Լրացավ Հայաստանի նախկին ղեկավար Սուրեն Հարությունյանի ծննդյան 70-ամյակը: Մոսկվայի հայ եւ տեղի հասարակայնությունը նշեց ճանաչված քաղաքական գործչի ու դիվանագետի հոբելյանը:
Դժվար է միանշանակ գնահատել Սուրեն Հարությունյանի գործունեությունը Հայաստանի բարձրագույն պետական պաշտոնում, քանզի նրան բաժին ընկավ չափազանց բարդ ու հակասական անցումային մի ժամանակաշրջան: Հոբելյանական օրերին Մոսկվայում լույս տեսավ նրա ինքնակենսագրական գիրքը «Անցյալի ու ներկայի մասին» վերնագրով: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մոսկվացի դիվանագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՌԴ առաջին կարգի իսկական պետխորհրդական Յուրի Սոլոդուխինի խոհերը գրքի մասին:
Ավելի ճիշտ կլիներ գիրքն անվանել «Անցյալի մասինՙ ներկայի ու ապագայի համար»: Քանզի պատմելով XX դարի երկրորդ կեսն ու XXI դարի առաջին տասնամյակն ընդգրկող կոնկրետ պատմական ժամանակաշրջանի մասին, այն հագեցած է խորհրդածություններով բազմաբարդ իրողությունների շուրջը, որոնք ներառում են ե՛ւ մեծագործությունները, ե՛ւ սխալները, ե՛ւ բաց թողնված հնարավորություններ ու դրամատիկ սոցիալական բեկումներ:
Գրքի հեղինակն ապրել է եզակի, անսովոր ու դրա հետ մեկտեղ իր ժամանակի համար բնորոշ կյանք: Նրա կենսագրության ինքնատիպությունը հագեցվածությունն է տարաբնույթ իրադարձություններով, այն բանի բազմակերպությամբ, ինչն ընդունված է կոչել բախտի շրջադարձեր:
Իր գիրքը Սուրեն Հարությունյանը նվիրել է հայ ժողովրդին, եւ դա սոսկ հարգանքի տուրք չէ: Ստեղծագործությունը շնչում է անհուն սիրով իր հայրենիքի, նրա մարդկանց, մշակույթի, պատմության հանդեպ, ներթափանցված է վստահությամբ անկախ Հայաստանի, հայ ժողովրդի արժանի ապագայի նկատմամբ: Ընդ որում, այդ վստահությունը հեղինակը ոչ թե հայտարարում է, այլ հիմնավորում, վկայակոչելով ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, ազգային խառնվածքը, այլեւ այն հնարավորությունները, որոնք երկրի առջեւ բացում են գլոբալացումը, համագործակցությունը Ռուսաստանի, Արեւմուտքի, հարեւան պետությունների, սփյուռքի հետ:
Թերեւս առաջին անգամ ռուսերեն հանգամանորեն լուսաբանված են Հայաստանի նորագույն պատմությունը, նրա մանրամասները: Այդ ժամանակահատվածի ուղենիշները դարձան Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած վերակառուցումը, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները, 25 հազար մարդու կյանք արժեցած երկրաշարժը, Խորհրդային Միության անկումը եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ծնունդը:
Գրքում հատկապես մեծ ուշադրություն է նվիրվել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Եվ դա հասկանալի է, քանի որ հենց այդ ինքնավար մարզի իրադարձություններն էին էապես կանխորոշում իրադրությունը Հայաստանում, Ադրբեջանում եւ, ամբողջությամբ վերցրած, Խորհրդային Միությունում: Հարությունյանը հերքում է այն կարծիքը, թե, իբր, խորհրդային բարձրագույն ղեկավարության մեջ կային ուժեր, որոնք շահագրգռված էին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրման մեջ, քանզի դա առիթ կծառայեր երկրում արտակարգ իրադրություն մտցնելու համար: Առանց Ղարաբաղի էլ ԽՍՀՄ-ում իրադրությունը դառնում էր ավելի ու ավելի բարդ ու լարված: Դրա հետ մեկտեղ չի կարելի հեղինակի հետ չհամաձայնել այն հարցում, որ Արցախը, Սումգայիթը դարձան անբարեհուսության առաջին տագնապալի ազդանշանը ամեն մի բազմազգ պետության համար պոտենցիալ առումով ամենախոցելի բնագավառումՙ ազգամիջյան հարաբերությունների ոլորտում: Չի կարելի ասել, թե Գորբաչովը, նրա շրջապատը դա չէին նկատում: Նկատում էին, սակայն չկարողացան գտնել առաջացող էթնոքաղաքական կոնֆլիկտների կարգավորման գործուն եղանակ, ինչն էլ դարձավ ԽՍՀՄ-ի քայքայման հիմնական պատճառներից մեկը:
Նվազ հիմնովին չեն քննարկվում նաեւ այն ներքին ու արտաքին խնդիրները, որ հանրապետությունը լուծում է վերջին տարիներին, ներկայումս եւ նույնիսկ վերջին ամիսներին: Կարծում եմՙ նրանք, ովքեր հետեւում են Անդրկովկասում տեղի ունեցող գործընթացներին, տարածաշրջանի նորանկախ պետություններիՙ Ռուսաստանի եւ միմյանց հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին, այս գրքում կգտնեն ոչ քիչ նոր, հետաքրքրական ու կարեւոր վերլուծություններ: Անշուշտ, Հարությունյանի հայացքն իր երկրին սիրահարված մարդու հայացք է: Միաժամանակ դա հավասարակշռված, խոհական մարդու նայվածք է, որ իմաստնացել է քաղաքական, պետական, դիվանագիտական մեծ փորձով, որի սերը առ հայրենիք չի խանգարում նրան սթափ գնահատելու իրավիճակը հանրապետությունում, նրա ներկա ղեկավարության գործողությունները:
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Սակայն հեղինակը չի սահմանափակվում այդ թեեւ ճշմարիտ, բայց չոր ձեւակերպումով: Հայաստանի Հանրապետության, հայության զգալի մասի համար Ռուսաստանը շատ ավելին է: Պատմության ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի, ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ ձեւավորվել է ընդհանրության զգացում, որը դժվար է փոխանցել ռացիոնալ կերպով, սակայն նա առկա է երկու ժողովուրդների գիտակցության, սրտի, հոգու մեջ: Հարությունյանն անկեղծ է, երբ գրում է, որ ինչպես իր, այնպես էլ հայ ժողովրդի մեծ մասի համար Ռուսաստանն օտար չէ, այլ մերձավոր ու հարազատ երկիր է. «Երբ գրում ու խորհում եմ Ռուսաստանի մասին, դա անում եմ ոչ որպես կողմնակի անձ, այլ որպես այդ երկրի քաղաքացի, որն զգում է իր պատասխանատվությունը նրա հանդեպ: Ինձ համար Հայաստանն ու Ռուսաստանը մի ամբողջություն են»:
Հարությունյանը համոզված է, որ հենց Ռուսաստանի հետ համագործակցությունը պատմական հեռանկարը պետք է դառնա գերադաս ուղղության Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ինչը պայմանավորված է պատմական ու աշխարհաքաղաքական գործոններով: Միեւնույն ժամանակ, նշում է նա, Երեւանը չպետք է մոռանա բազմակողմ քաղաքականության անհրաժեշտության մասին, փորձելով զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով, վարելով իր հայամետ եւ ոչ թե ռուսամետ կամ ամերիկամետ քաղաքականությունը: Հայաստանի անվտանգության համակարգը, հիշեցնում է հեղինակը, հենվում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, կոլեկտիվ անվտանգությանն անդամակցելու, ՆԱՏՕ-ի, Եվրոմիության, ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների վրա: «Միակողմանիությունն այստեղ անընդունելի է: Դա է վկայում Վրաստանի տխրալի փորձը...»:
Հարությունյանը դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում նկատվող տեղաշարժերը, թեեւ արդարացիորեն նշում է, որ այդ գործընթացն այնքան է ճնշված ծանր անցյալով, որ չի կարող անցնել հետեւողականորեն ու հարթ, չհանդիպելով խոչընդոտների: Սակայն այդ ճանապարհի հաղթահարումը բխում է երկու երկրների շահերից: Պրագմատիկ է նաեւ Հարությունյանի մոտեցումը հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարի նկատմամբ: Մենք պետք է հաստատենք բարիդրացիական հարաբերություններ, գտնում է նա, եւ դա անխուսափելի է, քանզի անկարելի է հավերժ թշնամանալ: Ներկայումս այդ հարաբերությունները կառուցվում են ոչ այնքան ռացիոնալ, որքան զգացմունքային հենքի վրա: «Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ցավոք, գերակշռում է ոչ կառուցողական, թշնամական ճարտասանությունը, որը հասարակական կարծիքը չի տրամադրում փոխզիջման եւ հակասությունների մեղմացման, գրում է Հարությունյանը: Ներկա դրությունում երկու կողմերին կարեւոր է պահպանել զսպվածություն եւ հանգստություն: Այլընտրանք պարզապես չկա: Ցավոք, ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում մեծ ուժեր են ծախսվում ներքին օգտագործման համար, որպեսզի առավելագույնս արատավորվի հակառակ կողմը»:
Սուրեն Հարությունյանի գիրքը, անշուշտ, նկատելի երեւույթ է ժամանակակից հուշագրության մեջ ինչպես իրադարձությունների ընդգրկմամբ, իրազեկությամբ, այնպես էլ հեղինակի լուրջ խորհրդածություններով Ռուսաստանի եւ համաշխարհային պատմության բեկումնային գործընթացների շուրջը: Այն հետաքրքրությամբ կընդունվի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ սփյուռքում, քանզի արդիական շատ խնդիրներ իրենց արմատներով սնվում են այն ժամանակներից, որոնց նվիրված է այս գիրքը:
***
«Ազգ» թերթը շնորհավորում է Սուրեն Հարությունյանին նրա 70-ամյակի առթիվ: