«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒՍՊ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ-ՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թեքեյան մշակույթի կենտրոնում երեկ Արմենական-Ռամկավար-Ազատական կուսակցությունը հրավիրել էր գիտաժողով` քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների առկա փուլը եւ դրանց զարգացման հեռանկարները: Գիտաժողովին մասնակցում էին եւ զեկույցներով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը , ՀՀ ԳԱԱ արտասահմանյան ակադեմիկոս Երվանդ Ազատյանը , ՀՅԴ Հայ դատի հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը , թուրքագետներ Հակոբ Չաքրյանը եւ Ռուբեն Մելքոնյանը , սփյուռքի ներկայացուցիչներ:

Պարոն Կիրակոսյանը իր ելույթում հասկանալի համարեց հայ-թուրքական հարաբերությունների քննարկման համազգային բնույթը, քանի որ «Թուրքիան «սովորական» երկիր չէ մեզ համար»: Փոխնախարարը, ներկայացնելով փաստաթղթի տրամաբանությունը, շեշտեց. «Մենք հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ եւ դրանից 2 ամիս անց բացում ենք սահմանը»: Ինչ վերաբերում է մտավախություններին, Կիրակոսյանը նկատեց, որ Ղարաբաղի հարցի հաճախակի արծարծումը թուրքական տարբեր պաշտոնյաների կողմից ընդամենը փորձ է ճնշում գործադրելու մեր իշխանությունների վրա: «Ցեղասպանության վերաբերյալ ասեմ հետեւյալը,-շարունակեց փոխնախարարը,- այս հարցը մենք երբեւիցե չենք քննարկելու ստեղծվելիք պատմական, միջկառավարական հանձնաժողովում. այն հաստատված փաստ է»: Պարոն Կիրակոսյանը ավելորդ չհամարեց շեշտել, որ հայկական կողմի ջանքերով է, որ թուրքերի առաջարկած պատմական հանձաժողովին հակադրվել է միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը: «Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելով` մենք կպաշտպանենք նաեւ թուրքաբնակ ՀՀ քաղաքացիների իրավունքները, որոնք, թուրքական տվյալներով, 50-60 հազար հոգի են: Կիմանանք, թե ի՞նչ են անում նրանք, ինչո՞վ են զբաղված: Այժմ մենք որեւէ տեղեկություն չենք կարող իմանալ նրանց մասին», նկատեց փոխնախարարը: Նա նաեւ շեշտեց, որ ՀՀ-ն երբեք տարածքային պահանջներ չի դրել Թուրքիայի առջեւ եւ դրա իրավական հիմքերն էլ չունի. «Մենք բոլորս հասկանում ենք արեւմտահայերի ցավը, սակայն այսօր աշխարհում ընդունված է ուժային քաղաքականությունը, ասեմ նաեւ, որ եթե մենք ունենանք հնարավորություն` մեր հողերը վերադարձնելու, անպայման օգտվելու ենք դրանից», ավելացրեց Կիրակոսյանը:

Իր զեկույցում ակադեմիկոս Ազատյանը հայտարարեց, որ այսօր Կովկասը նոր փուլի առջեւ է կանգնած, եւ փոքր ազգերի դոգմատիկ քաղաքականությունը աստիճանաբար իր դիրքերը զիջում է իրատեսական քաղաքականությանը: «Այսօր Թուրքիան, պահելով իր ամուր կապերը Արեւմուտքի հետ, լավ հարաբերություններ է սկսել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանի փոքր երկրները պետք է օգուտ քաղեն այս հանգամանքից», ասաց պարոն Ազատյանը , ընդունելով, որ «Թուրքիայում դեռ կան «մեծ Թուրանի» երազանքները: Երբեք չպետք է ունենալ պատրանք, որ Թուրքիայի քաղաքականությունը կփոխվի, պետք է մեր հաշվարկները ունենանք, քանի որ Հայաստանի գոյությունը խոչընդոտում է Թուրքիային»:

Պարոն Ազատյանը նշեց նաեւ իր դիտարկած հասարակության 5 խմբավորումները, որոնք տարբեր կերպ են վերաբերվում հայ-թուրքական հարաբերություններին. «Դրանցից առաջինն այն խմբավորումն է, որը արդարացի վշտով «ալերգիա» ունի թուրքերից, երկրորդը իշխանություններին հակադրվելու համար համազգային խնդիրները անհատական շահերի տեսանկյունից ներկայացնող խմբավորումն է, երրորդը` ունենք խմբավորում, որը սրտացավորեն է մոտենում իշխանությունների վերցրած պարտականություններին, չորրորդը` իշխանական խմբավորում, որն անվերապահորեն ընդունում է իշխանական քաղաքականությունը, եւ հինգերորդ խմբավորում նրանք են, ովքեր ընդհանրապես անտարբեր են այս հարցին»:

Ակադեմիկոսի համար անհասկանալի է ընդդիմության կողմից նախարար Նալբանդյանի հրաժարականի պահանջը. «Մենք ո՛չ պետք է պահանջենք նախագահի հրաժարականը, ո՛չ էլ կասկածենք նախարարի դիվանագիտական հնարավորությունների վրա. ի՞նչ է, տկար կառավարությա՞մբ պետք է բանակցային սեղան նստենք Թուրքիայի հետ»:

ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը զեկույցից առաջ շնորհակալություն հայտնեց Արմենական-ռամկավարական կուսակցությանըՙ գիտաժողովը կազմակերպելու համար, եւ հույս հայտնեց, որ «մեզ մոտ ավանդույթ կդառնա ընդդիմախոսներին լսելը»:

Ըստ Մանոյանիՙ հայկական կողմը, ճանաչելով սահմանները, փաստորեն կատարում է ԱՄՆ-ի պահանջը: Նա նշեց նաեւ, որ նախագահի հայտարարությունների եւ ելույթների միջեւ իրենք մեծ հակասություններ են տեսնում. «Տեսեք. նախագահը հայտարարում է, որ միջկառավարական պատմության հարցերը քննարկող հանձնաժողովի ստեղծումը չի կարող խոչընդոտել ցեղասպանության միջազգային ճանաչմանը, բայց դրան հետեւում է ելույթ, որի ժամանակ նախագահը ասում է, մեջբերում եմ. «Գուցե որոշ երկրներում եւ որոշ հանգամանքներում հայկական լոբբիի համար կարող են ստեղծվել որոշ դժվարություններ», այս ամենից հետո մեզ մոտ առաջանում է անվստահություն, բայց ես համաձայն չեմ այն տեսակետին, որ նախագահին կարելի է դավաճան կոչել», շեշտեց Դաշնակցության ներկայացուցիչը: «Տնտեսական աճի հետ կապված ասեմ հետեւյալը. ասում ենՙ Թուրքիան 70 միլիոնանոց շուկա է, եւ մենք 23 անգամ մեծ հնարավորություններ ենք ունենալու, այդ դեպքում ինչո՞ւ 70 մլն-ից ավելի Իրանում չունենք այդ հնարավորությունները», նկատեց պարոն Մանոյանը: Դաշնակցական բանախոսը հայտարարեց նաեւ, որ եթե իրենք լինեին բանակցող, ապա արձանագրություններում ընդամենը կանդրադառնային նրան, որ երկու կողմերի միջեւ տեղի են ունեցել վեճեր, եւ դրանք պետք է լուծում ստանան միջազգային իրավունքի նորմերով: «Բացի այդ, Թուրքիան կպարտադրվեր բացել սահմանը (քանի որ նրանք են փակել): Տեսնում եք, այստեղ մենք ոչ մի բան չենք տալիս», նկատեց Մանոյանը:

Զեկույցի վերջում պարոն Մանոյանը խոստովանեց. « Մենք նախագահի հետ «խռով» չենք, ու ես չէի ուզենա, որ այս արձանագրությունները պառակտում մտցնեն մեր ազգի մեջ, որովհետեւ Թուրքիայի նպատակը հենց դա է, բայց այս գիտակցումը չպետք է մեզ խանգարի`ազատ քննարկել այս հարցը: Այնուամենայնիվ կարծում եմ, որ եթե այս արձանագրությունները վավերացվեն, ցեղասպանության միջազգային ճանաչումը կխոչընդոտվի, բայց ոչինչ` դժվար պայմաններում շատ ենք աշխատել»:

Թուրքագետ, «Ազգ» -ի քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը , անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի «ծագմանը», նկատեց, որ անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում մեծացել է Ռուսաստանի դերը, իսկ դա իր հերթին ձախողել է ԱՄՆ-ի Հարավային Կովկասի պլանը: «Հայաստան-Թուրքիա հաշտեցումը չի սահմանափակվում երկու երկրների հարաբերություններով. այն տարածաշրջանային նշանակություն ունի: Հենց այս պատճառով էլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արտահայտում են իրենց շահագրգռվածություններն այս հարցում»:

Չաքրյանի կարծիքովՙ արձանագրություններում կան խոցելի կետեր, սակայն նա չի ընդունում այն պնդումները, թե այս արձանագրություններով զիջումներ կլինեն Ղարաբաղի հարցում. «Եթե ՀՀ իշխանությունները ուզենային Ղարաբաղը զիջել, ապա սեպտեմբերի 2-ին (ԼՂՀ անկախության օրը) ՀՀ նախագահը Ստեփանակերտում հակառակ արտահայտությունները չէր անի, իսկ նախարար Նալբանդյանը Ստամբուլում թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ չէր հայտարարի, մեջբերում եմ. «Հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, ՀՀ-ն որեւէ զիջում ցեղասպանության եւ Ղարաբաղի հետ կապված չի արել, չի անում, եւ չի անի», փաստորեն ստացվում է, որ մեր ընդդիմությունը «օրինականացնում» է Թուրքիայի պահանջները, որպեսզի Թուրքիան դրանք իրագործի Հայաստանի դեմ», ասաց պարոն Չաքրյանը: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների ձախողման դեպքում, ըստ թուրքագետի, Հայաստանը կդառնա թիրախ միջազգային հարաբերություններում եւ ստիպված կլինի լինել զիջողի դերում:

Մեկ այլ թուրքագետՙ Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները` կապված երկու երկրներում տեղի ունեցող քննարկումների հետ: Ըստ նրաՙ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում բոլոր ուժերը ներկայանում են իրենց քաղաքական տրամաբանությամբ: «Թուրքական ընդդիմադիր ուժերը այս արձանագրություններն անվանում են «հայկական թակարդ» եւ խորհուրդ են տալիս չստորագրել այն», ասաց Մելքոնյանը, ավելացնելով. «Թուրքական իշխանություններին, սակայն այս քննադատությունները շատ չեն մտահոգում, քանի որ դրանք հնարավորություն կտան Մեջլիսում ձգձգելու այս հարցը: Որպես համեմատություն ասեմ, որ Հայաստանի ընդդիմության առարկություններն ավելի հիմնավորված են, իսկ Թուրքիայի պարագայում դրանք մի կողմից ավելի ազգայնամոլական են, մյուս կողմից էլ ուղղված են գալիք ընտրություններում քվեներ վաստակելուն»: Մելքոնյանը վկայեց նաեւ, որ սահմանների ճանաչման եւ պատմական հանձնաժողովի ստեղծման կետերի հայկական դժգոհությունները «կիսվում» են թուրքական կողմում. «Թուրքիայում այսօր ապրում է մի սերունդ, որը դաստիարակվել է այն համոզմունքով, որ ցեղասպանություն չի եղել, եւ հիմա, երբ խոսք է գնում պատմական հանձնաժողովի ստեղծման մասին, նրանք չեն հասկանում դրա իմաստը: Միեւնույն ժամանակ ասեմ, որ ոչ մի հայ պատմաբան ցեղասպանության հարցը չի դնի քննարկման»:

Մելքոնյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի կազմակերպած ստորագրահավաքին (հավաքվել է 25000 ստորագրություն) զուգահեռ Թուրքիայում նույնպես անց է կացվել նման ակցիա, եւ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի անցկացման վայր ընտրված Բուրսայում հավաքվել են դեմ արտահայտվողների 50000 ստորագրություններ: Զեկուցողը նշեց, որ երկու կողմերում էլ կան կարծրատիպեր, եւ անհրաժեշտ համարեց տարբերակել պոպուլիստական քաղաքականությունն առկա իրականությունից:

Ելույթ ունեցավ նաեւ Արմենական-ռամկավարական կուսակցության փոխատենապետ Արմեն Մանվելյանը : Նա ընդգծեց, որ հայ-թուրքական ներկա սահմանները «զեղասպանությամբ» գծված սահմաններ են, բայց մյուս կողմից էլՙ «Պետք է հարաբերություններ ունենալ հարեւանի հետ»: Ընդունելով Կիրո Մանոյանի շատ տեսակետներ` Մանվելյանը շեշտեց. «Պարզ է, որ սահմանը պետք է բացվի. այն Հայաստանին գավառական վիճակից դուրս է բերում լրիվ այլ հարթություն, սակայն հարցականներն այս հարցում ավելի շատ են»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4