«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ԱՐՑԱԽՑԻ ԵՎ ՋԱՎԱԽՔՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՎՃԱՐԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՉԱՓ

Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկվեց մի փոփոխություն, որով Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքիՙ Հայաստանում սովորող ուսանողներն այսուհետեւ ուսման համար կվճարեն այնքան, որքան Հայաստանի ուսանողները: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծերի վերջնական տարբերակները ձեւավորվել են Ն. Զոհրաբյանի, ինչպես նաեւ Շիրակ Թորոսյանի եւ Կարեն Ավագյանի դիտողությունների հիման վրա: Սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիների համար նախատեսված ուսման վարձավճարը չի կարող գերազանցել տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափը: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, Անահիտ Բախշյանի ներկայացմամբ, առաջարկությանը տվել է դրական եզրակացություն: Պատգամավոր Շիրակ Թորոսյանն իր ելույթում ջավախահայ ուսանողների անունից շնորհակալություն փոխանցեց օրինագծի հեղինակին` այս նախաձեռնությունը գնահատելով որպես կարեւոր արտոնություն Հայաստանում լիարժեք հայ զգալու ճանապարհին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4