«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՄԻՀՐԱՆ ԴԱԲԱՂԻ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

Դիարբեքիրում տարիներ առաջ նրա լույս աշխարհ գալն անափ ուրախություն բերեց նախ ծնողներինՙ շատ շատերի կրթությունն ապահոված, լռակյաց դարձած վերապրող հորը, մորը, ում ոտնաթաթին գաղթի ճամփան դրոշմել էր չսպիացող մի անցք: Ուրախությանՙ «մի հայ էլ ծնվեց» բացատրությունը սկսեց «սրբագրվել» դեռ այն ժամանակ, երբ արդեն Պոլսի դպրեվանքի սան էր ու տարբեր էր իր հասակակիցներից: Հետո ուսումնառության կրակը տարավ մի երկիր, ուր տարիներ անց կարելի եղավ իրականացնել դժվար երազանքըՙ իր ու միլիոնների ողբերգական կյանքի պատմությունը հենք դարձավ գիտության, հետազոտության: Հետո արդեն հենց նրանց հուշարձան կանգնեցրեցՙ ճակատագրի ձեւվածքով այն իրական անուն ստացավՙ Սփյուռքի եւ ցեղասպանության ինստիտուտ: Բոխումի համալսարանին կից հիշյալ հաստատության հիմնադիր տնօրենին այսօր առիթ կա շնորհավորելու. 65 տարին, իր հիմնադրած ինստիտուտի 15-ամյակի հետ ձեռք-ձեռքի անաղմուկ թակում է դուռը, փորձում չխանգարել, չկտրել գրասեղանից, ուր իր համար անսպառ աշխատանք կա, մեզ համարՙ վաղվա հպարտություն:

«Ասանկ բաներու երբեք կարեւորություն չեմ տված», այս անգամ էլ կասի իր տարեդարձի առիթով Միհրան Դաբաղը , ու մենք կհավատանք մարդու իրավունքների մրցանակակրի, ասպետի իր խոսքին: Դառը շոկոլադն ու անապակ գինինՙ ուրիշներից, մեզանիցՙ երկարակեցության, առողջության, բեղուն գրչի ու մեր թերթի էջերում նոր հանդիպման հույսը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4