Հոկտեմբերի 7-ին Փարիզ ուղեւորվելուց առաջ Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Թուրք լրագրողները, ինչպես Նյու Յորքի թուրքական կայքէջն է նշում, նրան հարցրել են Հայաստանի նախագահի Թուրքիա գալու-չգալու, համահայկական ուղեւորության ժամանակ վերջինի դեմ սփյուռքահայ շրջանակներում բարձրացված բողոքի ալիքի մասին, իսկ Գյուլի պատասխանները ստացել են պաշտոնական Երեւանին եւ նախագահ Սարգսյանին հասցեագրված «խորիմաստ ուղերձի» բնույթ:
Լրագրողներից մեկը Աբդուլլահ Գյուլին հիշեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների վերակառուցման եւ հայ-թուրքական արձանագրությունների մոտալուտ ստորագրման մասին եւ հարցրել. «Սփյուռքն այս ամենի առնչությամբ բողոքի ալիք է բարձրացրել ընդդեմ Սարգսյանի: Ի՞նչ կարծիքի եք այս ալիքի մասին, նա գալո՞ւ է Բուրսայում նշանակված ֆուտբոլային պատասխան խաղին»:
Գյուլը բառացի պատասխանել է. «Թուրքիան մեծ ջանք է գործադրում, որ ողջ տարածաշրջանում, մասնավորապես Կովկասում, ապահովվի վստահությունն ու կայունությունը, եւ համապարփակ համագործակցության մթնոլորտ ստեղծվի: Տեսնում ենք, որ այս հարցերում շատ կարեւոր դեր ունեցող երկու երկրները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով են ներգրավում, ինչը ողջունելի է: Նրանք նախագահների մակարդակով ձեռնամուխ են եղել Կովկասում կայունության հաստատմանն ու մնացած մյուս հարցերի կարգավորմանը: Հուսով ենք, որ այս դրական մթնոլորտում երկխոսության եւ բանակցությունների միջոցով կկարգավորվեն Կովկասի բոլոր խնդիրները եւ անհրաժեշտ նախապայմաններ կստեղվծի համագործակցության համար: Մեր արտգործնախարարությունն, ինչ խոսք, հետեւում է այդ գործընթացին եւ իրազեկում (հայկական կողմի) արած հայտարարությունների բովանդակության մասին: Դուք գիտեք, որ ինքս առանց նախապայմանի գնացի Հայաստանում կայացած խաղին: Կցանկանայի, որ նույն ձեւով էլ Թուրքիա գար Հայաստանի նախագահը: Ես իրեն հրավիրել եմ: Մենք նրան կցուցաբերենք այդ նույն հյուրասիրությունը, ինչ ինքն է մեզ ցուցաբերել»:
«Սարգսյանը ընդունե՞լ է հրավերը» հարցին ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է. «Դեռ ժամանակ կա»:
Հ. Չ.