«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին Երեւանում ավարտվեց Հայաստանի ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմի համար կազմակերպված անվտանգության ոլորտի կառավարման եւ վերահսկողության վերաբերյալ եռօրյա ուսումնական ծրագիրը, որի առանցքային թեմաներից էին ժողովրդավարական կառավարումը, կառավարման նորմերն ու չափանիշները:

Պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ փոխանակեցին գիտելիքներ իրենց փորձի մասին ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի Կենտրոնի աջակցությամբ, Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

«Զինված եւ անվտանգության ուժերի ժողովրդավարական կառավարումը եւ վերահսկողությունը մեկ գործընթացի փոխկապված բաղադրիչներ են: Դրանք առանցքային են ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների համար, որոնց նպատակն է նպաստել Հայաստանի անվտանգության սեկտորի արդյունավետությանը: Սեմինարի նպատակն էր տրամադրել մասնակիցներին վերահսկողության մեխանիզմների հետ աշխատելու հմտություններ, ինչպես նաեւ հնարավորություն` խթանելու ավելի արդյունավետ համագործակցություն պաշտպանության ոլորտում», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:

Ծրագրի շրջանակներում քննարկվեցին նաեւ ոլորտում որոշումների կայացման գործընթացները, քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողությունը, սահամանների անվտանգությունը եւ կառավարումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների դերը: Սեմինարին մասնակցեցին պետական մարմիններից բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ Ազգային ժողովից, Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից, Ազգային անվտանգության խորհրդից, Ոստիկանությունից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Անվտանգության ոլորտի բարեփոխումը եւ ժողովրդավարական կառավարումը կյանքի կոչելու համար կարեւոր է քաղաքական եւ քաղաքացիական հասարակության շահերի խմբերի ձեւավորումը: Որպես Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կազմակերպության հիմնադիր անդամ, որը աջակցում է կառավարություններին եւ հասարակություններին այս կարեւորագույն առաքելությունում` Հայաստանի փորձը ոլորտում ունի մեծ արժեք եւ հետաքրքրական է», - ասաց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին:

Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի տնօրեն Աղավնի Կարախանյանն ընդգծեց քաղաքացիական հասարակության կարեւոր դերը անվտանգության ոլորտի արդյունավետ վերահսկողության գործում. «Այս ծրագիրը լավ համագործակցության օրինակ է, եւ կարծում եմ կշարունակենք համատեղ աշխատանքը` աջակցելու բարեփոխման գործընթացին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4