Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հերթական անգամ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները շարունակելու նպատակով, ինչպես եւ նախապես էր խոսվում, Քիշնեւում հոկտեմբերի 8-ին: Այդ մասին, ադրբեջանական «Թրենդ նյուզ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, տարածաշրջանային այցելության ավարտին երեկ Բաքվում հայտարարել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի տեղեկացմամբ, համանախագահները Երեւանից Բաքու մեկնել էին արդեն իսկ հանդիպման առաջարկի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ: Քիշնեւում հանդիպելու առաջարկին դրական պատասխան է տվել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նախագահները կհանդիպեն ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը Բաքվում նաեւ հայտարարել է, որ Քիշնեւում ստորագրության համար որեւէ փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին չի ներկայացվել:
Ա. Հ.