«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


«ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ»

Խոսքը Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրելու ենթադրությունների մասին է: Երեկ կայքէջում նշելով այդ մասին, BBC-ի թուրքական ծառայությունը գրում է. «Ստացած տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 14-ին ֆուտբոլային պատասխան խաղի համար Թուրքիայում կլինի հայ առաջնորդ Սարգսյանը: Այդ ընթացքում թուրքական մամուլը կանխատեսում էր անում, թե հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն կստորագրեն հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն Նալբանդյանը ֆրանսիական AFP-ին տված հարցազրույցում չհաստատեց այդ տեղեկությունը, միաժամանակ ակնարկելով, որ անպատեհ է համարում Թուրքիայի արած այս կարգի հայտարարությունները:

Նալբանդյանն այնուհետեւ շարունակեց. «Սա երկկողմ գործընթաց է: Հետեւաբար, եթե հայտարարության անհրաժեշտություն ծագի, ապա դա պետք է միասին արվի: Միակողմանի հայտարարություն չպետք է անել»: Հայաստանի արտգործնախարարը մտահոգություն հայտնեց նաեւ որոշ նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի գործելակերպի առնչությամբ: Նալբանդյանը բուռն հակազդեցությամբ արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտահայտությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները եզրափակիչ փուլ են մտել: «Եթե Ադրբեջանի նախագահն այդպիսի բան է ասել, ապա կհուսամ, որ Ադրբեջանը կկատարի կարգավորման անհրաժեշտ քայլերը: Չեմ հասկանում, թե որտեղից են հորինում այդ բաները», եզրակացրեց Հայաստանի արտգործնախարարը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4