Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը նախագահի համահայկական ուղեւորությունը գնահատում է դրական: Նա կանխատեսում էր սփյուռքում բողոքի ակցիաներն ու ցույցերը եւ ողջունում, որ մարդիկ իրենց կարծիքը հայտնում են:
«Շատ կարեւոր է, որ նախագահը լսում է թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ: Հայ-թուրքական հարաբերությունները սրտին մոտիկ խնդիր են: Ինձ համար էլ է էմոցիոնալ հարց, որովհետեւ տատիկս ու պապիկս Արեւմտյան Հայաստանից են գաղթել: Սակայն պետք է սառը գլխով մոտենալ, այսօրվա իրավիճակը հաշվի առնելով հասկանալ, թե որն է օգտակար: Մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է սահմանը բացվի, ազատվենք շրջափակումից»: Վարդանյանը փաստում է, որ արձանագրությունների բովանդակության հետ կապված կան մտահոգություններ, որոնք պետք է հաշվի առնել: Չպետք է մոռանալ, որ հարաբերություն ենք սկսում ոչ թե դաշնակից, այլ թշնամի երկրի հետ: Այդ փաստը չպետք է թուլացնի մեր զգոնությունը: Վարդանյանը չի բացառում, որ գուցե նախագահները չստորագրեն արձանագրությունները կամ խորհրդարաններն այն չվավերացնեն: «Մենակ մենք չենք, որ մտահոգություններ, դժգոհություններ ունենք: Թուրքիայում եւ Ադրբեջանում էլ այս փաստաթղթերը միանշանակ չընդունվեցին: Նրանք էլ են բողոքում, անհանգստանում: Նրանք էլ ունեն իրենց մտահոգությունները»:
Վարդանյանը խորհուրդ է տալիս չհաշվել սփյուռքահայերի տոկոսային հարաբերությունները` պարզելու, թե որ տոկոսն է կողմ արձանագրությունների ստորագրմանը, որը` դեմ: «Կան հազարավոր մարդիկ, որ դեմ են արձանագրությունների ստորագրմանը, կան նաեւ հազարավորները, որ ողջունում են հարաբերությունների հաստատումը: Սակայն պետք է առաջ շարժվենք, այլեւս հնարավոր չէ, որ շարունակենք այսպես ապրել, պետք է այս հարցը լուծենք»:
«Վերջին օրերին տարբեր կարծիքներ են հնչում, որ արձանագրությունների հրապարակումից եւ նախագահի համահայկական ուղեւորությունից հետո սեպ է խրվում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ», «Ազգ»-ի հարցին Վարդանյանը պատասխանեց. «Դա մեզանից է կախված: Միշտ չէ, որ ինչ-որ բանի շուրջը բոլորը համամիտ են, սակայն չպետք է թույլ տալ, որ սեպը խրվի: Տեսնում եմ այդ մտահոգությունները, բայց եթե աշխատենք, իրար լսենք, գուցե դա տեղի չունենա»:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, որ սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, եւ մոլախոտը մեր ազգից դեռեւս չի վերացել, Արփի Վարդանյանն ասաց. «Իհարկե, ճիշտ չէ, որ մարդը վիրավորական խոսքերով խոսի, բայց նշեմ, որ նաեւ եղել են շատ վիրավորական խոսքեր` ուղղված թե՛ սփյուռքահայերին, թե՛ նախագահին, թե՛ ուրիշներին, ինչը նույնպես պետք չէ անել»:
Մատնանշելով թերություններըՙ Վարդանյանը նկատում է, որ պետք է լավ մեխանիզմներ մշակել, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի լավ համագործակցեն, արդյունավետ աշխատեն: Նա փաստեց, որ Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ Կոնգրեսի օրակարգից դուրս չի եկել, եւ փաստաթուղթն արդեն ստորագրել են 132 կոնգրեսական: «Բացի Թուրքիայից ոչ ոք չի հերքում, որ եղել է ցեղասպանություն: Մենք էլ, թուրքերն էլ լավ գիտենք, որ մի օր նրանք ճանաչելու են ցեղասպանությունը, ճանաչելու են նախ իրենց համար, որ իմանան հայոց պատմությունը: Որպես հայ ուզում եմՙ նրանք ճանաչեն, որ իմ պատմությունը այլեւս չժխտվի: Վստահ եմՙ մի օր դա կլինի», ասաց Վարդանյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ