Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը նահանգի Օրեյնջ շրջանում անց է կացրել, այսպես կոչված, Ադրբեջանի «շնորհանդես»:
Միջոցառումը ողջունել են շրջանի ավագանիների խորհուրդը եւ անձամբ խորհրդի նախագահ Պատրիսիա Բեյթսը, որը ադրբեջանցի դիվանագետներին է հայտնել իրենց գոհունակությունը` միջոցառման կազմակերպման առիթով, եւ կազմակերպել է հատուկ ընդունելություն:
Իր հերթին ադրբեջանցի հյուպատոս Էլին Սուլեյմանովը խոսել է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընկերության եւ զգացվող դինամիկայի մասին:
Ադրբեջանի հյուպատոսը հանդիպումներ է ունեցել նաեւ շրջանի շերիֆի հետ եւ Կալիֆոռնիայի քաղաքական գիտությունների համալսարանի ուսանողների համար անց է կացրել սեմինար:
Վերջինիս ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան գործընկերային հարաբերությունները, ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացները, կասպյան տարածաշրջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ եւ Ադրբեջանի «մատուցած ծառայությունները» համաշխարհային քաղաքակրթությունումՙ որպես թափանցիկ երկիր: Իհարկե, պարոն հյուպատոսը չի նշել, թե ի՞նչ քաղաքակրթության եւ ի՞նչ դերի մասին է կոնկրետ խոսում:
Օրերս նախատեսվում են հյուպատոսի այցելությունները նաեւ Սան Դիեգոյի համալսարաններ:
Հ. Ա.