Հայ հեղափոխական դաշնակցության երթը դեպի Ծիծեռնակաբերդ սկսվեց Հանրապետության հրապարակից: «Ո՛չ թուրքական նախապայմաններին», «Միություն, պայքար, հաղթանակ», «Նախագահ, մի՛ զիջիր» եւ այլ վանկարկումներով, հայրենասիրական երգեր երգելով, «Ոչ մի զիջում» եւ այլ պաստառներով 8-10.000 մարդ Հանրապետության հրապարակից Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Երթն անցնում էր կազմակերպված, կային ոստիկանական բազմաթիվ մեքենաներ, որոնք հսկում էին երթի ընթացքը, որեւէ արտառոց միջադեպ տեղի չունեցավ:
«Հայտնի է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվելու են հայ-թուրքական արձանագրությունները: Այս երթն ու հանրահավաքն ինչո՞վ կարող են խոչընդոտել արձանագրությունների ստորագրմանը» հարցին ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց. «Կային հազարավոր մարդիկ, որ ընդհանրապես տեղյակ չէին արձանագրությունների բովանդակությանը եւ մեր շնորհիվ ծանոթացան: Մեր շնորհիվ իշխանությունների դիրքորոշման մեջ էլ եղան փոփոխություններ: Նրանք ավելի հաճախ են խոսում մտահոգությունների մասին: Սա դեռ սկիզբն է: Դեռ կա այդ արձանագրությունների վավերացման փուլը, եւ եթե այդտեղ էլ ոչինչ չստացվիՙ կպահանջենք նախագահի հրաժարականը»:
ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիան սփյուռքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ու ցույցերի բարձրակետն է: «Եթե հաստատեն` կսկսենք իշխանափոխություն, կպահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը: Անելու ենք ամեն ինչ, որ ժողովուրդը ծանոթանա արձանագրություններին ու դեմ կանգնի դրանց, ընդվզի, բողոքի»:
Նախագահի նստավայրի դիմաց երթի մասնակիցներին էր սպասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Թեպետ ներքին լարվածությանը, սակայն ժպիտով եւ ձեռքսեղմումով դաշնակցական գործիչներ Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը նախ բարեւեցին Կարեն Կարապետյանին, այնուհետեւ հանձնեցին 11 քաղաքական ուժերի դիմում-պահանջը: Այնուհետեւ Արմեն Ռուստամյանը ներկաներին ներկայացրեց դիմում պահանջի բովանդակությունը: Նա նշեց, որ արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից: Նախաստորագրված արձանագրություններում առկա են պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին ու միասնությանը:
«Ներքաղաքական քննարկումների համար սահմանված վեց շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում դեմ է այս տեսքով փաստաթղթերի ստորագրմանը», ասաց Արմեն Ռուստամյանը: ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ Հանրապետության հրապարակում ստորագրահավաքին միացել են 50.000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: «Դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը` վճռական ոչ ենք ասում սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության եւ ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող այս արձանագարություններին եւ ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք: Հակառակ պարագայում դուք եք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար», եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
Վահան Հովհանիսյանն էլ վստահություն հայտնեց, որ երթով ու հանրահավաքով հնարավոր կլինի կասեցնել գործընթացը: «Այդ ժամանակ ԱԺ-ում ոչ թե քվեարկելու, այլ բարեփոխելու խնդիր կքննարկենք», ասաց Հովհաննիսյանը: Այնուհետեւ երթի մասնակիցները շարժվեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ հավաքվածների թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի: Արմեն Ռուստամյանն ասաց, որ Հանրապետության հրապարակը խորհրդանշում է անկախությունը, Ծիծեռնակաբերդը` մեր հիշողությունը, իսկ միակամությունը երաշխիքն է մեր ապագայի:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ