Մակեդոնիայում ընթացող շախմատի եվրոպական գավաթների խաղարկությունում հաղթարշավն է շարունակում տղամարդկանց «Միկա» թիմը: 4-րդ տուրում մեր շախմատիստները 3,5-2,5 հաշվով պարտության մատնեցին առաջատարին` գերմանական «Բադեն Բադենին»: Մեր թիմից մրցակիցներին հաղթեցին Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը: Երկուսն էլ մրցաշարում անդրանիկ հաղթանակները տոնեցին: Հակոբյանի մրցակիցը ֆրանսիացի Էթիեն Բաքրոն էր, Փաշիկյանն առավելության հասավ Արկադի Նայդիչի նկատմամբ:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Մովսիսյանի մրցախաղը: Մրցակիցները հաշտություն կնքեցին: Արոնյանն արդեն 3-րդ անընդմեջ պարտիան ոչ-ոքի ավարտեց: Նույնպիսի ավարտ ունեցան Սարգսյան-Վալյեխո, Պետրոսյան-Նիսիպեանու պարտիաները: Մեր թիմից միայն Զավեն Անդրեասյանն անհաջողության մատնվեց Մայքլ Ադամսի հետ մրցավեճում` կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը:
Այս հաղթանակի շնորհիվ «Միկան» զգալիորեն բարելավեց իր ցուցանիշները` վաստակելով 8 միավոր: Նույնքան միավոր ունեն միայն Սարատովի «Էկոնոմիստը» եւ մակեդոնական «Ալկալոիդը»: Լրացուցիչ գործակիցներով այժմ «Միկան» 3-րդ տեղում է: 5-րդ տուրում մեր շախմատիստներին կրկին հարկ կլինի մրցել առաջատարի` այս անգամ «Էկոնոմիստի» հետ: Վերջինս 4-2 հաշվով պարտության մատնեց իսրայելական «Բեեր Շեւային»: «Էկոնոմիստում» խաղում են Եվգենի Ալեքսեեւը, Պավել Էլյանովը, Եվգենի Տոմաշեւսկին, Բու Քսյանջին, Նի Հուան եւ Ալեքսանդր Մոիսեենկոն:
Կանանց մրցաշարում աղյուսակը եզրափակող «Միկան» այս տուրում խաղից ազատ էր, քանի որ մասնակիցների թիվը կենտ է: Մրցակարգի համաձայն, «Միկային» թիմային 2 միավոր գրանցվեց: Այսպիսով, առանց խաղի մեր շախմատիստուհիներին առաջին հաղթանակը գրանցվեց: Դրա շնորհիվ «Միկան» հեռացավ վերջին տեղից եւ 3 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը:
4-րդ տուրում փոխվեց առաջատարը: Շնորհիվ լրացուցիչ գործակիցների, աղյուսակը 6 միավորով գլխավորեց «Մոնտե Կառլոն», որը 4-0 հաշվով ջախջախեց սերբական «Ռադնիչկի» թիմին: «Մոնտե Կառլոյի» հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Համպի Կոներուն, Ալեքսանդրա Կոստենյուկը, Պիա Կրամլինգը եւ Էլմիրա Սկրիպչենկոն:
6-ական միավոր են վաստակել նաեւ 2-րդ եւ 3-րդ տեղերում ընթացող «Սպարտակն» ու Թբիլիսիի «Սամայան»: Եթե «Սպարտակը» 3-1 հաշվով հաղթեց ռումինական «Պոլիտեխնիկային», ապա «Սամայան» ոչ-ոքի խաղաց Սարատովի «Էկոնոմիստի» հետ: Վերջինս
«T-com»-ի եւ «Պոլոնիայի» հետ վաստակել է 5 միավոր:
5-րդ տուրում «Միկան» կմրցի սերբական ԲԱՍ-ի հետ: Վերջինս 4-րդ տուրում 3-1 հաշվով պարտության մատնեց «Վանդեուվրեին» եւ 4 միավորով ընթանում է 7-րդ տեղում: