Ըստ նրա` գլխացավի դեմ լավագույն միջոցը գլխատումը չէ
Երեկ առավոտյան Հայաստանի նախագահ եւ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ԱԱԽ ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից զատ մասնակցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստում, ինչպես եւ սպավում էր, քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ դրանց առիթով ընթացած հանրային քննարկումները, ներառյալ` Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունը: Ամփոփելով 6-շաբաթյա հանրային քննարկումները եւ իր ուղեւորությունից ստացած տպավորությունը` նախագահն ասել է. «Ի սկզբանե մենք գիտակցում էինք, որ անհնար կլինի ապահովել ներկայացվածության այնպիսի մակարդակ, որը կբավարարեր բոլորին: Բայց եւ այնպես, կարծում եմ, մեզ հաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովել կարծիքների եւ մոտեցումների լայն սպեկտր: Քանի որ այցիս նպատակը բնավ սփյուռքի հավաքական կարծիքին թվային վերլուծական տեսք տալը չէր, չենք կարեւորել դահլիճի ներսում յուրաքանչյուր մոտեցման կողմնակիցների համաչափ ներկայացվածության ապահովումը: Մեզ համար շատ ավելի կարեւոր էր լսել բոլոր հնարավոր մոտեցումները եւ ստանալ ողջ հնարավոր խորհրդատվությունն այս հարցում: Կարծում եմ` դա մեզ հաջողվեց», ասաց նախագահը:
Ուշացա՞ծ էին արդյոք այդ խորհրդատվությունները. «Կարծում եմ` այդպես կարող են մտածել միայն այն մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ավարտվում է արձանագրությունների նախաստորագրմամբ: Իհարկե, դա այդպես չէ: Ինձ համար սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարեւոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում եւ վավերացումից իրագործում բարդ եւ աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով»:
Հանդիպումների ժամանակ հնչած մտահոգություններից մեկը, թե Հայաստանը բավարար ռեսուրս չունի` հարաբերությունները հավասարը հավասարին կազմակերպելու համար, նախագահը սխալ մոտեցում համարեց. «Այո, մենք ունենք մեր ռեսուրսները մոբիլիզացնելու, նաեւ սփյուռքի ներուժը լիարժեք կերպով օգտագործելու անհրաժեշտություն: Բայց փաստարկը չի կարող, ըստ ինձ, բավարար լինել մեր երկրի ներսում ինքնամփոփվելու համար»: Սահմանի բացման դեպքում տնտեսական եւ դեմոգրաֆիական էքսպանսիայից վախեցողներին էլ նախագահն ասաց. «Կարծում եմ` դա նույնն է, ինչ ենթադրել, որ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատումն է: Ես առիթ ունեցա վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ մենք չենք համարում, որ արձանագրությունները կարող են ընթերցվել որպես Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի բանակցային դիրքերը կաշկանդող փաստաթղթեր: Ավելին, ես վերահաստատեցի մեր մոտեցումը հնարավոր կարգավորման պայմաններին` առանց որեւէ սահմանափակման ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր իրավական կարգավիճակի որոշում: Կարեւորում եմ, որ դա եւս մեկ անգամ վերահաստատեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի հետ հեռախոսազրույց եմ ունեցել Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ: Այս հարցում հասկանալի են ե՛ւ մեր հայրենակիցների մտահոգությունները, ե՛ւ Թուրքիայի ղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Իհարկե՛, մեր փոքր տարածաշրջանում բոլոր գործընթացները կարող են իրար վրա ազդեցություն ունենալ: Խոսքն այլ բանի մասին է` մենք պատրաստ չենք եւ երբեւէ չենք գնալու միակողմանի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում` անկախ այն բանից, թե դրա դիմաց մեզ ինչ կարող է առաջարկվել», ասաց նախագահ Սարգսյանը:
Ցեղասպանության ճանաչումից մտահոգության խնդրի վերաբերյալ. «Կարծում եմ` ակնհայտ է, որ որեւէ հայ մարդ երբեւէ չի կարող չբարձրաձայնել մեր` աշխարհասփյուռ եւ սեփական կենսատարածքից զրկված ժողովուրդ լինելու պատճառները: Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում մենք պարտականություն ունենք եւ այդ պարտականությունը կատարելու ենք մինչեւ վերջ:
Ինձ համար ցավալի էր, որ զգացմունքների ալիքի վրա մեր քույրերից եւ եղբայրներից մի քանիսը կորցրեցին իրենց քայլերի գաղափարական հենքը: Եթե մեր բոլորի արդար պահանջը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Ցեղասպանության փաստի ընդունման կարեւորության բարձրաձայնումն է, ապա հենց դրան էր, որպես խորհրդանիշ, ուղղված իմ համահայկական ուղեւորությունը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց սկսելու նպատակը: Ակնկալում էի, որ պետք է ոչ թե 100 հոգանոց սադրանքով, այլ բազմահազարանոց ցույցով ի հայտ դնեինք մեր համախմբվածությունն ու դիրքորոշումն այս հարցում:
Եվ, վերջապես, կար մտահոգություն առկա սահմանների ճանաչման հարցում: Իմ պատասխանը նույնն էր` տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: Կան 21-րդ դարի քաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ես նաեւ առիթ ունեցա ընդգծելու, եւ բազմիցս լսեցի նաեւ սփյուռքահայ մեր քույրերի եւ եղբայրների այն արդար մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի լայն են, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»:
Ամփոփելով համահայկական ուղեորությունը` նախագահ Սարգսյանն ասաց. «Սփյուռքի համայնքներով իմ այս կարճատեւ, բայց չափազանց հագեցած ուղեւորությունն ինձ շատ կարեւոր ազդակներ հաղորդեց: Ես առիթ ունեցա եւս մեկ անգամ գնահատելու մեր հավաքական ինքնության ներուժը: Ես հնարավորություն ունեցա եւս մեկ անգամ զգալու, թե որքան տարբեր ենք մենք` կախված մեր ծննդատեղից, բնակության համայնքից, անդամակցած կազմակերպությունից եւ, միաժամանակ, որքան նման ենք` շնորհիվ հայկական հավաքական մեր ինքնության:
Սփյուռքում ես լսեցի նաեւ սատարման եւ խրախուսման բազում խոսքեր: Չեմ ուզում դրանց առանձին անդրադառնալ, քանի որ ստորագրման ողջ պատասխանատվությունը կրում ենք մենք, որպես պետություն եւ պետական այրեր, եւ մենք չենք պատրաստվում պատասխանատվության բեռը դնել որեւէ մեկի վրա: Իմ նպատակը բնավ այն չէր, որ վերադառնալով համահայկական ուղեւորությունից ասեմ, որ ողջ սփյուռքը կողմ է Հայաստան-Թուրքիա առկա արձանագրությունների ստորագրմանը»:
Այնուհետեւ Ազգային անվտանգության խորհուրդը քննարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը: Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին նախաստորագրված փաստաթղթերին: