«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2009-10-09 | #183, 2009-10-10 | #184, 2009-10-13


«ԹՈՒՐՔԻԱՆ ԳԻՏԻ` ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ԵՎ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ»

Հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների ցյուրիխյան ստորագրումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական TRT1 ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները «խաղաղության թուրքական նախագիծ» են, նրա խոսքերով. «Թուրքիան գիտի` ուր է գնում եւ ինչ է անում»:

Միեւնույն ժամանակ Դավութօղլուն շեշտել է, որ արձանագրությունների ստորագրումը չի նշանակում, որ Թուրքիան լքել է Ադրբեջանին. «Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին եւ միշտ էլ կպաշտպանենք նրա իրավունքները: Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, ապա նկատի ունենք ադրբեջանական հողերի ազատագրումը: Անհրաժեշտ է վերադարձնել այդ հողերը, ոչ միայն Ղարաբաղը, այլեւ մնացած բոլոր գրավյալ տարածքները», շեշտել է թուրք նախարարը:

Այն խոսքերը, թե Թուրքիան չի ճանաչում Հայաստանին որպես պետության, Դավութօղլուն հերյուրանք է անվանել. «Թուրքիան ճանաչել է Հայաստանին, եւ մինչեւ 1993-ը մեր սահմանները բաց էին, սակայն հայերի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթումը պատճառ դարձավ դրանք փակելու»:

Հատկանշական է նշել նաեւ, որ եթե թուրքական կողմից արձանագրությունները ներկայացվում են որպես վերոնշյալ «խաղաղության թուրքական նախագիծ», ապա պաշտոնական Երեւանը բազմիցս է նշել, որ հայ-թուրքական մերձեցման առաջին քայլերը «հայկական» են: Ավելին, այս գործընթացը սկսվեց նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ, երբ նա իր թուրք պաշտոնակցին հրավիրեց Հայաստան` ֆուտբոլ դիտելու:

Եվ այսօր, պատասխան խաղի նախօրեին, արդեն իսկ պարզ է, որ Թուրքիա-Հայաստան «խաղը» հոկտեմբերի 14-ին չի ավարտվելու. այն, մեղմ ասած, ֆուտբոլային խաղ էլ չէ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4