«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը մինչեւ ղարաբաղյան հարցի լուծումն ու հայկական զորքերի դուրսբերումը չեն բխում Ադրբեջանի շահերից: Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ է», հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: «Ադրբեջանական կողմը վստահ է եւ հույսը դնում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք հայտարարել են, որ հայ-թուրքական սահմանի բացումը տեղի չի ունենա, մինչեւ չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Հայտարարության մեջ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը գրել է, որ համաձայն է այն մտքին, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում հարաբերություններ հաստատել այլ պետության հետ, «սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, մինչ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, չի բխում Ադրբեջանի շահերից ու բիծ է թողնում երկու եղբայրական պետությունների հարաբերություների վրա, որոնք կապված են պատմական թելերով»: