«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2009-10-07 | #181, 2009-10-08 | #182, 2009-10-09


ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հայերի հոսքը ԱՄՆ, որը սկզբնապես պանդուխտների ժամանակավոր բնույթ կրող տեղաշարժ էր, Օսմանյան կայսրությունում հայության նկատմամբ գործադրված պարբերական ջարդերի եւ Հայոց ցեղասպանության (1894-1896 թթ., 1909 թ., 1915-1923 թթ.) հետեւանքով վեր էր ածվել զանգվածային գաղթիՙ ընդգրկելով տնտեսական, քաղաքական, մշակութային ու կրոնական ապահով կյանքի հեռանկարներից զրկված եւ հասարակական ու սեռատարիքային բոլոր շերտերը ներառող հայրենի բնօրրանի ողջ տարածքի հարյուր հազարավոր հայերի:

Այդուհանդերձ, ամերիկահայերի կապը հայրենիքի հետ եղել է մշտական, անընդհատ ու անկապտելի: Այն դրսեւորվել է հենց սկզբիցՙ XIX դ կեսերից, երբ ԱՄՆ մեկնածներից շատերը զգալի ջանքեր էին գործադրում ասիական հետամնացության մեջ խարխափող հայրենի երկրի հոգեւոր ու տնտեսական զարգացումն ու բարգավաճումն ապահովելու, երկրում մնացած իրենց հարազատներին նյութապես օգնելու ուղղությամբ. այդ կապն ավելի է ստվարացել ու խորացել հետագա տարիներին, մասնավորապես, կայսրությունում հայության նկատմամբ ծավալված հալածանքների, բռնությունների ու պարբերական ջարդերի հետեւանքով:

Արդեն Առաջին աշխարհամարտի ընթացքում ու դրան հաջորդող տարիներին հայրենի ժողովրդի սատարմանն ուղղված ամերիկահայերի համախումբ ջանքերը դարձել են ավելի գործուն ու ծանրակշիռՙ կրելով թե՛ քաղաքական ու դիվանագիտական, թե՛ հասարակական, տնտեսական ու զինական բնույթ:

Պատերազմի հենց սկզբից ամերիկահայ մի խումբ ազգայինների ջանքերի շնորհիվ հնարավոր էր դարձել համախմբել տեղի հայ քաղաքական տարբեր ուղղությունները, որոնք ժողովրդի ու հայրենի երկրի համար ճակատագրական այդ պահին, որոշ բացառությամբ, հանդես էին բերել միասնաբար գործելու պատրաստակամություն:

Դեռեւս 1912 թվականից Փարիզում գործում էր Ամենայն հայոց Գեւորգ V կաթողիկոսի նշանակած եւ դաշնակից տերությունների ու ԱՄՆ-ի կողմից ճանաչված Ազգային պատվիրակությունը (նախագահՙ Պողոս Նուբար), որը հանդես էր գալիս արեւմտահայության անունից:

ԱՄՆ-ում Ազգային պատվիրակության լիազոր ներկայացուցչական մարմինը Ամերիկայի հայ ազգային միությունն էր (1917-ին, Բոստոն, հիմնադիր նախագահՙ Միհրան Սվազլյան), որը բաղկացած էր քաղաքական չորս կուսակցությունների (Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցական, Վերակազմյալ հնչակյան, Հայ սահմանադրական ռամկավար), Հայ եկեղեցու, Հայ ավետարանական համայնքի եւ ՀԲԸՄ ներկայացուցիչներից: Առաջին աշխարհամարտի սկսվելուց ի վեր առաջին անգամ հայ քաղաքական կուսակցությունները, մասնավորապեսՙ ՀՅԴ-ն, միասնականություն էին հանդես բերել ազգային կարեւոր ձեռնարկների իրականացման գործում: Կարճ ժամանակում ԱՄՆ-ում արդեն ստեղծվել էր միության 187 մասնաճյուղ: Ամերիկայի հայ ազգային միությունն իր հետամտած հայանպաստ լուրջ խնդիրների իրականացումը համագաղութային, մինչեւ անգամ միջազգային եւ հատկապես ամերիկյան կառավարական ու հասարակական մակարդակներով կազմակերպելու կարողությունների համար ամերիկյան պաշտոնական շրջանների կողմից ճանաչվել է որպես ամերիկահայ գաղութը ներկայացնող մարմինՙ դառնալով հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում:

Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-ի մայիսի 28) հիմնադրման հաջորդ տարինՙ 1919-ի սկզբին, որպես հայոց նորաստեղծ երկրի ներկայացուցիչ Փարիզ էր ժամանել ՀՅԴ գործիչ Ավետիս Ահարոնյանը, որը միաժամանակ հանդես էր գալիս նաեւ արեւմտահայության անունից եւ ի պաշտպանություն նրանց շահերի: Ավ. Ահարոնյանը եւ դաշնակցական մյուս գործիչները Պ. Նուբարին եւ պատվիրակության ոչ դաշնակցական պատգամավորներին կոչ էին անում համագործակցված ու միասնաբար գործելու նպատակով միավորել ազգային երկու պատվիրակությունները, քանի որ, ըստ նրանց, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը պիտի դառնար ապագա Մեծ Հայաստանի ատաղձը:

Մինչդեռ, ըստ Պ. Նուբարի ու Ազգային պատվիրակության արեւմտահայ գործիչների, անդրկովկասյան Հայաստանը, որպես նախկին ցարական Ռուսաստանի անբաժանելի մի մասնիկ, վաղ թեՙ ուշ նորից պիտի անցներ ռուսական գերիշխանության տակ: Այդ կարծիքին էին նաեւ դաշնակից տերությունները, մասնավորապեսՙ ԱՄՆ-ը, որոնք ձեռնպահ էին Ռուսաստանի ներքին գործերին միջամտելուցՙ հայտարարելով, որ «Կովկասյան Հայաստանի կազմութիւնը Ռուսական ներքին գործ մըն էր»: Ինչպես որ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1919-ի ապրիլի 20-ին դաշնակից երկրներին ուղարկած ծանուցագրում Հայաստանի կովկասյան Հանրապետության մասին գրել էր. «Ուրախութեամբ ողջունելով հանդերձ Հայաստանի անկախութիւնը, Ամերիկեան կառավարութիւնը որոշեց, թէ անոր վերջնական սահմանագծումը չի կրնար կատարուիլ առանց Ռուսիոյ հաւանութեան եւ աշխատակցութեան»:

Այդուհանդերձ, Ազգային պատվիրակությունը, ի շահ Հայոց հարցի, փորձել էր համաձայնության եզրեր գտնել ՀՀ դաշնակցական ներկայացուցիչների հետՙ կազմելու երկու պատվիրակությունների միացյալ խառը դահլիճ: Թեեւ Ավ. Ահարոնյանը նախապես համաձայնել էր այդ ծրագրին, այնուամենայնիվ ՀՀ ղեկավարությանը հղած նամակներում սխալ է համարել Պ. Նուբարին չափազանց մեծ լիազորություններ թողնելը. լավագույն դեպքում համաձայնելով, որ նա դառնար միացյալ պատվիրակության նախագահ, սակայն այդ դեպքում անգամ պատվիրակությունից պետք է հեռացվեին ռամկավարներ Արշակ Չոպանյանը, Վահան Թեքեյանը, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյանը, քանի որ, ինչպես Ավ. Ահարոնյանն էր գրում, միայն վերջիններիս աջակցությամբ Նուբար փաշան «ընդունակ է ինքզինքը թիւրքահայոց պաշտօնական ներկայացուցիչ հռչակել, նախագահ անգամ միացեալ ժամանակաւոր կառավարութեան»: Այնպես որ, երկու պատվիրակությունների միջեւ անհամաձայնությունը հետզհետե խորանում էր:

Ամերիկահայ ազգային ու կուսակցական գործիչները ոչ մի ջանք չեն խնայել Փարիզի երկու պատվիրակությունների միջեւ առկա անհամաձայնությունները հարթելու ուղղությամբՙ նյութապես ու բարոյապես աջակցելով երկուսին էլ: Մանավանդ որ, Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը խանդավառության ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ի հայության շրջանում: Ամենուրեք ազգային կուսակցություններ, տարբեր կազմակերպություններ ու միություններ կազմակերպում ու անց էին կացնում հայոց նորաստեղծ պետությանը սատարելու կոչված մասնավոր ու համագաղութային մակարդակի բազմաթիվ հանգանակություններՙ աջակցելու քայքայված տարածքի ռազմական, քաղաքական ու տնտեսական կյանքի վերականգնմանն ու զարգացմանը:

Երբ ֆրանսիական կառավարությունը մերժեց Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը աջակցելու Փարիզի ազգային պատվիրակության դիմումըՙ պատճառաբանելով, որ Հայաստանը դեռեւս պաշտոնապես ճանաչված պետություն չէ, պատվիրակությունը որոշել էր զինվորական առաքելություն ուղարկել ԱՄՆՙ վերջինիս պաշտոնական շրջաններից խնդրելով ռազմական, ռազմամթերային ու զինական աջակցություն: Այդ նպատակով 1919-ի հոկտեմբերի 9-ին զորավար Անդրանիկի ղեկավարությամբ եւ զորավար Հակոբ Բագրատունու, հրամանատար Հայկ Բոնապարտյանի ու փոխհրամանատար Մ. Տեր-Պողոսյանի անդամակցությամբ զինվորական առաքելության էր մեկնել ԱՄՆ: Միաժամանակ, ԱՄՆ էին ժամանել նաեւ ՀՀ ներկայացուցիչներՙ Հովհաննես Քաջազնունին (առաջին վարչապետ), դոկտոր Կարո Փաստրմաճյանը (Արմեն Գարոՙ Հայաստանի խորհրդարանի անդամ, ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ), պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյանը (Ազգային պատվիրակության փոխնախագահ եւ լիազոր ներկայացուցիչ), Արտաշես Էնֆիաճյանը (ֆինանսների նախկին նախարար), Արտեմ Փիրալյանը (գյուղատնտես), Սուրեն Մելիքյանը (սպա): ԱՄՆ կառավարությունը պատշաճ ընդունելության էր արժանացրել իր «փոքր դաշնակցի» ազգային ընտրանու ներկայացուցիչներին, իսկ ամերիկահայերն, ի պատիվ իրենց բարձրաստիճան հայրենակիցների, ամենուրեք խանդավառ ցույցերով են դիմավորել նրանց:

Այդտեղ զորավար Անդրանիկն ու հրամանատար Հայկ Բոնապարտյանը հանդիպել են երկրի պատերազմական նախարար Բեյքըրի հետՙ խնդրելով ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ՀՀ-ն արտաքին թշնամիներից պաշտպանելու եւ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ հետագայում նաեւ զինվորական մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Ամերիկացի նախարարը հավաստիացրել էրՙ ասելով, թե «Մեր լաւագոյնը պիտի ընենք Հայ ազգին համար»:

Պողոս Նուբարի հատուկ հանձնարարությամբ իր վրա դրված զինվորական առաքելությունն ավարտելովՙ զորավար Անդրանիկն ԱՄՆ-ում Փարիզի Ազգային պատվիրակության լիազոր ներկայացուցչիՙ Հայ ազգային միության հետ ձեռնամուխ էր եղել նաեւ հայ կարոտյալներին ու նորաստեղծ հանրապետությանը սատարելու կոչված «Փրկության հանգանակությանը»: Այդ առաքելությունն ԱՄՆ-ի արեւելյան, միջին եւ Կալիֆոռնիայի նահանգներում համապատասխանաբար իրականացնում էին Ամերիկայի հայ ազգային միության կողմից նշանակված գործիչներ Կարապետ Փափազյանը, Վահե Հայկը, Շահե վրդ. Գասպարյանը: Այդ միջոցառումը շարունակությունն էր 1919-ի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայումՙ Մանչեսթրում եւ Լոնդոնում, Անդրանիկի անցկացրած Հայ փախստականների հագուստեղենի ֆոնդի հանգանակության:

Ազգային պատվիրակության ներկայացուցիչ պրոֆ. Ա. Տեր-Հակոբյանի, ՀՀ ներկայացուցիչ Հ. Քաջազնունու, ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ դոկտոր Կարո Փաստրմաճյանիՙ զորավար Անդրանիկի հետ ԱՄՆ-ում կայացած համաձայնությամբ որոշվել էր «Փրկության հանգանակության» արդյունքը տնօրինել հետեւյալ կերպ. ՀՀ կառավարությանը հատկացնել հանգանակված ընդհանուր գումարի 40%-ը, Կ. Պոլսի պատրիարքությանըՙ 30%-ը, Կիլիկիայինՙ 20%-ը, ՀԲԸՄ-ինՙ 10%-ը: Հանգանակության կազմակերպման առիթով 1919-ի դեկտեմբերի 16-ին հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են Հայ առաքելական եւ Ավետարանական եկեղեցիների վարչությունները, Վերակազմյալ հնչակյան եւ Ռամկավար կուսակցությունների կենտրոնական մարմինները, ՀԲԸՄ շրջանային հանձնաժողովը: Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունները չեն մասնակցել:

Զորավար Անդրանիկի նախագահությամբ ընտրվել էր «Փրկության հանգանակության» կենտրոնական հանձնախումբ:

Հանգանակության ընդհանուր հաշիվները, բյուջեն ու դրամի առաքումը հսկելու նպատակով կազմվել էր ֆինանսական կոմիտե (Finance Committee) (անդամներՙ Հ. Թելֆեյան, Ա. Թիրեաքյան, Լ. Կոստիկյան), իսկ հանգանակության քարոզչությունն իրականացնելու նպատակովՙ հանրականության (քարոզչության եւ գովազդի) կոմիտե (Publicity Committee) (անդամներՙ դոկտոր Հովհաննես Ծովիկյան, Հակոբ Դերձակյան, Պողոս Նորհատ):

Զորավար Անդրանիկն ու հրամանատար Հայկ Բոնապարտյանը, շրջելով ողջ ԱՄՆ-ի երկայնքովՙ Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոսի ափերը, իրենց խանդավառ ելույթներով կոչ էին անում Հայաստանի համար ճակատագրական այդ պահին միահամուռ սատարել հայրենի ժողովրդի ու նորաստեղծ պետության տարաբնույթ կարիքներին: Ընդհանուր առմամբ հանգանակվել էր ավելի քան 530 հազար դոլար, որն առաքվել էր հետեւյալ նպատակներովՙ Հայաստանի Հանրապետությունՙ 175.140, Կիլիկիաՙ 109.170, Կ. Պոլսի պատրիարքությունՙ 130.600, ՀԲԸՄՙ 45.000, պարսկահայ կրթական գործերՙ 21.000, Ազգային պատվիրակությունՙ 20.000, հանգանակության ծախսերՙ 21.424, հաղթանակի արժեթղթերՙ 4.109, պատրաստի գումարՙ 5.290:

Ազգային պատվիրակության կազմակերպած «Փրկության հանգանակությանն» իրենց մասնակցությունը չբերած Դաշնակցությունը ԱՄՆ-ում գտնվող ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ղեկավարությամբ այդ նույն ժամանակահատվածում կազմակերպել էր առանձինՙ «Բանակին ի նպաստ» հանգանակություն (թեեւ մինչ այդ թուրքերին էին զիջել հսկայական ծավալներով սպառազինություն եւ հանդերձանք - ծ.խ.), որին ողջ ամերիկահայությունը եւս իր ակտիվ մասնակցությունն էր բերելՙ ընդհանուր առմամբ հավաքելով ավելի քան 560 հազար դոլար:

Զորավար Անդրանիկը, որը 1919 թ. ապրիլին իր բանակը զորացրել, իսկ զենքերն ու զինամթերքը հանձնել էր Ս. Էջմիածնին ի պահ, քանի որ հիասթափվել էր ժամանակի իշխող քաղաքական գործիչների անգործությունից, որոնք առանց դիմադրության, գիտակցաբար լքել էին թուրքական ճակատըՙ թշնամուն թողնելով ռուսական մեծաթիվ զենքն ու ռազմական պաշարները, այլեւս անիմաստ էր համարում «Բանակին ի նպաստ»-ի նման մեծածախս ձեռնարկի իրականացումըՙ տվյալ պահին արդեն առաջնային համարելով «թշուառ, սովամահ, տարագիր ու տարաբաղդ» ժողովրդի ֆիզիկական փրկության համար իրականացվող հանգանակությունը:

Ամերիկահայությունը, հավատարիմ իր արյան կանչին, մշտապես եղել է իր ժողովրդի կողքին, համախմբել գաղութի ողջ ազգային, մտավոր, մարդկային, նյութական եւ այլ կարողություններըՙ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական ու հնարավոր բոլոր այլ միջոցներով սատարելով հայրենի երկրի ու ժողովրդի կարիքներին:

ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող


Նկար 1. Զորավարներ Հակոբ Բագրատունի եւ Անդրանիկ

Նկար 2. Միհրան Սվազլյան

Նկար 3. Պողոս Նուբար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4