Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում երեկ միաձայն հավանություն է տրվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին:
Նիստում ամփոփվել է հարցի մեկշաբաթյա քննարկումների ընթացքը եւ արձանագրվել է, որ Հայաստանը նախաստորագրել է արձանագրությունները` հավատարիմ իր հռչակած դիրքորոշմանը, այն է` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում` առանց նախապայմանների: Նիստից հետո հրավիրված ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը համարում է կարեւոր խնդիր. «Բայց մենք նաեւ հայտարարում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում պահպանվում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը որեւէ առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Ինչ վերաբերում է այս խնդրի հետ կապված սփյուռքում եւ հայրենիքում հնչող տարբեր մտահոգություններին` վստահ եղեք, որ բոլոր մարտահրավերները հաշվառվում եւ քննարկվում են: ԱԱԽ աշխատակազմն այսօր լրջորեն զբաղված է այդ խնդիրների ուսումնասիրությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգընթաց կմշակվի համապատասխան ծրագիր, կիրականացվեն համապատասխան քայլեր, անհանգստանալու ոչինչ չունենք: Այսօր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող գործոններ չկան»:
Ա.Բաղդասարյանն ասել է, որ հայ թուրքական հարաբերությունների կարգավորմամբ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի տուժի: Ստեղծվելիք ենթահանձնաժողովի շրջանակում հարցը կմիջազգայնացվի, քանի որ ենթահանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես հայ եւ թուրք մասնագետներ, այնպես էլ` այլ երկրների մասնագետներ, եւ դա լավ հնարավորություն է` մեր ձեռքի տակ եղած բազմաթիվ փաստերով խոսելու ցեղասպանության եւ դրա հետեւանքների վերացման մասին:
Ինչ վերաբերում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա ուղեւորությանը` անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է, որ այն խիստ կարեւոր նշանակություն ունեցավ. նախագահը լսեց սփյուռքի մեր հայրենակիցների տեսակետը` եւ քննադատություն, եւ սատարող խոսք, ինչն օգտակար կլինի Հայաստանի հետագա քայլերում:
«Հայ-թուրքական հարաբերություններում կան խնդիրներ, բայց մենք չպետք է վախենանք խնդիրների մասին խոսելուց. խնդիրների հետ չպետք է կռվել, դրանք պետք է քննարկել եւ լուծել», ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նա կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական նշանակությունը` շեշտելով, որ դա նոր իրավիճակ է ստեղծում մեր տարածաշրջանում, բարձրացնում է Հայաստանի դերը Հարավային Կովկասում: Հայ-թուրքական հարաբերությունները փաստացի գոյություն ունեն, ուղղակի դրանք պետք է դնել իրավական հիմքերի վրա: «Մենք չպետք է վախենանք մեր ապագային շիտակ եւ համարձակ նայելուց», ասել է Ա. Բաղդասարյանը:
Հնչեցվել է նաեւ ՕԵԿ դիրքրոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, այն է` կուսակցությունը հանդես է գալիս հարեւանների հետ հարաբերությունները նորմալացնելու օգտին, այդ մասին նշված է ՕԵԿ բոլոր նախընտրական ծրագրերում, ինչպես նաեւ` քաղաքական հայտարարություններում: