«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2009-10-07 | #181, 2009-10-08 | #182, 2009-10-09


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ

Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցի համաձայնՙ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնամյակ ձգվող բանակցությունների ընթացքում հիմնական սկզբունքների նախնական ձեռքբերումները կարող են հաջողությամբ պսակվել:

«Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկած սկզբունքային հարցերում համաձայնեցման փուլում են: Հիմնական հարցերում անհամաձայնության հաղթահարումը կարող է հանգեցնել խաղաղ կարգավորմանը», այս կարծիքն են հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները` հավելելով, որ Հայաստան-Թուրքիա հաշտեցմանն ուղղված ջանքերը հնարավորություն են տվել նաեւ հանգուցալուծման հասցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Միջազգային ճգնաժամային խումբը նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են բազմակողմանի զիջումներ: Նրանք խորհուրդ են տվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ավելի շատ ջանք գործադրել իրենց երկրներում հասարակությանը պատրաստելու ուղղությամբ: Հրապարակված փաստաթղթում խումբն անդրադարձել է ստատուս քվոյի պահպանման վտանգին: «Պաշտոնական բանակցություններն էլ չեն նվազեցրել հակամարտության կարգավորման եւ խնդրի մոտալուտ հանգուցալուծման հանդեպ կասկածները թե՛ Հայաստանում, թե՛ Արբեջանում: Երկու կողմում էլ կա անվստահություն միջնորդավորված գործընթացի հանդեպ, երկու կողմերն ել կարծում են, որ բանակցությունները ձեւական բնույթ են կրում: Դա հանգեցրել է կասկածների, որ խաղաղ կարգավորումը նշանակում է հանձնվել, իսկ համաձայնագիր կնքած երկրների առաջնորդներն էլ կարող են մեղադրվել դավաճանության մեջ», ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած փաստաթղթում:

Խումբը մի շարք քայլեր է առաջարկում բանակցող ուժերին: Մասնավորապես առաջարկում են վերահաստատել հրադադարի պայմանները, ինչը հնարավորություն կընձեռի խաղարար ուժերի առաքելություն իրականացնելու, երբ հիմնախնդրի շուրջը համաձայնություն ձեռք բերվի: Ադրբեջանը պետք է վերանայի իր դիրքորոշումը եւ ընդունի ԵԱՀԿ-ի առաջարկները` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից: Երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն առաջ տանել խրամատները դեպի հակառակ կողմի դիրքերը: Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարության հետ, եւ Ադրբեջանը պետք է քայլեր ու մեխանիզմներ մշակեն` «գրավյալ» տարածքներից հայկական զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ; Մինչեւ 2009 թվականի վերջը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է պաշտոնապես հաստատեն սկզբունքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթը եւ ամբողջությամբ ծանոթացնեն դրանց բովանդակությանը հասարակություններին: Հայաստանը պետք է քաջալերի Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին` աջակցելու համաձայնագրին: Ադրբեջանը պետք է հնարավորություն ընձեռի Ղարաբաղի ադրբեջանցիներինՙ ավելի մեծ դերակատարություն ունենալու բանակցություններում եւ ներքաղաքական գործընթացներում: Առաջարկ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին` դադարեցնել գրավյալ տարածքների վերաբնակեցումը, ենթակառուցվածքների զարգացումն ու սեփականաշնորհումը այդ տարածքներում:

Փաստորեն հրապարակված կետերի մեծամասնությունը հակահայկական է եւ, միգուցե հերթական ապակողմնորոշող փաստաթուղթը նույնպես: Չպետք է մոռանալ, որ Միջազգային ճգնաժամային խումբը ուղղորդվում ու սնվում է նավթային շահեր ունեցող մեծ պետություններից ու կազմակերպություններից, հետեւաբար զարմանալի չէ, որ փաստաթուղթը ոչ թե բացահայտ հակահայ է, այլ չի համապատասխանում իրականությանը` առաջնորդվելով մի շարք պետությունների շահերով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4