որոշ կետերի առնչությամբ, որոնք ամբողջ խորությամբ չեն գնահատվել: Նա նշեց, որ արձանագրությունները կարող են փակել հետագայում Թուրքիային պահանջներ ներկայացնելու հնարավորությունը եւ կարող են դժվարություններ առաջացնել Արցախի հակամարտությունը լուծելու խնդրում: Նման մտահոգություններ արտահայտեց նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Տեր-Ղուկասյանը, որն ընկերակցում էր նախագահ Սարգսյանին:

Հակառակ արտահայտված մտավախություններին` նախագահի ընդհանուր ելույթից պարզ էր, որ նա կողմնակից չէ վերանայելու արձանագրությունները եւ մտադրված է ստորագրված եւ վավերացված տեսնել դրանք հնարավոր որոշ վերապահումներ ավելացնելուց հետո:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4