«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2009-10-07 | #181, 2009-10-08 | #182, 2009-10-09


«ՄՈՆՈՊՈԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐԸ ԿԱԶԴԻ ԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

Հոկտեմբերի 6-ից 8-ը Երեւանում տեղի ունեցած Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստում քննարկվել են համապատասխան օրենսդրության խախտման համատեղ հետազոտությունների արդյունքները, առավել նշանակալի իրադարձությունները, գների մոնիտորինգի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմների հեռանկարային մոդելների մշակումը եւ այլն:

Երեկ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը եւ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, Ռուսաստանի հակա-մենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին խորհրդի նիստի աշխատանքների ընթացքի եւ արդյունքների մասին: Իգոր Արտեմեւը կարեւոր համարեց ծրագրի իրականացումը ԱՊՀ երկրներում` նշելով, որ անհրաժեշտ են փորձի եւ օրենսդրական միջոցների փոխանակումներ, նաեւ օգնել միմյանց հակամենաշնորհային քաղաքականության զարգացման գործում:

Աշոտ Շահնազարյանի խոսքերով` խնդիրն այսօր վերաբերում է օրակարգի հարցերի քննարկմանը. «Մենք այժմ համատեղ վարույթ ենք իրականացնում ԱՊՀ շրջանակների մի քանի շուկաների ոլորտներում, դրանք հատկապես ավիափոխադրումներն են, եւ երկրորդը վերաբերում է հեռահաղորդակցության մեջ ռոումինգային ծառայությանը: 3 ու 6 անգամ մեր ռոումինգային ծառայություններն ավելի թանկ են, քան Եվրոպայում գործող տարիֆները: Այս երկուսից բացի, մենք երկու ուղղություն էլ ենք փնտրում, թե որ հանրապետությունում ինչ խնդիրներ են առկա, եւ դրանք համատեղում ենք առանձին վարույթների շրջանակներում»:

Իգոր Արտեմեւը նշեց, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանի տնտեսական մրցունակության պաշտպանության պետական կոմիտեի աշխատանքին. «ԱՊՀ մյուս երկրները շատ բան ունեն սովորելու այս կառույցից: Ինչ վերաբերում է համատեղ հետազոտություններին, ապա նշեմ, որ ստեղծվել է հետազոտական շտաբ ավիացիոն փոխադրումների շուկայի ուսումնասիրության համար: Հարկավոր է վերանայել 90-ականների միջպետական պայմանագրերը, որոնք նպաստում են ոլորտի մենաշնորհացմանը: Հատուկ ստեղծված շտաբը հետազոտություններով պարզել է, որ ավիատոմսերի բարձր գները հիմնականում կապված են նրա հետ, որ միջպետական պայմանագրերում նշվում են 1-2 ավիափոխադրողներ»:

Շահնազարյանի խոսքերով` մոնոպոլ կարգավիճակ ունեցողները կարող են չարաշահումներ թույլ տալ, որը կազդի գնային քաղաքականության վրա. «Ավիափոխադրումների վերաբերյալ նշեմ, որ խնդիրը Երեւան-Մոսկվա 3 ռուսական ավիաընկերությունների եւ մեկ հայկական ավիաընկերության մասին է: Այսինքն` 4 ավիաընկերություններ զբաղված են, իսկ գների տատանումները շատ ցածր են: Դրանք կախված են ինքնաթիռի վառելիքի տեսակից, ինչպես նաեւ ուղեւորահոսքերի քանակից, որտեղ հակամրցակցային համաձայնություն կա: Ուսումնասիրենք, եւ կպարզվի, թե ի՞նչ ինքնարժեքով եւ ի՞նչ սահմաններում են աշխատում: Եթե տարբեր տեխնիկայով են իրականացվում շուկայում փոխադրումները, ապա այդտեղ տարբեր ինքնարժեքային տարրեր կան: Մենք վառելիքի գներով զբաղվեցինք, որից հետո գները 1540 դոլարից իջան մինչեւ 760 դոլարի սահմանները»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4