Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնարկեքից ընդամենը հինգ ամիս է անցել, սակայն շինհրապարակ այց ելելիս մի պահ շփոթվում ես շինարարության լայն թափից, դժվարանում ես հավատալ, որ արդեն կառուցվում է չորրորդ հարկը եւ քանդվում է հին մասնաշենքի վերջնապատը` նոր շենքին մեկընդմիշտ միանալու համար: Նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը շինարարների հետ աշխատում է հանգիստ մթնոլորտում, որովհետեւ գոհ է շինարարության ընթացքից, ամեն մեկն իր գործն անում է μIախնդրորեն ու պատասխանատվությաUμ` ոչ մի մասնիկ դուրս չթողնելով նախապես մշակված աշխատանքային պլանից: Ինքն ամփոփ եւ սակավախոս Արթուր Մեսչյանի հետ զրուցելն, իրոք, դժվար է, չի սիրում հարցազրույցներ տալ, իսկ եթե պահի μերումով համաձայնում է, ապա հստակորեն զատում է գլխավոր ասելիքը` մի կողմ թողնելով մանրամասները: Մի μան, որ μYanas է ստեղծագործող, ուժեղ եւ Ynμազգաց անհատականություններին: Արթուր Մեսչյանի հետ մեզ հաջողվեց զրուցել Մատենադարանում, սակայն չհաջողվեց լուսանկարել նոր մասնաշենքի շինհրապարակում, քանի որ չի սիրում լուսանկարվել:
- Պրն Մեսչյան, հետաքրքրական է իմանալ, թե այժմ ի՞նչ փուլում են շինարարական աշխատանքները, եւ գո՞հ եք արդյոք կատարվածից:
- Մինչեւ այսօր կատարված շինարարական աշխատանքներն, իրոք, բավականին գոհացուցիչ են, որակի առումով ուղղակի խոսքեր չունեմ, ամեն ինչ արվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով: Շենքի հիմնարկեքից հետո աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, որեւէ շեղում չի եղել, եւ հենց այդ հանգամանքն էլ մեզ լավ տրամադրություն եւ լավատեսություն է ներշնչում:
- Մ. Նահանգներում մի շարք կառույցների գլխավոր ճարտարապետը լինելուց հետո, փաստորեն, Մատենադարանի նոր մասնաշենքը ձեր առաջին եւ խոշոր նախագիծն է Հայաստանում: Ի՞նչ բարդություններ են ծագում այստեղ կառուցման ընթացքում:
- Համեմատական զուգահեռներ անցկացնելով` կարող եմ ասել, որ բետոնային աշխատանքները բավականին բարդ են, որովհետեւ կորագծերի եւ այլ մասերի հետ կապված դժվարություններ կան, բայց ուրախալի է, որ գործն արվում է ամենաբարձր մակարդակով:
- Երեւանյան ջերմ աշունը, անշուշտ, նպաստավոր կլինի շինաշխատանքների համար եւ ավելի արագընթաց կդարձնի: Ի՞նչ տեսք կունենա շենքը մինչեւ տարեվերջ:
- Եթե եղանակային պայմաններն, իրոք, բարենպաստ լինեն, հուսով ենք, որ մինչեւ տարեվերջ շենքի կմախքը պատրաստ կլինի: Եթե հասնենք դրան, ես կհամարեմ մեծագույն հաղթանակ բոլորիս համար: Իսկ հաջորդ տարեսկզբից կսկսենք արտաքին հարդարման քարի աշխատանքները, ինժեներիայի տեղադրումը, եւ ամեն բան ըստ կարգի կընթանա:
- Նոր մասնաշենքում ինչպիսի՞ պայմաններ կստեղծվեն ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ու գրքերի պահպանության համար:
- Այս կառույցի գլխավոր նպատակը ձեռագրերի պահպանության համար կատարյալ անվտանգություն ապահովելն է, որի համար եւ նախագծվել է բավականին լուրջ բանկային համակարգի բունկեր` բաղկացած երեք հարկից. առաջինում տպագիր գրականության բաժինն է, երկրորդում` ձեռագրատունը, երրորդում` արխիվը: Բունկերի երեք բաժիններն իրար հետ կկապվեն հատուկ համակարգով, կկառուցվեն ներքին վերելակ եւ աստիճանավանդակ:
Հարմարավետության առումով ամենակարեւորն այն է, որ բունկերի ծածկի տարածքում նախագծված է ընթերցասրահը, որն ուղղակիորեն կապված է նշյալ բոլոր տարածքների հետ: Դա բավականին կարճ ու ապահով է դարձնում յուրաքանչուր ձեռագրի կամ գրքի ճանապարհը դեպի ընթերցասրահ: Կառույցի համար այս չափազանց կարեւոր խնդիրը կարելի է արդեն լուծված համարել, որովհետեւ բունկերը գրեթե պատրաստ է:
Հատուկ ուշադրություն ենք դարձրել գրքերի վերականգնման բաժնին, որը ստրատեգիական առումով Մատենադարանի գլխավոր մասերից է: Կարծում եմ, արդիական պայմաններն ու սարքավորումները թույլ կտան գրքերի վերականգնման աշխատանքները հասցնել ամենաբարձր մակարդակի:
- Իսկ ի՞նչ պայմաններ են ստեղծվում գիտաշխատողների համար:
- Բավականին լավ, իսկապես, նրանց համար աշխատանքային հարմարավետ պայմաններ ստեղծելու վրա հատուկ ուշադրություն ենք դարձրել: Ձեռագրատան հարեւանությամբ, միջանցքի երկայնքով կունենանք բավականին շատ սենյակներ` աչքի ընկնող ժամանակակից լուծումներով եւ պատուհանից բացվող գրավիչ տեսարաններով:
- Գլխավոր մասնաշենքում տեղակայված վարչական հատվածը մնում է նույն տեղո՞ւմ, թե՞ տեղափոխվում է նոր մասնաշենք:
- Գլխավոր մասնաշենքի վարչական եւ այլ նշանակության սենյակները նոր մասնաշենք տեղափոխելը մեր հաջորդ կարեւոր քայլն է: Վարչական մասը` բոլոր աշխատակիցների սենյակներով, կկենտրոնանա հին կիսակառույցի եւ նոր մասնաշենքի միջեւ ընկած հատվածում:
Կցանկանայի նաեւ նշել Մատենադարանի ներքին եւ արտաքին կյանքի համար խիստ կարեւոր մի տարածքի` 220 տեղանոց կոնֆերանսների դահլիճի կառուցման մասին: Այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, թարգմանիչների սենյակներով եւ կօգտագործվի ամենաբարձր մակարդակի հանդիպումների, գիտաժողովների եւ դասախոսությունների համար:
Բացի այդ, կստեղծվեն նոր տեխնոլոգիաների պահանջով գործող սրահներ, որոնցից մեկը կկոչվի վիրտուալ Մատենադարան, ուր մտնող այցելուն կկարողանա հատուկ տեխնոլոգիաների միջոցով դիտել այն ամենը, ինչ տվայլ պահին ցուցադրվում է բոլոր սրահներում:
Մի խոսքով, գիտական եւ սպասարկող անձնակազմի, ինչպես նաեւ այցելուների համար նոր մասնաշենքում կստեղծվեն Մատենադարանին պատշաճող բոլոր հարմարավետ պայմանները:
- Ի՞նչ կասեք գլխավոր մասնաշենքի մասին, այն վերածվելու է միայն թանգարանի՞, թե՞ այլ նպատակներ էլ կան:
- Գլխավոր մասնաշենքի տարածքում, բացի ներկայիս երկու ցուցասրահներից, կգործեն նաեւ նորերը, որոնք լիուլի հնարավորություն կտան ցուցադրելու Մատենադարանի հարուստ հավաքածուն, մի բան, որ անհնարին է այսօրվա նեղ պայմաններում:
Կարծում եմ, ցուցասրահների մակերեսը մոտ երեք անգամ կմեծանա, եւ դրա շնորհիվ կավելանա նաեւ այցելուների թիվը: Ժամանակավոր ցուցադրությունների համար կունենանք առանձին սրահ, հիմնական ցուցանմուշները պարբերաբար տեղից տեղ չտանելու համար: Մի խոսքով, նոր մասնաշենքի կառուցումը իր հետ բերում է աշխատանքների մեծ ծավալ` կապված ներքին եւ արտաքին հարդարանքների հետ:
- Շատերին մտահոգում է մասնաշենքի սեյսմիկ անվտանգության հարցը: Ի՞նչ կասեիք այդ մասին, որքանո՞վ է շենքն անվտանգ, Աստված մի արասցե, բնական հուժկու աղետների պարագայում:
- Եթե այս կառույցում կա մի բան, որի համար ընդհանրապես պետք չէ անհանգստանալ, սեյսմիկ անվտանգությունն է եւ այն ամենը, որ կապված է ճարտարագիտության հետ, որովհետեւ նոր մասնաշենքը ինժեներական հագեցվածության առումով կլինի ամենակատարյալը: Հետեւաբար, խնդրում եմ, այդ տեսանկյունից բնավ չանհանգստանալ:
- Ասացիք, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի շենքի կմախքը: Արդյոք դա թո՞ւյլ է տալիս ենթադրել, որ մեկ տարի անց կունենանք շենքի ավարտուն տեսքը:
- Ոչ, մեկ տարի հետո` ոչ մի դեպքում: Եթե կարողանանք նոր մասնաշենքը հանձնել 2011-ին, դրանից հետո կսկսենք շինարարության եւ նախագծման երկրորդ կամ երրորդ փուլը: Այնպես որ, եկեք ժամկետների հարցում չշտապենք, որովհետեւ ժամկետը նաեւ որակ է, աշխատանքային բարենպաստ պայմաններ եւ էլի հազար ու մի հարցեր:
Սա այն կառույցը չէ, որ պետք է շտապելով կառուցել, իհարկե, լավ կլինի, որ բոլորի ուշադրության կենտրոնում լինի, բայց չեմ ուզում, որ շուտ ավարտելը դառնա հաջողության չափանիշ:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ