Մինչ հայկական սփյուռքի մի հատվածը շարունակում էր հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ բողոքի ալիք բարձրացնել ընդդեմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, սփյուռքահայ եւ հայաստանաբնակ գործարարներ հանդես եկան Թուրքիայում ներդրումներ կատարելու պատրաստակամությամբ: Այդ մասին գերմանական dw-world.de կայքէջում նշում է թուրք լրագրող Օքթայը, վկայակոչելով Թուրք-հայ բարեկամության խմբի համանախագահ Եներ Աթլըին, որը Հայաստանից բացի, հանդիպումներ է ունենում սփյուռքի հայ գործարարների հետ:
Այդ գործարարներից Աթլըն առանձնացրել է աշխարհի ամենահարուստ հային` Քըրք Քըրքորյանին, որը, նրա կարծիքով, մտադիր է ներդրումներ կատարել Թուրքիայում, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Ամերիկահայ գործարարը մասնավորապես ծրագրում է հյուրանոցային համալիրների ցանց ստեղծել Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քաղաքներում` իր նախնիների ծննդավայր Մարաշի գլխավորությամբ:
Թուրքիայում ներդրումներ կատարելու սփյուռքահայ գործարարների պատրաստակամության մասին նշել է նաեւ Թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքը: Ինչ վերաբերում է հայաստանցի գործարարներին, ապա գերմանական կայքէջում նշվում է, որ նրանք թուրքական տնտեսության նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, քան սփյուռքահայերը: Այս իրողությունը հաստատել է նաեւ Հայ-թուրք գործարար միության հայաստանցի համանախագահ Արսեն Ղազարյանը, թե Հայաստանում ձեւավորված մթնոլորտը միանգամայն բարենպաստ է Թուրքիայում ներդրումներ կատարելու համար:
Այդ ընթացքում Թուրք-հայ բարեկամության խմբի համանախագահն իրազեկել է գերմանական կայքէջին վերապատվելի Լեւոն Պարտաքճյանի նախաձեռնության մասին, նշելով. «Հայաստանի ամենահարուստ գործարարներից «Ավետիս» հեռուստաալիքի արտոնատեր Լեւոն Պարտաքճյանը սկզբունքային համաձայնության է եկել հագուստի թուրքական ֆիրմաներից մեկի հետ: Ծագումով մարաշցի Պարտաքճյանը հայ գործարարների շրջանում հայտնի է որպես Թուրքիայի հետ մերձեցման կողմնակից»:
Հ. Չ.