«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2009-10-07 | #181, 2009-10-08 | #182, 2009-10-09


«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

Հայտարարել է վարչապետ Էրդողանը «Ուոլ սթրիթ ջոռնըլ»-ին տված հարցազրույցում

Հոկտեմբերի 7-ին «Ուոլ սթրիթ ջոռնըլ»-ը հրապարակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում վերջերս արած հարցազրույցի այն հատվածի սղագրությունը, որը Հայաստանին է առնչվում: Այդ մասին տեղեկացնում է Նյու Յորքի թուրքական կայքէջը: Ըստ հրապարակված սղագրության, Էրդողանը ամերիկյան թերթին հայտնել է, որ շաբաթ օրը` հոկտեմբերի 10-ին կստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները, եթե Հայաստանը արձանագրությունների տեքստում փոփոխություն չպահանջի, ապա եւ ասել է. «Այս համաձայնագրի ստորագրման հարցում ես որեւէ դժվարություն չեմ տեսնում, որովհետեւ աշխարհը գիտի եւ նորից կհամոզվի, որ մենք մեր խոսքի տերն ենք: Քանի դեռ արձանագրությունների տեքստում փոփոխություններ չի կատարվել, մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնագիրը»:

Էրդողանը միաժամանակ ընդգծել է. «Հայաստանի որդեգրած քաղաքականությունը պատանդ դարձնելու սփյուռքի ձեռնարկումներին հակադրվելու կարեւորությունը»: Այնուհետեւ նա շարունակել է. «Կցանկանայինք, որ համաձայնագրի ստորագրմանը ներկա լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Եթե ֆրանսիացիները չգան, գուցե ամերիկացիներն ու ռուսները կգան»:

Թուրքիայի վարչապետը մեծ նշանակություն է տվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 11-ին Քիշնեւում նախատեսվող հանդիպմանը: Նա մատնանշել է հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների փոխկապակցվածությունը: Թեեւ նա արձանագրությունների ստորագրումը չի պայմանավորել նշված հանդիպումով, բայց եւ այնպես նշել է, որ հանդիպմանը ձեռք բերված դրական որեւէ զարգացում դրականորեն է անդրադառնալու հայ-թուրքական գործընթացի վրա:

Էրդողանը «շատ կարեւոր» է համարել սփյուռքի հակազդեցության դեմ Հայաստանի նախագահի ընդունած կեցվածքը, ընդգծելով. «Եթե նա կարողանա պինդ կանգնել, եւ Հայաստանի քաղաքականությունը որոշի հայկական կառավարությունը, այլ ոչ թե սփյուռքը, այդ դեպքում, կարծում եմ, կկարողանանք առաջընթաց արձանագրել: Մենք այս առումով որեւէ խնդիր չունենք: Դա կախված է Հայաստանի կառավարությունից»:

Վերջում վարչապետ Էրդողանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի ազգային մեծ ժողովում կդրվեն փակ գաղտնի քվեարկության, եւ ոչ ոք չի վերահսկի պատգամավորների քվեն: Ապա վերստին անդրադարձել է սփյուռքի հակազդեցությանը. «Մեկ անգամ եւս եմ ընդգծելու, որովհետեւ չափազանց կարեւոր է սա: Հայաստանը չպետք է թույլ տա սփյուռքին, որ պատանդ դարձնի իր որդեգրած քաղաքականությունը»:

«Ուոլ սթրիթ ջոռնըլը» վարչապետ Էրդողանի խոսքերը մեկնաբանելիս, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, գրել է. «Թուրքիան հրաժարվում է իր առաջադրած առանցքային նախապայմանից, ստորագրելու համար Հայաստանի հետ սահմանի բացումը նախատեսող, ինչպես նաեւ Ցեղասպանության թնջուկի պատճառով տարանջատված երկու ազգերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատող համաձայնագիրը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4