«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2009-10-09 | #183, 2009-10-10 | #184, 2009-10-13


Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳՆԴԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ, ԵՎ ՄԵՆՔ ԲԱՎԱՐԱՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ` ՍՊԱՍԵԼՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»

Հոկտեմբերի 10-ին Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրանը հաջորդեց նախագահ Սարգսյանի մեկնումը Մոսկվա: Երեկ Հայաստանի նախագահը ուղեւորվեց Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մեկնումից առաջ նա պատասխանեց լրագրողների հարցերին:


- Պարոն նախագահ, արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` բաց սահմանի պարագայում Թուրքիա գնալ, կատարված է:

- Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան առանց որեւէ նախապայմանի: Խոսքը բավարար նախադրյալների առկայության մասին էր, եւ ես կարծում եմ այսօր այդ նախադրյալներն առկա են: Բացի այդ, ես ընդհանրապես հարաբերություններում շատ եմ կարեւորում փոխադարձության սկզբունքը: Երբ Թուրքիայի նախագահ պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին` եկավ Հայաստան, ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերը չընդունելու: Իմ կոլեգան գրավոր հրավեր է ուղարկել, եւ եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Բուրսա եւ սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին:

- Պարոն նախագահ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունները:

- Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է առաջին հերթին ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել, խստացնել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այնուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ, եւ, իմ կարծիքով, այդ հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ադրբեջանական լսարանին: Հակառակ պարագայում ինձ համար շատ տարօրինակ է` եթե իրոք թուրքերը չեն վավերացնելու արձանագրությունները, ապա ինչո՞ւ են ստորագրել նախօրեին: Միգուցե նրանք մտածում էին, թե մենք կարող էինք բավարար կամք չցուցադրել եւ նահանջի քայլ կատարել: Միգուցե: Բոլոր պարագաներում այսօր գնդակը գտնվում է թուրքական դաշտում, եւ մենք բավարար համբերություն ունենք` սպասելու իրադարձությունների զարգացմանը: Մենք մեր քայլերի մասին հրապարակավ հայտարարել ենք եւ առանց վարանելու շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կվավերացնե՞ն թուրքերը արձանագրությունները, ձեռնամուխ կլինեն այն գրաֆիկին, որ հաստատվել է` կշարունակենք գործընթացը, չե՞ն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք եւ կանենք այն, ինչի մասին հայտարարել ենք:

- Պարոն նախագահ, Քիշնեւի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ արդեն համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը: Կհաստատե՞ք կամ կհերքե՞ք այս հայտարարությունը:

- Այդ հարցազրույցի մեջ զարմանալին այն չէ, որ Ադրբեջանի նախագահը դժգոհ է բանակցությունների արդյունքներից: Զարմանալին մի քանի մտքերի մեջ է, այդ թվում` նաեւ ձեր ասածի: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել Ադրբեջանի նախագահը, եւ, եթե նկատել եք, հենց այդ պարբերության մեջ որոշակի անորոշություններ կան: Նա չի ասում` ե՞րբ, որտե՞ղ: Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել: Իսկ նա դժգոհ է բանակցությունների ընթացքից եւ արդյունքներից, որովհետեւ մենք քննարկել ենք ընդամենը երկու հարց` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի եւ միջանկյալ կարգավիճակի հարցերը: Իսկ եթե նա դժգոհ է` նրան ոչնչով օգնել չեմ կարող ես այս հարցում:

Մ. Խ.

Նկար 1. Երեկ Մոսկվայում հանդիպեցին ՀՀ նախագահ Սերգսյանը եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4