«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2009-10-07 | #181, 2009-10-08 | #182, 2009-10-09


«ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Ըստ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանի

Նախորդ օրը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2008-ի տարեկան հաշվետվությունը եւ խախտումների ու չարաշահումների այնպիսի փունջ էր ներկայացրել, որ այսօր շարունակվող քննարկումներում անգամ իշխանական կոալիցիայի պատգամավորներն էին արմացած-զարմացած մնացել: ՎՊ-ն 2008-ի բյուջեի ծախսերից ընդամենը կարողացել էր ստուգել 47 մլրդ դրամի ծախս, որից 8 մլրդի վերաբերյալ խախտումներ, հավելագրումներ, չկատարված, բայց ծախսված գումարներ եւ այլ թերություններ էր հայտնաբերել: Այդ խախտումներից ՎՊ ստուգումների արդյունքում 1 մլրդից պակաս գումարն է վերականգնվել, 1,5 մլրդ դրամ վերականգնվել է աշխատանքով: 8 մլրդ դրամից ընդհանուր առմամբ 2 մլրդը համարվել է անարդյունավետ ծախս: Օրինակ` Գեղարքունիքի մարզում կադաստրային արժեքից շատուշատ պակաս արժեքով հողեր են վաճառվել, որը հետո վերավաճառել են սկզբնական վաճառքի գնի համեմատ ահռելի բարձր գներով, եւ ինչպես ԱԺ միջանցքում էին իրար հետ քննարկում որոշ զարմացած պատգամավորներ. այդ տեսակ գործարքների արդյունքում 3 մլն դոլար վաստակող է եղել: 940 մլն դրամի խախտում եղել է առողջապահության, 220 մլն դրամի գյուղատնտեսության (ոչ մեծ վերականգնումներ եղել են` չենք նշում) նախարարություններում:

Երեկ պատգամավորները շարունակեցին տաք քննարկել ներկայացրած փաստերը` նաեւ չխուսափելով որակումներ տալուց: Ամենաթունդը, խորհրդարանական ընդդիմությունից ավելի թունդ խոսեց ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը . «Ես ավելին կասեմ, քան ընդդիմության ներկայացուցիչները», ասաց նկատելով, որ ՎՊ հաշվետվությունը մանրամասն կարդալով փոխել է նրա վերնագիրն իր օրինակի վրա` «ՎՊ հաշվետվությունը գանձագողության վերաբերյալ» վերանվանելով. «Աշխարհի ամենասարսափելի արատը , որ պետություններ է կարողանում քայքայել, ո՛չ կաշառքն է, ո՛չ էլ կոռուպցիան, այլ գանձագողությունը, դա գողություն է ժողովրդից: Դա սարսափելի արատ է, պետությունը թուլացնելու, պետության միջազգային վարկը գցելու ամենասարսափելի արատն է: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են թալանում բյուջեն` համաժողովրդական ունեցվածքը, սա ՎՊ-ի աշխտանքի արդյունքում երեւաց...Էս հաշվետվությամբ էս պետական չինովնիկների մեծ մասն էստեղ չպիտի լինեն», ասաց նա` որպես համազգային խնդիր մատնանշելով` գանձագողության դեմ պայքարի համալիր ծրագրի մշակումը, որի ամենամեծ դերակատարը պետք է լինի ՎՊ-ն: Նա համոզված էր, որ ՎՊ-ի ֆունկցիաները պետք է ընդլայնել` պատժիչ ֆունկցիա տալ:

Որ ՎՊ լիազորությունները պետք է ընդլայնել` դեմ չէր նաեւ նրա կուսակից, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, թե չէ. «Նպատակներդ բարի են, որ դուք վերականգնում եք (մսխված միջոցները բյուջե վերադարձնելու մասին է խոսքը), բայց դուք դրա իրավասությունը չունեք: Պատկերացրեք, որ այլ վերահսկիչ լիներ եւ ստուգեր ձեզ, կասեր, որ դուք օրենք եք խախտել: Այսինքնՙ իմ ասելիքն այն է, որ յուրաքանչյուր կառույց պետք է իր լիազորությունների սահմաններում աշխատի»: Նա նկատեց, որ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել նաեւ ՎՊ-ում, իսկ Իշխան Զաքարյանի հնչեցրած աղաղակող խախտումների եւ խախտումատեր կազմակերպությունների եւ համայնքների ղեկավարների, պաշտոնյաների մասով էլ նեղսրտեց. «Ես ինչո՞ւ պետք է բարոյական, քաղաքական պատասխանատվություն կրեմ նախարարի, համայնքի ղեկավարի, կամ չգիտեմ մեկ ուրիշի համար, որ մի օրվա մեջ երեք միլիոն է աշխատում: Քրեաիրավական բնույթի որեւէ խախտման կամ կասկածի դեպքում դուք պետք է այդ գործերն ուղարկեք դատախազություն: Եվ մենք կարող ենք օրենքով ամրագրել կապը, որ դատախազությունը հաշվետու լինի ՎՊ-ին (բայց այստեղ դատական իշխանության անկախության սկզբունքը կխախտվի-Մ.Խ.): Բայց անհնար է, որ հասարակությունը տեսնի` ինչ դուք ասում եք` էս մարդը 400 մլն է յուրացրել, ու հետո էդ մարդը գա այստեղ ու նոր բյուջե ներկայացնի»:

Ավելի ուշ Իշխան Զաքարյանը , լրագրողներից մեկի հարցին պատասխանելով` բացառեց կոռուպցիոն ռիսկը ՎՊ-ում: Բայց շարունակենք պատգամավորների հախուռն արձագանքները ՎՊ-ի արձանագրած խախտումներին: ՀՅԴ-ն ներկայացնող Լիլիթ Գալստյանը հուսահատվեց. «Դժվար է հուսահատության եւ հոռետեսության գիրկը չընկնել` տեսնելով, թե ինչ անթաքույց ցինիզմով են փոշիանում, գրպանվում կամ պարզապես գողացվում հանրային միջոցները.... Բա էս մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող պարտությունների ու ձախողումների համակարգային պայմաններում ինչպե՞ս ենք բացում սահմանը, երբ ներքին պաշտպանական իմունիտետ չունենք»:

  Վիկտոր Դալլաքյանը խստացավ. «Եթե այս զեկույցի արդյունքում գողերը չհայտնվեն ճաղերի հետեւոմ, կվարկաբեկվեն պետությունը, ողջ վերահսկողական կառույցը եւ Վերահսկիչ պալատը»: Դալլաքյանը ՎՊ-ի ստուգումների վիճակագրության վրա իր հաշվարկներն էր արել. «ՎՊ-ն բյուջեի 4 տոկոսն էր ստուգել եւ 8 մլլրդ դրամի խախտում հայտնաբերել 47 մլրդ-ի մեջ: Այս դինամիկայով, եթե ողջ բյուջեի վրա հայացք նետես` ուրեմն ողջ բյուջեի 1/5-ը գողացվել է»: Եվ եզրակացրեց, թե ՎՊ-ն այնպիսի ապարատ պետք է ունենա, որ ողջ բյուջեն կարողանա ուսումնասիրել:

Ստեփան Սաֆարյանը հորդորեց Իշխան Զաքարյանին` ՎՊ զեկույցի առաջարկների բաժնում ավելացնել նաեւ դատախազությանն ու իրավապահ մարմիններին ուղղված առաջարկների կետ. «Եթե սա է բազմահազար չինովնիկների նկարագիրը, ինչպես իշխանական թեւը ներկայացնող պատգամավորներն են ներկայացնում, այդ դեպքում այդպիսի՞ ընդունակություններով ենք մենք գնալու մրցակցության` շատ ավելի մրցունակ, շատ ավելի լուրջ ավանդույյթներ ունեցող պետության` Թուրքիայի հետ: Եթե մեր չինովնիկն ի վիճակի է ինքնուրույն, ինքնագլուխ վաճառել հողակտոր ամենաէժան գնով, իսկ եթե նրան ցույց տրվի թուրքական հազարավոր լիրաների պոչերը, ի՞նչ է անելու նա»: Անահիտ Բախշյանն ավելի առաջ գնաց. «Չարաշահումներ եւ ապօրինություններ թույլ տված պաշտոնյաները ոչ միայն չեն պատժվում. այլեւ մի յուղալի պաշտոնից անցնում են մի այլ յուղալի պաշտոնի»:

Ահա այսպես համերաշխ էին խորհրդարանական ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները երեկ ՎՊ զեկույցի շուրջը, ի դեպ, ՎՊ-ն նրանք բոլորն էլ կայացած կառույց համարեցին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4