«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո բազմաթիվ խնդիրներից զատ մտահոգիչ էր հատկապես սփյուռքի ռեակցիան: Ինչպես սպասվում էր` այն չուշացավ: Նախագահ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը փաստեց, որ, ի թիվս բազմաթիվ պրոբլեմների, կանգնած ենք լուրջ խնդրի առաջ. Հայաստանի եւ սփյուռքի միասնականությունը, որի լինելիությամբ տասնամյակներ շարունակ հպարտացել ենք, այսօր կարծես փլվում է, Հայաստանի եւ սփյուռքի ամուր թելերը քանդվում են: Այս մտավախության մասին շատերն են խոսել, մտահոգություններ ներկայացրել:

Փորձելով գնահատական չտալ այն բանին, թե այս օրերին ինչ է կատարվում սփյուռքահայ բազմաթիվ գաղթօջախներում, ճի՞շտ են, թե՞ քաղաքական-կուսակցական այլեւայլ նկրտումներով են կազմակերպվում բողոքի ակցիաներն ու հացադուլները, փաստենք, որ սփյուռքը հսկայական ներուժ ունի եւ շատ հարցերում Հայաստանն ուժեղ է հենց սփյուռքի շնորհիվ:

Տգեղ արարք է որակումներ տալ սփյուռքահայերին, անկախ նրանից, թե որ ուժին կամ կուսակցությանն են հարում, ու հատկապես հայության մի զգալի հատվածիՙ ազգի, ցեղի տականք բնորոշելը: Որակումներ տալը վատ արարք է, որից երեկ չհրաժարվեցին ՀՀԿ պատգամավորներ Կարեն Ավագյանն ու Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով սփյուռքում կազմակերպված բողոքի ակցիաներին, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը թերթերից մեկին նախորդ օրը տված հարցազրույցում հայտարարեց, թե սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, եւ մոլախոտը «մեր ազգից դեռեւս չի վերացել»:

Սահակյանն այս պնդումները հիմնավորեց Նժդեհի ուսմունքով, ըստ որի` հասարակությունը բաժանված է երեք մասի` ցեղակրոններ, հայրենասերներ ու «ցեղի տականք»: «Նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, երրորդ խմբում են: Ցեղի տականքը հենց բողոքողներն են, իսկ միտինգ անողները մեր տեսակից չեն», հայտարարել է Սահակյանը:

Երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, ընդօրինակելով ավագ ընկերոջը, երեկ «Հայելի» ակումբում, հայտարարեց, որ միշտ էլ ազգում եղել են տականքներ, որոնք հայոց պատմության ընթացքում խանգարել են հայ-թուրքական կարգավորմանը կամ դրա լուծմանը հասնելուն: «Արձանագրություններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկողները ազգի տականքներ են, որովհետեւ արձանագրությունները չեն նշանակում, թե Հայաստանը կասեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կամ պատրաստվում է քննարկել այդ փաստը», ասաց Ավագյանը:

Եթե Սահակյանն ու Ավագյանը ցանկանում էին այս կերպ օգտակար լինել ու իրենց զորակցությունը հայտնել հանրապետության նախագահին, փաստենք, որ չստացվեց: Ընդհակառակը, լարված մթնոլորտում, ինչպես ժողովուրդն է ասում, «կրակի վրա բենզին լցրեցին», ավելի ուժեղացրին Հայաստանի եւ սփյուռքի միջեւ սեպի խրումը, մեկ քայլով էլ օտարացրին սփյուռքահայերին, ինչը վստահաբար նախագահ Սարգսյանը չի ցանկանում անել ու հենց այդ սեպի հեռանկարից խուսափելու համար հանդիպումներ է կազմակերպում սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ հանգիստ ընդունում նույնիսկ ամենագռեհիկ դրսեւորումները բողոքավորների:

Խոսելով սփյուռքի բողոքի ալիքի մասին, ակնհայտ է մեկ բան. սփյուռքահայերը արձանագրությունների դեմ բողոքն արտահայտելու ավելի լավ տարբերակներ կարող էին ընտրել: Այնուամենայնիվ պետք է հարգել բոլորի կարծիքը, եւ հենց նախագահ Սարգսյանն այս ամենը հաշվի առնելով նախաձեռնեց համահայկական ուղեւորությունը: «Հայաստանի իշխանությունների նյարդերը տեղի են տալիս: Այդքան պարզ թվացող դավաճանական արձանագրությունների ստորագրումը բախվել է սփյուռքի վճռական դիմադրությանը եւ Երեւանում ոմանց մոտ չեն մնացել այլ փաստարկներ, քան վիրավորանքը», Գալուստ Սահակյանի խոսքերն այսպես մեկնաբանեց «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը , որի դաշնակցական հակումները ծանոթ են: Նրա դիտարկմամբ` այն վիրավորանքից հետո, ինչպիսին է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Գալուստ Սահակյանի ասածը անընդունելի է, սակայն նախագահը սփյուռքին պետք է պատասխանի` համամի՞տ է իր կուսակցի հետ, թե՞ դատապարտում է նրան:

«Նրանք փաստացի անում են հայտարարություն, որով ակնհայտորեն վիրավորում են ողջ հայությանը: Այս հայտարարության համար առաջինը պետք է մտահոգվեն Հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ուղղակի պարտավոր է ներողություն խնդրել հայ ազգից իր տեղակալի կատարած գռեհիկ հայտարարության համար», ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը :

Հոդվածը գրելու ընթացքում հիշեցի նախագահական ընտրությունների նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը` «Ով այստեղ (միտինգում) չէ, տականք է»: Այս արտահայտությունը երկար ժամանակ դարձել էր քննարկման նյութ: Շատերն էին արդարացիորեն վիրավորվել ու վրդովվել: Իրենց կարծիքներն այս խոսքերի վերաբերյալ արտահայտեցին նաեւ բազմաթիվ հանրապետականներ` իրավացիորեն քննադատելով Տեր-Պետրոսյանին: Բայց երեւի քննադատությունից դասեր չքաղեցին ու հետեւեցին առաջին նախագահի օրինակին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4