Մակեդոնիայում ընթացող շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց տղամարդկանց «Միկա» թիմը: Մեր շախմատիստները 3,5-2,5 հաշվով պարտության մատնեցին Մոսկվայի ShSm-64 թիմին: Մեր թիմի հաղթանակն ապահովեց 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային: Որպես կանոն, Գաբրիելը շատ հաջող է խաղում թիմային մրցումներում եւ Մակեդոնիայում եւս նա հավատարիմ է իր սկզբունքներին: Նա անցկացրած 2 պարտիաներում 1,5 միավոր է պարգեւել «Միկային»: Մրցախաղի մյուս պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ: Վերջինս իր վարկանիշով (2756) մրցաշարի մասնակիցներից զիջում է միայն Արոնյանին (2773): Հաշտություն կնքեցին նաեւ Հակոբյանն ու Կարյակինը, Փաշիկյանն ու Նայերը, Անդրեասյանն ու Նեպոմնյաչնին, Պետրոսյանն ու Գրաչովը: 3-րդ տուրում «Միկան» կմրցի «Կիեւչեսի» հետ:
2 տուրից հետո «Միկան» 13 թիմերի հետ վաստակել է 4 միավոր: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, «Միկան» զբաղեցնում է 14-րդ տեղը: 1-2-րդ տեղերը բաժանում են «Կիեւչեսը» եւ գերմանական «Բադեն Բադենը»: «Կիեւչեսը» 5,5-0,5 հաշվով առավելության հասավ «Վեսնիանկայի» նկատմամբ, իսկ «Բադեն Բադենը» նույնպիսի արդյունքով հաղթեց «Զալաեգերզեգի» թիմին: Ի դեպ, «Բադեն Բադենի» կազմում առաջին խաղատախտակի վրա հանդես է գալիս Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: Հենց նա էլ իր թիմից միակ կես միավորը պարգեւեց մրցակցին` հաշտություն կնքելով Ադամ Հորվաթի հետ:
Կանանց մրցաշարում առաջին միավորը վաստակեց «Միկան»` ոչ-ոքի ավարտելով մրցախաղը ռումինական «Պոլիտեխնիկայի» հետ: Մեր թիմից միայն Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ` առավելության հասնելով վրաց շախմատիստուհի Քեթեւան Արախամիա-Գրանտի նկատմամբ: Հարիկա Դրոնավալին եւ Նինո Խուրցիձեն հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ելենա Դեմբոյի ու Իզաբելա Պեպտանի հետ: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ալինա Մոտոցից, որի պատճառով «Միկան» զրկվեց հաղթանակից:
«Միկան» 1 միավորով 11 թիմերի մրցավեճում 10-րդ տեղում է: 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն լեհական «Պոլոնիա Վոտում» թիմի հետ: Վերջինս 2-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթել էր սերբական ԲԱՍ-ին: Կանանց մրցաշարի առաջատարը Թբիլիսիի «Սամայան» է, որը 2-րդ հաղթանակը տոնեց ու վաստակեց 4 միավոր: Վրացական թիմը 3-1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի «T-com»-ին: Վրացական թիմի առաջատարն աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն է, որն իր վարկանիշով (2506) մասնակիցներից զիջում է հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուին (2595), ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւային (2536), շվեդ Պիա Կրամլինգին (2535), Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկին (2533), բուլղարացի Անտոանետա Ստեֆանովային (2527) եւ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին (2516):
Երեք թիմեր` «Սպարտակը», «Մոնտե Կառլոն» եւ «Էկոնոմիստը» վաստակել են 3-ական միավոր: «Սպարտակը», որ մեկնարկային տուրում 4-0 հաշվով հաղթել էր «Միկային», ոչ-ոքի խաղաց «Էկոնոմիստի» հետ: Իսկ «Մոնտե Կառլոն» 4-0 հաշվով ջախջախեց «Վանդեուվրեին»: