Հոկտեմբերի 10-ին Կրասնոդարում տեղի կունենա ռուս-վրացական առաջին միջազգային ֆորումը` «Ի՞նչ են ուզում ժողովուրդները» խորագրով: Ֆորումը նախաձեռնողը «Իվերիա» կրասնոդարյան հասարակական կազմակերպությունն է:
Մասնակցելու հրավեր են ստացել Ռուսաստանի վրացիների միությունը, բոլոր վրացական համայնքների ղեկավարները, այլ ազգային միությունների ղեկավարներ եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչներ: Ֆորումին կմասնակցեն ավելի քան 1000 հոգի, նրանք քննարկելու են ռուս եւ վրաց ժողովուրդների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
«Այսօր հարաբերությունները մեր մեջ շատ լարված են ու քաղաքականացված: Մենք ուզում ենք օգտագործել «Ժողովրդական ժողովրդավարությունը», ուզում ենք սկսել երկխոսությունը «մաքուր թղթից»` չհիշելով փոխադարձ վիրավորանքներն ու մտածելով նախ եւ առաջ այն մասին, թե ինչն է մեզ միավորում», հայտարարել է «Իվերիա» կազմակերպության ղեկավար Մինդիա Գուլուան:
Ֆորումի աշխատանքների վերջում նրա մասնակիցները հայտարարությամբ դիմելու են Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանություններին:
Հ. Ա.